Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻՉԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՇԱՃ ՎԱՐՁԱՏՐՎԻ

Ապրիլ 01,2004 00:00

ՄԱՐԶԻՉԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՇԱՃ ՎԱՐՁԱՏՐՎԻ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում Սպորտպետկոմի նախաձեռնությամբ հրավիրված հանրապետության տարածքում գործող մարզական8211հասարակական կազմակերպությունների, մարզադպրոցների ղեկավարների, տնօրենների, մարզիչների եւ մարզիկների հետ աշխատանքային համաժողով-խորհրդակցությունում քննարկվեց ինչպես մարզիչների աշխատավարձի ներկայիս վճարման, այնպես էլ այսուհետեւ դրա բարձրացման հարցը: Սպորտի պետական կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանի ներկայացմամբ, այս հանդիպման անհրաժեշտությունը հասունացել է մի քանի պատճառներով. նախ, որ չնայած իր՝ հանրապետության տարածքում աշխատող մարզիչներին վճարման միասնական նվազագույն սկզբունք կիրառելու հրահանգներին, հանձնարարականը ոչ բոլոր տեղերում է կատարվել, իսկ որոշ մարզադպրոցներում այն պարզապես անտեսվել է: «Ես դա միանգամայն անընդունելի եմ համարում,- իր ելույթում ասաց նա:- Հայաստանում մարզիչները պետք է վարձատրվեն ըստ արժանվույն, նրանց աշխատանքը պիտի գնահատվի այնպես, որպեսզի յուրաքանչյուր մարզիչ8211մանկավարժ դահլիճ մտնի հաճույքով, լուրջ աշխատելու մղումով: Ճիշտ է, այս նպատակին հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու: Ես անընդունելի եմ համարում, երբ հատկապես հեռավոր կամ սահմանամերձ շրջաններում աշխատող մարզիչ8211մանկավարժն ստանում է ութ, տասը կամ տասնհինգ հազար դրամ: Ֆիզկուլտուրան, սպորտը ոչ միայն ի նշան միջազգային մրցումներում տարած հաղթանակների, երկրի օրհներգի հնչեցման, պետական դրոշի բարձրացման արարողություն է, որը մեր պետականության հեղինակության հարցն է, այլեւ՝ առողջ սերունդ աճեցնելու, պատանիներին փողոցից կտրելու, թերեւս, ավելի կարեւոր խնդիր: Դրա համար էլ սպորտի պետական կառույցում ստեղծված համապատասխան հանձնաժողովը իմ հանձնարարությամբ բավականին լուրջ ու տքնաջան ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում էլ ծնվել է այն փաստաթուղթը, որն իմ ստորագրությամբ բազմացվել եւ բաժանվել է ձեզ: Դրանով նախատեսվում է այսուհետեւ Սպորտպետկոմի ենթակայության եւ նրա կողմից ֆինանսավորվող հիմնարկներում աշխատող մարզիչների աշխատավարձի նվազագույն չափ սահմանել ամսական 20 հազար դրամը, գումարած՝ ըստ աշխատանքի արդյունքի հավելավճարները: Գիտեմ, հասկանում եմ, որ փաստաթղթում կան բացթողումներ: Դրա համար էլ հրավիրել եմ այս հանդիպումը, որպեսզի դուք արտահայտվեք, ձեր առաջարկություններն անեք: Ուզում եմ միասին քննարկենք խնդիրը եւ հետագայի համար ընդհանուր լուծումներ գտնենք»: Հանդիպման ընթացքում հատուկ կարեւորվեց այն, որ փաստաթղթում ամրագրվել է ոչ միայն օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում չեմպիոններ ու մրցանակակիրներ տված, այլեւ նրանց առաջին անձնական մարզիչներին նյութապես խրախուսելը: Այնուհետեւ, մասնագետները պարզեցին իրենց հետաքրքրող հարցերը, արեցին առաջարկներ, որոնք կքննարկվեն փաստաթղթում հետագայում լրացումներ կատարելիս: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել