Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

Ապրիլ 02,2004 00:00

Երեկ,
ժողովրդի խոսքով՝ «խաբելու օրը», ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչումներ
շնորհեց մի խումբ թատերական գործիչների՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի
ավանդի համար:
Ժողովրդական ու վաստակավոր արտիստի, ինչպես նաեւ արվեստի վաստակավոր գործչի կոչումներ ստացան Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններ Ժենյա Ավետիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը եւ ուրիշներ: Ամենքին իր հասանելիքը հանձնելուց հետո նախագահը լավատեսական մի դիտարկում արեց, թե «մեծ հոսք կա դեպի թատրոն, եւ եթե մարդիկ թատրոն են գնում, ուրեմն երկիրը իրոք շատ է փոխվել»: Այնուհետեւ կատակեց. «Պարգեւներն իսկական են, օրիգինալները, ոչ թե բուտաֆորիա: Պարզապես նախագահի աշխատակազմը հումորի զգացումը չի կորցրել եւ ապրիլի 1-ին է կազմակերպել այս հանդեսը: Ուզում էի պարգեւները թատրոնի միջազգային օրը հանձնել, հետո որոշեցի ձեր տոնական տրամադրությունը երկարաձգել: Մտածեցի՝ մեկ անգամ կուրախանաք՝ երբ հրամանագիրը կարդաք: Մեկ անգամ կուրախանաք՝ այստեղ հանդիպելիս»: Նախագահը ապրիլի 1-ին խոստացավ այնպես անել, որ ողջ տարվա ընթացքում մշակույթի ոլորտի մարդիկ ուրախանալու բազմաթիվ առիթներ ունենան:

Մշակույթի երախտագետ գործիչները բառեր չխնայեցին նախագահին հաճոյանալու համար ու համարյա բոլորը միաբերան շեշտեցին, որ Ռ. Քոչարյանի օրոք ու ուշադրության ներքո հայրենի մշակույթը պարզապես փթթում ու ծաղկում է:

«Ռոբերտ Սեդրակիչ, մենք գիտենք, որ բոլոր ոլորտներն ուզում են ձեզանից… Ախր շատ դժվար է: Դե արի ու որոշի, թե դրանցից ո՞րն է առաջնահերթ: Քըրք Քրքորյանի մասին խոսելիս պետք է ազնիվ լինենք ու տանք նաեւ ձեր անունը»,- ասաց Երվանդ Ղազանչյանը՝ «թատրոնի խենթերի» անունից գովելով նախագահին:

Ժողովրդական արտիստի կոչման արժանանալու համար յուրօրինակ երախտագիտություն դրսեւորեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Արմեն Սանթրոսյանը: «1000 անգամ շնորհակալ եմ ձեզնից, պարոն նախագահ: Հավատացեք, չեք ամաչի: Այս պարգեւը պարտավորեցնում է»,- ասաց նա:

«Պարոն նախագահ, դուք ջանք, եռանդ, նվիրում եք դնում մեր մշակույթի զարգացմանը»,-գործընկերոջը լրացրեց Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը:

«Պարոն Քոչարյան, ես արդեն երկրորդ մրցանակն եմ ստանում, հույս ունեմ, որ մնացածներն էլ ձեզանից կստանամ»,- բացականչեց Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյան-Հարությունյանը:

«Այս պահին մի քանի զգացում է ինձ համակել՝ առաջին հերթին պարտավորվածության զգացում. զգում ես, որ քեզ գնահատում են, վստահում են, քեզանից սպասում են»,- ասաց Մայր թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը: Նույն թատրոնի մեկ այլ դերասան՝ Կարեն Ջանիբեկյանը նշեց. «Ինձ համար նստած կոմպյուտեր էի խաղում, մեկ էլ զանգեցին ու ասացին, կոչում եմ ստացել: Տխուր եմ, որ ուշ եմ ստացել, ուրախ եմ, որ վերջապես հիշել են ինձ»: Կ. Ջանիբեկյանից հետաքրքրվեցինք, ինչ է զգում հիմա, երբ վերջապես կոչման է արժանացել: «Ես կարող եմ ապրել ու ստեղծագործել առանց կոչումների, ինչը միշտ արել եմ: Վաստակավոր արտիստի կոչումից հետո էլի միայն իմ գործի առջեւ եմ պարտավորված զգալու, ոչ թե ինչ-որ մեկի: Թե չէ, ինձ չի հետաքրքրում՝ նախագահը կամ ընդդիմությունն ինչ է անում: Ես միշտ էլ լավ եմ աշխատել, ցավում եմ, որ քանի տարի է Սունդուկյանում եմ, բայց անգործ եմ: Դրա պատասխանն էլ կա, բայց չեմ ուզում այդ մասին այսօր խոսել»: Հանդիսության ավարտին պարգեւատրվածները մի-մի գավաթ շամպայնով շնորհավորեցին մեկմեկու, այնուհետեւ ավանդույթի համաձայն նախագահի նստավայրի աստիճանների վրա լուսանկարվեցին երկրի ղեկավարի հետ: Նախագահն էլ նրանց մաղթեց լիքը դահլիճներ, կայուն երկիր եւ լավ վերաբերմունք միմյանց նկատմամբ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել