Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պաշտպանվում է»

Ապրիլ 02,2004 00:00

«Իշխանությունը պաշտպանվում է» Այսօր կայանալիք ի պաշտպանություն «Ա1+»-ի երթից ու հանրահավաքից օրեր առաջ ոստիկանության եւ դատախազության մարմինները շարունակ կանչում էին նախաձեռնողներին, զգուշացումներ անում, նախապայմաններ առաջադրում եւ այլն: «Առավոտը» երեկ կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերից հետաքրքրվում էր՝ մի՞թե իշխանության հիմքերն այն աստիճանի են թույլ, որ դրանք կարող է սասանել անգամ խոսքի ազատությանը նվիրված երթը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ի պատասխան ասաց. «Փաստորեն ինչպես հենց սկզբից քաղաքական դաշտում գործառույթների սկիզբ դարձավ «Ա1+»-ը՝ սա էլ դիտարկվում է որպես փորձնական միտինգ, իբրեւ թե ազատ մամուլի, որ տեսնեն՝ եթե ժողովուրդ հավաքվի, ապրիլի 5-ին կհայտարարեն, թե երբ է լինելու մյուս հանրահավաքը»: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ուղիղ հակառակը: Բանն այն է, որ ընդդիմությունը հիմա արդեն քաղաքական պայքար չի մղում, ցավոք սրտի: Այն փուլում, երբ այն իսկապե՛ս քաղաքական պայքար էր մղում՝ ընդդիմությունն ազատ էր իր բոլոր հանրահավաքներում, ի՜նչ ասես ասում էին ԱԺ ամբիոնից, գրում էին իրենց թերթերում, ի՜նչ ասես ասում էին «Ազատություն» ռ/կ-ով ու որեւէ պրոբլեմ չկար բացարձակապես: Բայց երբ իշխանությանը պատերազմ են հայտարարում, սպառնում, թե «կարմիր հեղուկի» առջեւ չենք կանգնի, որեւէ նահանջի եզր չկա եւ ոչ մի կամուրջ հնարավոր չէ գցել՝ միայն ու միայն հեռացում, միայն պատերազմ՝ իշխանությունն այդ ժամանակ սկսում է պաշտպանվել»: Հիշեցրինք, թե մեր հարցն «Ա1+»-ի մասին էր, ոչ ընդդիմության: «Նույնն է՝ որեւէ տարբերություն չկա,- պատասխանեց նա:- Նրանք, ովքեր պատրաստվում են անցկացնել այդ միտինգը՝ պատերազմ են հայտարարել իշխանությանը: Իշխանությունն էլ պաշտպանվում է»: Եվ միայն ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էր, որ կարելի է ասել, թե կիսադատապարտեց կատարվածը. «Չեմ կարծում, թե պետք էր կանչել ու ինչ-որ բաներ ասել»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել