Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Ապրիլ 02,2004 00:00

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ Այս խորագիրն էր կրում հայաստանցի 13 երգիծանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որ երեկ բացվեց Հայաստանի նկարիչների միությունում։ Եթե անցած ապրիլի 1-ին կազմակերպված համանման ցուցահանդեսի թեմատիկան բազմազան էր, ապա այս մեկը խիստ որոշակի էր՝ ահաբեկչություն։ Հեղինակները, որ հայ երգիծանկարիչների բոլոր սերունդների ներկայացուցիչներ են, վաղուց եւ քաջ հայտնի են հասարակությանը՝ հատկապես ընթերցասեր հատվածին. Ցոլակ Կանթեղ, Դավիթ, Արզո, Տոտո, Ագնես եւ այլք։ Այս հեղինակների աշխատանքները ներկայացվել են միջազգային մրցույթ – փառատոներում, նաեւ հաղթել։ Բացելով ցուցահանդեսը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ երգիծանկարիչների պարգեւած ժպիտն ու խանդավառությունն են, որ «կյանք են տալիս, պահում են մեզ»։ «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանն էլ կարծիք հայտնեց, թե «ծաղրանկարները կարող են պատերազմը դադարեցնել եւ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»։ Ցուցահանդեսի թեման պատահական չէր ընտրված։ Ըստ Արզոյի. «Աշխարհը ահուսարսափի մեջ է։ Ամեն քայլափոխի տեղի է ունենում անսպասելի մի բան։ Մարդ չգիտի, թե ինչ կլինի։ Մենք էլ մեր ձայնն ենք հասցնում հասարակությանը՝ պետք է վերջ տալ տեռորին, ականազերծել։ Մենք՝ մեր ձեւով՝ հայկական»։ Տոտոն էլ համակարծիք էր իր գործընկերոջ հետ։ Ճիշտ է, ՀՀ-ում ահաբեկչական դրսեւորումները բարեբախտաբար հաճախակի չեն, սակայն «ահաբեկչությունը բոլորիս ցավն է։ Մենք ծիծաղն ենք զենք դարձրել ու ծիծաղում ենք նրանց վրա, ովքեր ահաբեկչություն են կազմակերպում։ Կարեւորը՝ իմանանք հիվանդի հիվանդությունը։ Եթե ախտորոշենք՝ կիմանանք, թե ինչպես բուժել։ Այսօր հասարակությունը հիվանդ է։ Ինչո՞վ՝ փորձում ենք բացահայտել, գտնել այն պատճառները, որոնցից առաջանում են չարիք, բռնություն, ահաբեկչություն։ Սա է մեր խնդիրը»։ Ընդամենը վերջերս է ստեղծվել Հայաստանի երգիծանկարիչների միությունը, որն առայժմ 13 անդամ ունի։ Ըստ Տոտոյի, «մեր բանակը գնալով համալրվելու է։ Ցավոք, չունենք երգիծանքի դպրոց։ Բայց դպրոց կստեղծենք։ Ցավոք, Հայաստանից «Եվրոհումոր» հեղինակավոր կազմակերպության անդամ ենք միայն ես եւ Վլադիմիր Աբրոյանը։ Ամոթ մեզ»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել