Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում է քրեական գործ հարուցել

Ապրիլ 02,2004 00:00

Պահանջում է քրեական գործ հարուցել Սույն նամակը ուղարկված է ինչպես «Առավոտ» թերթին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին։ 1999-ի հունիսի 9-ին, ժամը 17-18-ի սահմաններում, ազգային անվտանգության նախարարության «Ալֆա» ջոկատը, թվով 10 հոգի, մի քանի մեքենաներով, Սերգեյ Սարուխանյանի եւ նրա տեղակալ Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ, հարձակվեցին 50% ինձ եւ 50% եղբորս պատկանող «Հազար ու մի մանրուք» (Թումանյան 24) խանութի վրա, որի տնօրենն էի հիմնադրման օրից։ Ջարդելով ապակիները, նրանք ներխուժել են խանութ, առանց որեւէ հայտ, փաստաթուղթ, փաստարկ ներկայացնելու ծեծել են ինձ, պառկեցրել գետնին, ձեռնաշղթաներ հագցրել, բարձել են շտապօգնության մեքենաները, անվտանգության նախարարության մեքենաների ուղեկցությամբ ինձ եւ երկու եղբայրներիս տեղափոխել Աղի հանքի մոտ գտնվող հոգեբուժական հիվանդանոց, իսկ քրոջս եւ իր մեծ աղջկան՝ Աշտարակ քաղաքի հիվանդանոց։ Ինձ 4 օր պահելուց հետո տեղափոխել են Նորքի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ պահել են եւս 30 օր եւ իմ կամքին հակառակ «բուժումներ» կատարել։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո ստիպել են իմ ունեցվածքի մի մասը ԱԱՆ աշխատակիցների ներկայությամբ «նվիրատվություն» ձեւակերպել։ Խանութի ողջ գույքը, ապրանքային մնացորդը հանձնել եմ Ատոմ Թադեւոսյանին։ Այսպիսի բովանդակության դիմում-բողոքով 2001-ի օգոստոսի 15-ին դիմել եմ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովին (նամակների բաժնում գրանցված է 15.08.01թ., թիվ 4-4692), որի պատասխանը մինչ օրս չեմ կարողանում ստանալ։ Օգոստոսի 17-ին դիմել եմ նաեւ ազգային անվտանգության նախարարին, նրանք նույնպես հրաժարվել են պատասխանել։ Բողոքիս 2001-ի օգոստոսի 18-ին անդրադարձել է միայն «Առավոտը»։ Խնդրում եմ հարուցել քրեական գործ, մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ, վերականգնել ինձ հասցված նյութական եւ բարոյական վնասները։ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Պատրաստակամ ենք տպագրել ՀՀ գլխավոր դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության պատասխանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել