Ի
պաշտպանություն «Ա1+»-ի կազմակերպված երթն ու հանրահավաքն անցան առանց միջադեպերի
Երթի մասնակիցները հարգեցին ոստիկանների համառ խնդրանքները եւ «Ա1+»-ի շենքի մոտից մինչեւ Մատենադարան տարածքն անցան ոչ թե փողոցով, այլ մայթերով: Անգամ չթեքվեցին դեպի Անկախության հրապարակ, որտեղ պիտի անցկացվեր հանրահավաքը, սակայն քաղաքապետարան հայտ ներկայացնելուց քիչ անց պարզվել էր, որ երեխաները, որոնք սովորաբար հունիսի 1-ին են այնտեղ կավիճներով նկարում, հենց ապրիլի 2-ին նորից են ցանկացել անել դա:
Մատենադարանի մոտ առաջինը ելույթ ունեցավ «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդաշարի վարող եւ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որն անդրադառնալով այն պատճառներին, թե ինչու այժմ չի բացվում «Ա1+»-ը՝ ասաց. «Ընտրություններով իրավիճակը չի լիցքաթափվել ու շարունակում է մնալ լարված: Ուստի, հավանաբար այդ պատճառով՝ իշխանությունները մտածելով, թե մենք պետք է լարենք իրավիճակը՝ թույլ չեն տալիս բացել «Ա1+»-ը»: ՀՌԱՀ-ին նա «կենտկոմի բաժին» անվանեց. «Կենտկոմի առաջին քարտուղարը հրահանգում է, կենտկոմի գաղափարախոսական գծով քարտուղար Ալիկ Հարությունյանը փոխանցում է այդ հրահանգը՝ բաժինն էլ կատարում է»:
«Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց. «Ա1+»-ը փակվեց ընտրություններից առաջ եւ առայսօր չի բացվում, քանի որ այս իշխանություններն ամեն օր սպասում են, թե նորից ընտրություններ են լինելու»: Նա ամոթանք տվեց քաղաքական այն ուժերին, «որոնք իրենց ելույթներում կարեւորում են խոսքի ազատությունը, ասում, թե իրենց դուր էր գալիս «Ա1+»-ը եւ նրա լուրերը, ու ոչի՛նչ չեն անում՝ մատը-մատին չեն խփում այդ հեռուստաընկերությունը բացելու համար: Հետեւաբար, սո՛ւտ են այդ քաղաքական կուսակցություններն ու գործիչները»: Արամ Սարգսյանը հավաստիացրեց, թե շուտով վերաբացվելու է «Ա1+»-ը՝ «Եվ «Ա1+»-ը նորից լինելու է ընդդիմություն եւ ազատ խոսքի ջատագովը»:
ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանն ասաց. «Որպես քաղաքացի, մարդ՝ ոտնահարված են իմ իրավունքները` ստանալու օբյեկտիվ լրատվություն»: «Ա1+»-ի փակումից հետո այլ հեռուստաընկերությունների մասին ասաց, թե նրանք «ծուռ հայելու» մեջ են ներկայացնում իրականությունը. «Նրանց արդարացումն այն է, որ եթե իրենք «Ա1+»-ի պես վարվեն՝ իրենց էլ կփակեն»:
«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած գնահատականով՝ «Ա1+»-ի փակումն, ըստ էության, դարձավ ամփոփ խորհրդանիշը՝ առ ազատ խոսք ՀՀ իշխանությունների վերաբերմունքի»:
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ելույթում համոզմունք հայտնեց. «Եթե երկրում չկա ազատ խոսող հեռուստաընկերություն եւ ռադիոկայան, որոնք պետք է հասարակությանը հասցնեն բոլոր գաղափարները՝ ծայրահեղ աջից մինչեւ ծայրահեղ ձախ, ուրեմն՝ երկիրը ժողովրդավարական չէ: Ցավոք, մեր իրականությունն այդպիսին է»: Ի դեպ, եթե Լեւոն Բարսեղյանը կարծում էր, թե «սպառվել են բոլոր հնարավոր ճանապարհները՝ օրինական եղանակով վերադառնալու եթեր», թերեւս հանրահավաքի կազմակերպիչները չեն կորցրել այդ հույսը: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտնեց, թե «Խոսքի ազատության աջակցության» հիմնադրամը նամակով դիմել է Կապի եւ տրանսպորտի նախարարին. «Մեր պահանջն է՝ ազատ հաճախականության տրամադրում»: Ըստ նրա՝ պատասխանը «կհուշի մեր հետագա քայլերի մասին»:
Ահա այս խաղաղ ակցիան կանխելու համար էին մեկ շաբաթ շարունակ ոստիկանություն եւ դատախազություն կանչում հանրահավաքի կազմակերպիչներին: Եվ Մատենադարանի մոտ էլ տասնյակ բարձրաստիճան ոստիկաններ կային՝ Կենտրոնի ոստիկանապետից մինչեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյան: Վերջինս մեր հարցին՝ արդյոք կարիք կա՞ր ոստիկանական ուժեր եւ այլ միջոցներ կիրառելու, պատասխանեց. «Այստեղ կա առավելագույնը 50 ոստիկան: Սա նվազագույնն է բոլո՛ր հանրահավաքների համար: Երթի ճանապարհին էլ՝ խաչմերուկներում ձեր անվտանգությունն էին միայն ապահովում, չի եղել որեւէ քաշքշուկ, կոպիտ վերաբերմունք»: Իսկ առանց համազգեստի քանի՞ ոստիկան կա: «Երեւի մի 10-15»,- պատասխանեց պրն Վարյանը: Հիշեցրինք, թե հանրահավաքի նախապատրաստման փուլում էր ավելի կոշտ վերաբերմունք դրսեւորվել՝ նախապայմաններ էին առաջադրվել, սպառնալիքներ հնչել, ու Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը հայտարարել էր, թե իրեն հենց դրա համար էլ նշանակել են, որ ձեռնարկի նման միջոցներ: Ի պատասխան ոստիկանության պետի տեղակալն ասաց, թե քանի որ քաղաքապետարանը չէր թույլատրել «Ա1+»-ին անցկացնել երթ՝ «Դրա համար էլ Կենտրոնի բաժնի պետը կանչել ու զգուշացրել էր, որ պիտի քայլեն մայթերով, չփակեն ճանապարհը եւ երթեւեկությունը»: Սակայն հարց է մնում, թե արդյոք որեւէ մեկն իրավունք ունի՞ խաղաղ երթ արգելելու, երբ դա սահմանադրական իրավունք է, որը սահմանափակող օրենքն առայժմ ընդունված չէ: «Բայց եթե նոր օրենք չկա, ո՞ր օրենքով են առաջնորդվում,- հարցրեց Հովհաննես Վարյանը եւ ինքն էլ պատասխանեց:- Հի՛ն օրենքով»: Խոսքը թերեւս գոյություն չունեցող ՍՍՀՄ-ի 1988-ին ընդունված մի օրենսդրական ակտի մասին էր:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ