Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ

Ապրիլ 02,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ Սա է ՀԿԿ-ի դիրքորոշումը ՀԿԿ դիրքորոշումը ներքաղաքական կյանքի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանություններ ստացավ։ Երեկ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, թե, ի վերջո, ինչ մոտեցումներ է որդեգրել ՀԿԿ-ն։ «Առանձին ԶԼՄ-ների կողմից աղավաղվում է ՀԿԿ-ի դիրքորոշումը։ Մարտի 3-ին ընդունած մեր հայտարարությունում մենք հստակ ենք արտահայտվել։ Մենք երբեք չենք դատապարտել ընդդիմության գործունեությունը եւ չենք էլ պատրաստվում դատապարտել։ Ընդհակառակը, աջակցելու ենք ընդդիմությանն իշխանափոխության հարցում։ Դրա հետ մեկտեղ, անպայման հասնելու ենք նրան, որ իշխանափոխությունն իր հետ բերի համակարգային փոփոխություններ, որոնց հիմքում պետք է դրվեն սոցիալիստական գաղափարախոսության հիմնական պահանջները»,- «Առավոտին» փոխանցեց Ռ. Թովմասյանը։ Պրն Թովմասյանը հավաստիացնելով, որ ՀԿԿ-ն պաշտպանելու է «Արդարության» եւ «Ազգային միաբանության» «բոլոր տեսակի եւ տիպի գործողությունները», համոզմունք հայտնեց, թե ընդդիմությունը (այդ թվում եւ ՀԿԿ-ն – Ն. Գ.) թույլ չի տա, որ արյունահեղություն լինի։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա ըստ Ռ. Թովմասյանի, Գյումրիի դեպքերն ապացույց էին, որ նրանք պատրաստ են ամեն տեսակի սադրանքների։ Բայց խորհուրդ է տալիս սթափ լինել ու գիտակցել, որ «իրենց ու ժողովրդի միջեւ այնպիսի անդունդ է առաջացել, որ այլեւս ետ վերադառնալու ճանապարհ չկա։ Ողջախոհ եղեք ու հանուն աթոռների՝ բախտախնդրության մի գնացեք»։ Նաեւ՝ «բարձր գնահատելով զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վերջին 15 տարիների գործունեությունը, կոչ ենք անում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելուց»։ Կոմունիստները նաեւ դատապարտում են իշխանությունների անհարկի եւ հրահրիչ հայտարարությունները ընդդիմադիր պատգամավորների եւ ակտիվիստների վերաբերյալ։ Գտնում են, որ դրանք առավելագույնս սրում են քաղաքական իրավիճակը՝ տանելով անկանխատեսելի հետեւանքներով առճակատման։ Իսկ նման պարագաներում Ռ. Թովմասյանը վստահեցնում է, որ «մենք լինելու ենք ժողովրդի կողքին, պաշտպանելու ենք ժողովրդին, առաջնորդելու ենք ժողովրդական այն բոլոր շարժումները, որոնք ուղղված կլինեն իշխանությունների դեմ, կոչ ենք անելու չենթարկվել իշխանությունների կողմից սադրանքների»։ «Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ՝ «ժողովրդի մի հատվածին չի կարելի հանել մյուս հատվածի դեմ» ձեր իսկ արտահայտությունը» հարցին Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, կա՞ որեւէ քաղաքական գործիչ, որն ասի՝ ժողովրդին ժողովրդի դեմ պետք է հանել։ Այսօր էլ եմ ես այդ կարծիքին եւ համոզված եմ, որ դրա կարիքը չի լինի։ Ժողովուրդը միակամ գնալու է իշխանափոխության»։ Ինչ վերաբերում է ՀԿԿ-ի առաջնորդի հանդիպումներին «Արդարության» եւ ԱՄ-ի առաջին դեմքերի հետ, տեղեկացանք, որ դրանք դեռ շարունակվում են. «ՀԿԿ-ն գործելու է նրանց հետ համատեղ»,- ասաց պրն Թովմասյանը։ Նա նաեւ ի լուր ժողովրդի դատապարտեց ու «անարգանքի սյունին» գամեց «սոցիալիստական գաղափարախոսությունը, բանվոր դասակարգին, աշխատավոր մարդկանց շահերին դավաճանած, մեր շարքերից հեռացված՝ «կոմունիստական» դիմակով հանդես եկող բուրժուական իշխանություններին պաշտպանող, ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների կոչող» միավորվածներին։ Կեղծարարները երկրի քաղաքական կյանքում քարշ գալով ապագա ունենալ չեն կարող։ Ժողովուրդը, բանվոր դասակարգը դեռեւս իր արժանի գնահատականը կտա դրան»,- ավարտեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել