«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ» «Արդարություն» դաշինքի երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գնահատական տրվեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների դեմ մարտի 30-ին քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրությունը։ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը դատախազության որոշումը բնորոշեց որպես «աննախադեպ քաղաքական հետապնդման փորձ։ Այս հաղորդագրությունը ցույց է տալիս, որ վարչախումբը ուղղակի կորցրել է սթափ մտածելու ունակությունը եւ անցել է բացահայտ ապօրինությունների, բռնությունների եւ սադրանքների, այսպիսով արագացնելով իր իսկ վախճանը»։ Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ «Արդարություն» դաշինքը ամեն ինչ արել է եւ անում է, որպեսզի օրինական իշխանության հաստատումը լինի անցնցում, խաղաղ ճանապարհով. «Արդարություն» դաշինքը վերահաստատում է իր վճռականությունը մեր երկրում օրինական իշխանություն հաստատելու գործում»։ Նա ասաց, որ դաշինքի եւ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ հնչած էմոցիոնալ ելույթները իշխանությունների կողմից հանդիպումները խանգարելու սադրանքների հետեւանք են. «հանդիպումներից առաջ անցնում են բացահայտ տեռորի, ամեն տեսակի խոչընդոտներ են ստեղծում, որ «Արդարություն» դաշինքի հետ բնակչությունը չհանդիպի։ Եթե մեր երկրում լիներ նորմալ իշխանություն, արդեն իսկ թե՛ քաղաքապետը, թե՛ ոստիկանապետը պաշտոնանկ պիտի լինեին (Գյումրիի դեպքի հետ կապված.- Մ. Ե.)։ Սակայն, բնականաբար, դա տեղի չի ունենա, որովհետեւ ամեն ինչ հովանավորվում է իշխանությունների կողմից»։ Ստեփան Դեմիրճյանը շեշտեց՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ ընդդիմությունը չէր կարող հարյուր-հազարանոց հանրահավաքներ կազմակերպել եւ մարդիկ իրենք են դուրս եկել ի նշան բողոքի, քանի որ կեղծվել էր իրենց քվեն. «ասում են նախագահը կարող է ընտրվել 95 տոկոսով, մյուս 5 տոկոսը կասի, թե նա լեգիտիմ չէ։ Չի կարելի այս չափ պրիմիտիվ մակարդակի իջնել, որովհետեւ ակնհայտ է, որ եթե ընտրությունները արդար են, արդյունքները ընդունվում են բոլորի կողմից։ Ուզում եմ կրկնել՝ կարելի է հաղթել մեկ տոկոսի առավելությամբ եւ լինել լեգիտիմ, եւ ոչ մի ցույց էլ չի լինի։ Եվ կարելի է ոչ թե 67, այլ 95 տոկոս նկարել ու դառնալ նախագահ եւ լինել ոչ լեգիտիմ։ Լեգիտիմությունը մարդկանց գիտակցության մեջ պիտի լինի»։ Լրագրողներն ասացին, որ ըստ կոալիցիայի՝ ընդդիմությունը պատերազմ է հայտարարել, չկիսելով այս կարծիքը, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «պատերազմ հայտարարել է վարչախումբը՝ բռնազավթելով իշխանությունը»։ «Արդարության» առաջնորդը նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները պարզապես վիրավորում են մեր ժողովրդին, երբ ասում են, թե ուղղակի հացի խնդիր են լուծում. «հացի խնդիր, իհարկե, կա մեր երկրում, բայց կա նաեւ արդարության խնդիր։ Ժողովուրդը դնում է թե՛ արդարության, թե՛ հացի խնդիր»։ ՀՀ գլխավոր դատախազության որոշմանն անդրադառնալով, Վիկտոր Դալլաքյանն ասաց. «ո՞վ է կայացրել այս որոշումը՝ Աղվան Հովսեփյանը, մի անձնավորություն, որը ուղղակի պատասխանատվություն է կրում «27»-ի ոճրագործությունը չկանխելու համար»։ Որպես ասվածի ապացույց, պրն Դալլաքյանը ներկայացրեց «Հոկտեմբերի 27»-ի հարցով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի որոշումը։ Ալբերտ Բազեյանը դատախազության որոշումը դիտարկեց ապրիլմեկյան կատակների շարքում. «այն պարզապես անիրագործելի է, որովհետեւ որեւէ իրավական հիմք չունի։ Ինչ վերաբերում է իշխանության գործողություններին, բոլորս տեղյակ ենք Գյումրիում տեղի ունեցած ապօրինություններին, որոնք կազմակերպել եւ սադրել էին տեղի ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցները»։ Պրն Բազեյանը նկատեց. «եթե դատախազության որոշման մեջ գրված է, որ քրեական գործ է հարուցվել «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների նկատմամբ, դա նշանակում է, որ քրգործ է հարուցվել Հայաստանի ժողովրդի դեմ, այն հարյուր-հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր մեր առաջ պահանջ են դնում՝ օր առաջ ազատվել վարչախմբից։ Եվ մենք հասարակական այդ պահանջը իրականացնելու ենք, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գործողություններ կիրականացնեն իշխանությունները»։ «Առավոտը» նկատեց, որ ուժն այս պահին իշխանությունների ձեռքին է, ընդդիմությունը ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել այդ ուժին։ Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Անկախ նրանից, թե ինչպիսի ապօրինություններ կգործադրվեն իշխանությունների կողմից, մենք մեր ճանապարհը շարունակելու ենք եւ մեր քայլերը ձեռնարկելու ենք։ Անկախ նրանից՝ կկալանավորեն, թե չեն կալանավորի։ Իշխանության քաղաքականությունն ակնհայտ է՝ հասարակության պայքարը քաղաքական դաշտից փորձում են տեղափոխել առճակատումների դաշտ»։ Պրն Բազեյանը հայտարարեց նաեւ. «Ռ. Քոչարյանը օրենքից դուրս է, նա մեր երկրի նախագահը չէ, նա բռնազավթել է իշխանությունը, այս վարչախմբի օրոք կայացվող բոլոր որոշումները ապօրինի են եւ անօրինական»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ