Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի կառույցները քանդելու փող չկա

Ապրիլ 02,2004 00:00

Ապօրինի կառույցները քանդելու փող չկա Քաղաքապետը հրաժարվում է իր «նախընտրական խոստումից» Լրագրողների հետ հանդիպումը Երվանդ Զախարյանը սկսեց 9-ամսյա աշխատանքի հաշվետվությամբ, որն ակներեւաբար պետք էր ընդունել հումորի օրվա խորհրդի շրջանակներում։ Ներկայացվածից ելնելով ստացվում է, որ մեր մայրաքաղաքում վերջին ամիսներին բոլորը վճարում են հարկերը, թույլ չեն տալիս ապօրինություններ, մի խոսքով՝ գնում են դեպի պայծառ ապագա։ Այդ «պայծառ ապագայի քաղաքում» տեղ են գտնելու եւս 700-800 նոր միկրոավտոբուս ու 450-500 ավտոբուս, ինչը, բնականաբար, զգալիորեն «կբարելավի» Երեւանի էկոլոգիական վիճակը: Փոխարենը, բավականին հստակվել է Նորքի անտառներում ապօրինի հողազավթումների ճակատագիրը. առաջիկա 15-20 օրերի ընթացքում, կառավարության որոշմամբ, հիշյալ տարածքը «Հայանտառից» կանցնի քաղաքապետարանին։ «Առավոտն» արդեն տեղեկացրել է այն մասին, որ Նորքի անտառներում անցյալ տարիներին տարածքները ոչ միայն զավթվել են, այլեւ հատկացվել՝ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերով, ինչն Անտառային օրենսգրքի կոպիտ խախտում է։ Այսինքն, կամ այն ժամանակ քաղաքային իշխանությունները գիտեին սպասվելիք որոշման մասին, կամ էլ հողատերերն այնքան ազդեցիկ էին, որ կարողացան «Հայանտառից» պոկել ու վաճառքի համար օրինական դարձնել մի ահռելի տարածք։ Պարզաբանելով «Առավոտի» այս հարցը, Ե. Զախարյանը չբացառեց, որ քաղաքապետարանի ենթակայության տակ կանցնեն ոչ միայն Նորքի 80 հեկտարը, այլեւ մայրաքաղաքի սահմանագծում գտնվող անտառային բոլոր տարածքները (1027 հա)։ Դրանց մի մասը կօգտագործվի գյուղատնտեսական, մի մասը՝ քաղաքաշինական, մի մասն էլ՝ անտառշինական նպատակներով։ Խնդրի առնչությամբ հանրապետության գլխավոր բնապահպան Վարդան Այվազյանը մեզ ծանուցեց. «Կան օբյեկտիվ պատճառներ։ Այդ հողերը Սարի թաղի եւ Նորք-Մարաշի բնակիչներն այգեգործական նպատակներով են փորձել օգտագործել, նույնիսկ կառույցներ կան, որոշ տարածք հատկացված է գերեզմանոցի համար եւ այլն։ Մի քանի անգամ փորձեցինք անտառատնկում անել, բայց ամեն անգամ ամռանը հարակից բնակավայրերից անասուններ են մտել տարածք, վնասել տնկիները։ Մի խոսքով, ավելի ճիշտ է, որ որոշակի հատված ծառայի քաղաքաշինական նպատակների, իսկ դրանից ստացված եկամուտով մնացած տարածքներում կատարվեն անտառստեղծման աշխատանքներ»։ Երեւանի քաղաքապետին խնդրեցինք պարզաբանել, թե Հրազդանի կիրճում հաշվված 450 մլն դրամ վնասի ո՞ր մասն է փակվելու կիրճի օբյեկտատերերի գրպանից։ Պարզվեց՝ հստակ չէ։ Իսկ մենք կարծում ենք՝ ամբողջը։ Քաղաքապետարանը փոխհատուցում է պահանջելու ոչ միայն այն սեփականատերերից, ում կառույցն ավարտին է հասցվել նախագծային կոպիտ խախտումներով, ինչը նպաստել է ջրհեղեղի աղետալի հետեւանքներին, այլեւ օրինական փաստաթղթերով օբյեկտատերերից։ Սակայն, ըստ քաղաքապետի, «նրանք էլ են աշխատում կիրճում եւ իրենց շահերից էլ է բխում կիրճի վերականգնումը»։ Կարծում ենք, այդքանից 450 միլիոնը կհավաքվի։ Էլ ավելի արտառոց էր Օղակաձեւ զբոսայգում նախագծերից շեղված շինությունների քանդման ժամկետի մասին մեր հարցի պատասխանը. «Դա քաղաքի բյուջեից է կախված։ Եթե այսօր էլ համապատասխան միջոցներ ունենայինք, Օպերայի տարածքի կառույցները կվերանայեի»։ Ստացվում է, ինչ-որ մեկի ապօրինությունն ուղղելու համար պետք է վճարի ժողովո՞ւրդը։ «Իսկ եթե, այնուամենայնիվ, ժողովուրդը փող հավաքի՝ կքանդե՞ք»՝ մեր կեսկատակ հարցին քաղաքապետը հակադարձեց. «Չի հավաքի։ Բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել։ Ապօրինի կառույցներ կան ու ժամանակը գա՝ դրանք կվերացնենք»։ Հիշեցնենք՝ իր նշանակման առաջին օրերին Ե. Զախարյանը հայտարարեց, որ սկսել է վերանայել Օղակաձեւ զբոսայգու բոլոր օբյեկտների փաստաթղթերը: Երեւում է, վերանայելուց հետո քաղաքապետը հասկացել է, որ ապօրինի շինությունների վերացման ժամանակը դեռ չի եկել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել