Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՅՍՕՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՈՐԾԵԼ»

Ապրիլ 02,2004 00:00

«ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՅՍՕՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՈՐԾԵԼ» Երեկ երեկոյան Վրաստանի հասարակական կապերի ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանն ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Նա պատմեց, որ ընդդիմության մեջ եղած ժամանակ, նույնիսկ խորհրդարանի նախագահ, անվտանգության խորհրդի անդամ լինելով ինքը չէր պատկերացնում, թե ինչ ծանր ժառանգություն են ստացել Շեւարդնաձեից: Վերջինիս հրաժարականի հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն իրեն հայտնել է, որ բանակն ունի ընդամենը երկու օրվա սննդի պաշար: «Ես շոկի մեջ էի. դա նշանակում է, որ երեք-չորս օր հետո բանակը փողոց դուրս կգա: Իսկ գանձարանը լրիվ դատարկ էր: Ինձ համար կարեւոր էր, որ երկրում ինչ-որ կայունություն լինի եւ նորմալ անցկացնենք նախագահական ընտրությունները: Հասանք դրան: Գուցե իմ առջեւ քիչ նպատակներ էի դրել, այնուամենայնիվ արեցինք»,- ասաց Բուրջանաձեն: Նոր խորհրդարանի առաջիկա նիստի օրակարգի մասին խոսելիս ասաց, որ երկիրն այն վիճակում է, որ դժվար է առաջնահերթություն տալ որեւէ հարցի, բոլորն են կարեւոր: Սակայն նշեց «Վրաստանի տարածքային կարգավորման մասին» օրենքի եւ «Հարկային օրենսգրքի» ընդունման անհրաժեշտությունը: Վրաստանի նոր կառավարությունը առանձին բանկային հաշիվներով պահում է պետության գումարների հափշտակության համար մեղադրվող նախկին պաշտոնյաներից դատախազության վերջերս գանձած գումարները: Բուրջանաձեն հայտնեց, որ դրանք բյուջե մտցնել չեն կարող, խորհրդարանը առաջին նիստերում պետք է որոշի նաեւ դրանց ճակատագիրը: «Ուրախ կլինեինք խորհրդարանում ցանկացած ընդդիմադիրի հայտնվելու համար. ավելի լավ է բոլոր քննարկումները լինեն պառլամենտում, ոչ թե փողոցում»,- ասաց Բուրջանաձեն: Ընդհանրապես «պառլամենտը պետք է գործող լինի, ընդդիմադիր՝ գործադիր իշխանությանը եւ նորմալ, գործնական հարաբերություններ ունենա նախագահի հետ»: Ըստ որոշ տեղեկությունների, Աջարիայից մարդիկ պատրաստվում են գալ Թբիլիսի ԿԸՀ-ի առջեւ բողոքի ցույց անցկացնելու: «Ես չեմ ուզի, որ Աջարիայից գան այստեղ բողոքի ցույց անցկացնելու. նրանք այդ հիմքը չունեն»,- ասաց խոսնակը: Սակայն եթե գան, տիկին Բուրջանաձեն հավաստիացնում է, որ իշխանությունը թույլ կտա նրանց խաղաղ ու հանգիստ բողոքել: «Ոչ ոք մեզ չի կարող խանգարել Աջարիայից պահանջելու պետական գանձարան հարկեր մուծել»,- անդրադառնալով Կարսի պայմանագրին, ասաց Բուրջանաձեն: Կարսի պայմանագիրն, ըստ նրա, այսօր չի կարող գործել: «Ոչ մի կենտրոնական իշխանություն չի հանդուրժի այն վիճակը, որը կար Շեւարդնաձեի օրոք Աջարիայում: Սակայն այդ ամենը քաղաքակիրթ պետք է անել, ոչ թե այնպես, ինչպես Օսեթիայում, Աբխազիայում»: Երկրի նոր դրոշի կապակցությամբ եղած մտավախությունները, թե այլ ազգի եւ կրոնի իրենց քաղաքացիները չեն ընդունի քրիստոնեական խորհրդանիշը, ըստ խոսնակի, չեն արդարացել. «Դուք տեսաք, թե ինչպես էին Մառնեուլիում, որտեղ հիմնական բնակչությունը ադրբեջանցի է, ընդունում այդ դրոշով գնացած Սահակաշվիլուն եւ իրենք էլ թափահարում էին դրանք»: Վրաց ապագա պետծառայողներից մեկին հետաքրքրում էր խորհրդարանի խոսնակի վերաբերմունքն այն հանգամանքին, որ պետծառայողին աշխատավարձ է տալիս արտասահմանյան կազմակերպությունը: «Իհարկե լավ է, երբ քո երկիրն այն վիճակում է, որ ինքդ ապահովես: Սակայն դա միակ ելքն էր չինովնիկների աշխատավարձը բարձրացնելու»,- ասաց Բուրջանաձեն: Ու քանի որ Սորոսի հիմնադրամը տիկնոջ կարծիքով բազմասուբյեկտ է, «դրա համար էլ չի կարելի ասել, որ Սորոսն է մեզ ֆինանսավորում»: Ռուսական ռազմաբազաները, Բուրջանաձեի կարծիքով, միանշանակ պետք է հեռանան Վրաստանից: «Այդ մասին եւ ես, եւ Սահակաշվիլին խոսել ենք Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Դա միանգամից հնարավոր չէ անել, սակայն մենք 10-14 տարի չենք հանդուրժի, իսկ 2-3՝ այո»: Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին թերեւս խոսուն է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետեւյալ արտահայտությունը. «Վրաստանում այդպիսի պրեզիդենտ չի եղել, որ Ռուսաստանին դուր գա»: Իսկ ռուսական կապիտալը, եւ ընդհանրապես որեւէ կապիտալ, եթե մուտք է գործում Վրաստան, ապա, ըստ Բուրջանաձեի, դա պիտի լինի միայն Վրաստանի տնտեսությունը զարգացնելու համար: Խոսնակն իր գոհունակույթունը հայտնեց իրենց էներգահզորությունների բաժնետեր ռուսական կողմից, մասնավորապես Չուբայսից, որը բոլոր հիմքերն ուներ պարտքերի համար անջատելու էլեկտրամատակարարումը, սակայն հեղափոխության ժամանակ դա չարեց: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել