Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք խախտել են հիմնական սկզբունքը»

Ապրիլ 02,2004 00:00

«Իրենք խախտել են հիմնական սկզբունքը» Ասում է Արամ Զ. Սարգսյանը – Պարոն Սարգսյան, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Արդարություն» դաշինքի եւ նրան հարողների դեմ։ Նման իրավիճակում որո՞նք են լինելու ձեր անելիքները։ – Կան մարդիկ, որոնց կենսագրությունը ուղղակիորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իրենք գիտեն, որ եթե Ռոբերտ Քոչարյանը հեռացումից հետո կարող է գնալ մեկ այլ երկրում ապրել, իրենք չեն կարող, իրենք այդ հնարավորությունը չունեն եւ հենց այդ պատճառով էլ ջանասիրաբար իրենց բջջային ծառայություններն են մատուցում Ռ. Քոչարյանին։ – Սակայն չի բացառվում, որ խորհրդարանական մեծամասնությանը պարտադրվի «կողմ» քվեարկել «Արդարություն» խմբակցությանը ամբողջ կազմով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին եւ ձերբակալել։ Ի՞նչ եք անելու։ – Ես մնում եմ իմ տեսակետին։ Այդ ամենը համարում եմ անլուրջ։ Դուք գերագնահատում եք իրենց հնարավորությունները։ Եթե իրենք կարող են ամբողջ «Արդարություն» խմբակցությունը զրկել մանդատներից եւ ձերբակալել, թող անեն։ Որեւէ պրոբլեմ չեմ տեսնում։ Բազմիցս ասել եմ, նորից եմ ուզում կրկնել՝ այս իշխանություններն ինչ անեն, ընդդեմ իրենց է ուղղվելու, որովհետեւ իրենք խախտել են հիմնական սկզբունքը։ Այս իշխանությունը չունի ո՛չ արտաքին, ո՛չ ներքաղաքական ռեսուրս։ Իրենք իրենցով մի 15 մարդ են։ Համոզված եմ, որ այդ 15-ից 7-8-ը իշխանափոխությունից հետո կհայտնվեն ճաղավանդակի ետեւում եւ համապատասխան ցուցմունք կտան իրենց շեֆերի դեմ։ – Սակայն ձեր ասած 10-15 մարդու ձեռքին են այսօր բոլոր լծակները. ե՛ւ ֆինանսական, ե՛ւ ուժային։ – Համաձայն եմ ձեզ հետ։ Հենց այդ պատճառով էլ ուզում ենք իշխանափոխություն անել, այսինքն՝ հաստատել օրինական իշխանություն։ Որովհետեւ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե 10-15 մարդու։ Եվ աշխարհն էլ մեզ հասկանում է, իրենց չի հասկանում։ – Ըստ որոշ կարծիքների՝ դատախազության որոշումը՝ դաշինքի դեմ քրգործ հարուցելու մասին, համաձայնեցված է եղել եվրոպական կառույցների հետ։ – Բառիս բուն իմաստով, սուտ ինֆորմացիա է։ Ես հանդիպել եմ ԵԽ Կովկասի գծով հանձնակատարի, մի շարք այլ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ, բավականին երկար զրույց եմ ունեցել։ Եվ եվրոպացիք իրենց պահվածքով ու մոտեցումներով ամբողջովին ընդդիմության կողմնակիցն էին եւ քննադատությունների այն ցանկը, որ ես ներկայացնում էի, իրենք ոչ թե հերքում էին, այլ՝ լրացնում էին։ Նույնիսկ Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված մենք եկանք այն ընդհանուր համոզմունքին, որ հարցը կլուծվի այն դեպքում, երբ տարածաշրջանում լինի ժողովրդավարություն։ Այնպես որ, բացառում եմ ձեր ասածը եւ վստահ եմ, որ այդպիսի կարծիքներ տարածողները ուղղակիորեն ստում են։ – Մեկ այլ տարածված լուր. ըստ որի ԱՄՆ-ն Հայաստանում ժողովրդական շարժումը ճնշելու համար իշխանությանը դուբինկաներ եւ այլ տեխնիկա է առաջարկել, իսկ իշխանությունները հրաժարվել են, ասելով, որ իրենք դրանցից շատ ունեն։ – Սարսափած մարդը միշտ էլ նման բաներ է տարածում։ Ուղղակի անհեթեթ է։ Միացյալ Նահանգները իր տեսակետը հստակ արտահայտել է ե՛ւ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, ե՛ւ դրանից հետո։ Այդ տեսակետը իշխանությունները չեն ընդունել, որովհետեւ իրենց ձեռնտու չէր։ Այսօր Հայաստանի իշխանությունը պատերազմ է հայտարարել ոչ թե իր ժողովրդին, այլ ամբողջ աշխարհին։ Եվ անհարմար է այլ երկրների անունից սուտ տեղեկատվություն տարածել։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել