Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժորը նաեւ մենեջեր է

Ապրիլ 02,2004 00:00

Ռուբեն Ասատրյանը այսօր կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ դիրիժորը թողարկել է լազերային սկավառակներ, որոնցում ընդգրկված են Ավետ Տերտերյանի, Սուրեն Զաքարյանի, Արթուր Եղիկյանի եւ այլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ռ. Ասատրյանը 2003-ին ղեկավարել է ՀՊՖՆ-ի համերգը Դուբայում, որտեղ եւ տեղի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռիադ Կուդզիից ստացել է համագործակցության առաջարկ։ Բանակցությունների արդյունքում մոտ ժամանակներս Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի երեք աշակերտներ՝ դաշնակահար Սոնա Բարսեղյանը (պրոֆ. Ս. Սարաջյանի դասարան), ջութակահար Անուշ Նիկողոսյանը (դասատու՝ Պ. Հայկազյան) եւ թավջութակահար Անուշ Յավրումյանը (դասատու՝ Ա. Մեսրոպյան) կմեկնեն Դուբայ՝ մասնակցելու Ռ. Կուդզիի կողմից անցկացվող երիտասարդ երաժիշտների ամենամյա մրցույթ-փառատոնին։ «Երաժիշտներից յուրաքանչյուրը հանդես կգա նախ առանձին համերգային ծրագրով, այնուհետեւ, առաջին անգամ՝ տրիոյով։ Իսկ հաղթանակի դեպքում հնարավորություն կընձեռվի որպես մենակատարներ հանդես գալու Դուբայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ»,- տեղեկացրեց Ռ. Ասատրյանը։ Ըստ նրա, Ռ. Կուդզին ցանկություն է հայտնել ղեկավարել Երեւանի պետկոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ «Սա այն բանից հետո, երբ նա տեսաերիզներով ծանոթացավ ու լսեց նվագախմբի կատարումները»,- նշեց մեր զրուցակիցը, շարունակելով, որ նախատեսված է նաեւ Դուբայի ու Երեւանի պետկոնսերվատորիայի նվագախմբերի երաժիշտների փոխադարձ այցեր։

«Առավոտի» դիտարկմանը՝ փաստորեն դուք կատարում եք նաեւ մենեջերի աշխատանք, Ռ. Ասատրյանը պատասխանեց. «Հանգամանքների բերումով՝ այո։ Բայց ես այնքան եմ զբաղված, որ, օրինակ, երիտասարդ երաժիշտների հետ չեմ կարող մեկնել Դուբայ։ Նրանց կուղեկցի իմ ներկայացուցիչը։ Կարծում եմ, շատ ժամանակ չի անցնի, երբ մեզ մոտ էլ կզարգանա մենեջմենթը ու մենեջերը կդիտվի որպես առանձին մասնագիտություն»։ Դիրիժորի զբաղվածությունը երեւում է ապրիլ-մայիս ամիսների իր համերգային ծրագրերից։

Ապրիլին Ռ. Ասատրյանի ղեկավարությամբ ՀՊՖՆ-ի հետ երեք համերգով հանդես կգա Վ. Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի մենակատար, ջութակահար Կարեն Շահգալդյանը, որից հետո դիրիժորը կմեկնի Եկատերինբուրգ՝ մասնակցելու հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 75-ամյակին նվիրված երաժշտական փառատոնին։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել