Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՁԵՌՆՄԽԵԼԻ

Ապրիլ 02,2004 00:00

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն ՁԵՌՆՄԽԵԼԻ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ պատասխանեց մի քանի լրատվամիջոցների հարցերի: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին տրված պատասխանները: Բավական էր, որ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեր. «Ընդդիմության գործողություններում առկա են «Քրեական օրենսգրքով» նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, մասնավորապես հնչում են բռնությամբ իշխանափոխություն իրականացնելու կոչեր, արձանագրվում իշխանության ներկայացուցիչներին վիրավորանք հասցնելու փաստեր»՝ հաջորդ օրն իսկ տարածվեց դատախազության համահունչ հաղորդագրությունը: Մեր հարցին՝ «Արդարության» դեմ քրգործի հարուցումը հրահանգված էր նախագահական նստավայրի՞ց, եւ արդյոք սա այն մտավախությունների ապացույցը չէ, որոնք կային Աղվան Հովսեփյանի նշանակումից հետո, թե նա կսկսի քրգործեր հարուցել Քոչարյանի քաղաքական հակառակորդների դեմ՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Հանրահավաքներ եղել են մինչեւ իմ նշանակումը: Ոստիկանության մարմինների կողմից նյութեր են նախապատրաստվել, եւ դրանք պարբերաբար ամփոփվել են ՀՀ դատախազությունում՝ մինչեւ իմ նշանակումը: Այդ նյութերը, որոնք հիմք հանդիսացան քրգործ հարուցելու, նախապատրաստվել են ավելի վաղ: Իսկ ես՝ որպես գլխավոր դատախազ պարտավոր եմ կատարել օրենքով ինձ վրա դրված բոլոր պարտականությունները»: Մեր հարցին՝ կա՞ն գործով կասկածյալներ, ո՞ւմ նկատմամբ է հարուցվել գործը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Քրգործը հարուցված է փաստի առթիվ: Քննչական խմբի խնդիրներն են՝ մանրամասն հետազոտել բոլոր ապացույցները՝ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ նրանց հարող անձանց ելույթները, վերլուծել դրանց բովանդակությունը, հարցաքննել հանրահավաքների մասնակիցներին, այդ ելույթները հնչեցրած անձանց եւ ըստ ապացույցների արդեն որոշակիացնել յուրաքանչյուրի արարքը»: Մեր դիտարկմանը, թե դատելով դատախազության հաղորդագրությունից, որում թվարկված են այն վայրերը, որտեղ «Արդարությունն» արել է «իշխանությունը զավթելու» եւ այլ կոչեր՝ այդ ելույթներն արդեն իսկ հետազոտված ու վերլուծված են, պրն Հովսեփյանն արձագանքեց այսպես. «Իհարկե՛, մեզ մոտ կան ելույթների ձայնագրություններն ու տեսագրությունները, վերծանությունները, բայց որպեսզի խուսափեմ անմեղության կանխավարկածը ոտնահարելուց՝ թույլ տվեք այդ մասին ասել միայն քրգործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներից հետո»: Այսուհանդերձ՝ քիչ անց մանրամասնեց. «Ընդդիմության ներկայացուցիչների կոչերում ակնհայտորեն կան արտահայտություններ, որոնք վիրավորում են իշխանավորների անձը, նրանց պատիվն ու արժանապատվությունը, կոչեր են արվում կոտրելու նրանց գլուխն ու ողնաշարը՝ ես ուղղակիորեն մեջբերումներ եմ անում ելույթներից»: Նկատեցինք, թե խոսվել է վարչակարգի ողնաշարը ջարդելու մասին: Գլխավոր դատախազը համաձայնեց եւ լրացրեց՝ «նաեւ ղարաբաղյան կլանի, ուղղակի անուններ էլ են տրվել»: Եվ մեջբերումներից հետո նշեց, թե դատախազական համակարգը պետք է «օրենքով պահպանվող արժեքների նկատմամբ ցուցաբերի դարձյալ օրենքով նախատեսված միջոցառումներով անհրաժեշտ պաշտպանություն»: Հետագա խոսքի համատեքստից պարզ էր, որ «արժեքներ» ասելով Աղվան Հովսեփյանը նկապատասխանները:տի ուներ երկրի հասարակական, պետական ու սահմանադրական կարգը: Սակայն «Արդարության» դեմ գործը հարուցվել է նաեւ ՔՕ 318 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելը: Իսկ սա միջազգային կառույցների կողմից նոր «Քրեական օրենսգրքում» ամենաշատը քննադատված հոդվածներից է, քանի որ նախ՝ խտրական մոտեցում կա հասարակ քաղաքացիներին եւ իշխանության ներկայացուցչին հասցված վիրավորանքների միջեւ, եւ բացի այդ՝ նախատեսվում է ազատազրկում, մինչդեռ եվրոպական կառույցներն անընդհատ պահանջում են ապաքրեականացնել այն կամ գոնե վերացնել ազատազրկումը: Մեր հարցին՝ մտավախություն չունի՞, որ այս հոդվածի կիրառումը եւս մի զարկ կհասցնի Հայաստանի ժողովրդավարության առանց այն էլ կասկածելի վարկին՝ պրն Հովսեփյանը պատասխանեց. «Ո՛չ, մտավախություն չունեմ, քանի որ նույն Եվրոպայի մի շարք պետությունների «Քրեական օրենսգրքերում» կա այս հոդվածը: Քաղաքացուն եւ իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելը էապես տարբեր հանցագործություններ են: Մի դեպքում ուղղակի անձնական նկատառումներով է վիրավորանք հասցվում քաղաքացուն, իսկ մյուսում՝ ոչ անձնական անբարյացակամ հարաբերություններից ելնելով, այդ դիտավորությունն ուղղված է հենց իշխանավորի դեմ՝ կապված նրա ծառայական պարտականությունները կատարելու հետ»: Գլխավոր դատախազը հաղորդեց իր ձեռնարկած այլ միջոցառումների մասին: Մարտի 31-ին գրություններ է հղել ԱԺ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին: Արթուր Բաղդասարյանին մասնավորապես գրել է, թե «Արդարության» եւ «Ազգային միաբանության» անդամները «ստանալով ընտրողների քվեն եւ ձեռք բերելով պատգամավորի կարգավիճակ, օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու փոխարեն, պարբերաբար թույլ են տալիս հանցավոր արարքներ», ուստի միջնորդել է ձեռնարկել «համարժեք միջոցներ ԱԺ կանոնակարգի 18 հոդվածի 1-ին մասի «զ» եւ «ժդ» կետերին համապատասխան»: Ըստ այդմ՝ ԱԺ նախագահը պիտի հանդես գա պաշտոնական հաղորդագրությամբ կամ հրավիրի քաղաքական խորհրդատվություններ: Նշենք, որ «Դատախազության մասին» օրենքի համաձայն՝ միջնորդագիրը ենթակա է անհապաղ քննարկման, «որի արդյունքների եւ ձեռնարկված միջոցառումների մասին» մեկամսյա ժամկետում գրավոր հայտնվում է դատախազին»: Վարչապետին ուղղված գրության մեջ նշված է. «Ակնկալում եմ իրավապահ եւ այլ իրավասու մարմիններին ուղղված Ձեր հանձնարարականը», որով պիտի գործնական պայքար մղվի հասարակական կարգի կոպիտ խախտումների դեմ եւ այլն: Մեր դիտարկմանը՝ վարչապետն իրավունք չունի գլխավոր դատախազին հանձնարարականներ տալ, սակայն հակառակը փաստորեն հնարավո՞ր է, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Ակնկալելը չի նշանակում, թե գլխավոր դատախազը հանձնարարական է տալիս վարչապետին: Գլխավոր դատախազն իրավունք ունի եւ պարտավոր է ակնկալել կառավարման մարմիններից ձեռնարկել միջոցառումներ՝ ուղղված հասարակական ու պետական կարգի պահպանմանը»: Սակայն ամենաուշագրավը Երեւանի քաղաքապետին ուղղված գրությունն է, որով գլխավոր դատախազն առաջարկում է «հանրահավաքների անցկացման վայրի, ժամանակի եւ այլ պայմանների հարցերը լուծելիս նկատի ունենալ» իրավախախտումները բացառելու հանգամանքը եւ «միայն համապատասխան երաշխիքների առկայության դեպքում այդպիսիք արտոնել»: Մինչդեռ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է հանրահավաքների կարգի մասին օրենք, որով քաղաքային իշխանությունները միայն պետք է իրազեկվեն հրապարակային միջոցառման մասին, իսկ իր այս գրությամբ գլխավոր դատախազը առաջարկում է քաղաքապետին բովանդակային պայմաննե՞ր դնել, երաշխիքնե՞ր պահանջել: «Քաղաքապետը պետք է ոչ թե միտինգ անողներից երաշխիքներ պահանջի, այլ ինքն ունենա երաշխիքներ,- ի պատասխան ասաց Աղվան Հովսեփյանը:- Նա պետք է պահանջի բոլոր մարմիններից, ասենք, հավաստիանա ոստիկանությունից, թե կարո՞ղ է այն ապահովել երթի անվտանգությունը եւ այլն»: Ի վերջո հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ միջնորդությամբ դիմի ԱԺ՝ Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի եւ ընդդիմադիր այլ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: «Եթե հիմնավորվեն նրանց կողմից կատարված հանցագործությունները եւ բավարար ապացույցներ ձեռք բերվեն նախաքննության մարմնի կողմից՝ կարծում եմ, դրա անհրաժեշտությունը կլինի,- պատասխանեց գլխավոր դատախազը:- Բայց մինչեւ այդ քայլը կատարելը ես պետք է համոզված լինեմ ապացույցների անառարկելիության եւ նրանց մեղադրանքների մեջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել