Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՍՊԱՌԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ

Ապրիլ 01,2004 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՍՊԱՌԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ Հարցազրույց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ -Պարոն Հովհաննիսյան, ձեր կուսակցությունը բոլորովին նոր գաղափար է ներկայացնում հայ հասարակությանը: Այն է՝ դուրս գալ ԱՊՀ կազմից եւ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի համակարգից եւ սկսել մի գործընթաց, որի նպատակը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելն ու ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական սերտ համագործակցությունն է: Ինչու՞: Ի՞նչ կտա մեզ այդ ամենը: – Նախ մեր երկրի առաջընթացին եթե չեն խոչընդոտել, ապա չեն էլ աջակցել ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված ԱՊՀ եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կառույցները: Ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ էլ առավել եւս ժողովրդավարության առումով մենք ոչ մի հեռանկար ու ակնկալիք չունենք այս կառույցներից: Մենք մշտապես գործ ունենք տնտեսապես բավականին թույլ, երբեմն կաթվածահար երկրների հետ: Ժողովրդավարության ուղղությամբ ի՞նչ պիտի ընդօրինակենք, ասենք, Թուրքմենիայից, Ղազախստանից: Մինչ այժմ որեւէ ոլորտում ոչ ծրագիր, ոչ մշակված հայեցակարգ չունենք: Վերջապես պետք է որոշե՞նք, թե ինչ ենք ուզում մենք, դեպի ուր ենք գնում, ինչ գաղափարներ են մեզ առաջնորդում: Թե՞ շարունակելու ենք ապրել օրվա խնդիրները մի կերպ լուծել-չլուծելով: Այս ազգը, պետությունը, ժողովուրդը իր ապրելու, զարգանալու, իր սեփական շահն ու հայեցակարգն ունենալու իրավունք չունի՞: Աշխարհաքաղաքական զարգացումները խելահեղ արագությամբ են ընթանում: Իսկ Հայաստանն ընդամենը դիտորդի կարգավիճակում է եւ անհաղորդ այս ամենին: Մենք պետք է հստակ խնդիր դնենք Եվրամիությանն անդամագրվելու, երկրի տնտեսությունն այդ ճանապարհով ոտքի կանգնեցնելու համար: ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի հեղհեղուկ, ձեւական համակարգից պետք է օր առաջ դուրս գալ եւ անդամագրվել օրեցօր հզորացող ՆԱՏՕ-ին: Անվտանգության այս համակարգին անդամակցելու գործընթացին զուգահեռ, պետք է առավելագույնս սերտ համագործակցություն հաստատել աշխարհի ամենաազդեցիկ երկրի՝ ԱՄՆ-ի հետ: Սա է մեր ճանապարհը: Եվրոպական արժեքային համակարգը մեր երկրի ժողովրդավարության ու տնտեսության զարգացման միակ հեռանկարն է: Մեր կուսակցությունն ունի կոնկրետ ծրագրեր, հայեցակարգեր, որոնք նախանշում են վերոհիշյալ նպատակներին հասնելու ճանապարհները: Հայաստանի այսօրվա իշխանություններն ամեն ինչ մատնել են ինքնահոսի: Ճանապարհները «կարկատելուց», իրենց իշխանությունը մեկ օր եւս երկարացնելու մտահոգությունից զատ ոչ մի ծրագիր չունեն: Այսպես մենք գնում ենք դեպի ոչ մի տեղ: – Դուք խոսում եք աշխարհաքաղաքական զարգացումներից, հայեցակարգերից ու ծրագրերից: Չե՞ք կարծում, որ դրանցում անհրաժեշտ է կարեւորել Ռուսաստանի դերը: – Երբ ասում ենք ՆԱՏՕ, Եվրամիություն, ԱՄՆ, չի նշանակում, թե բացառում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ: Մենք անպայման պետք է պահպանենք լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց դրանք պետք է լինեն Եվրամիության սկզբունքով՝ հավասարը հավասարի սկզբունքով: Այսօր մենք փոքր եղբոր կարգավիճակում ենք: 100 մլն պարտքի դիմաց տվեցինք ռազմավարական նշանակության էներգետիկ համակարգը, Ատոմակայանի կառավարումը: Ռազմավարական գործընկերությունը երկկողմանի է լինում: ՌԴ քաղաքական էլիտան մեզ որպես ռազմավարական գործընկեր չի ընդունում: Այս հարցը մեզ չի՞ մտահոգում: Երբեւէ մենք մեզ հարց չպիտի՞ տանք, որ ամեն տարի ԱՄՆ-ը մոտ 100 մլն դոլարի հասնող անհատույց օգնություն է ցույց տալիս, փոխարենը ոչինչ չպահանջելով: Եվրոպական կառույցները միլիոնավոր դոլարների հասնող աջակցություն են ցուցաբերում: Ինչու՞ ենք լռում սրա մասին: Պետք է ազնիվ լինենք եւ չմոռանանք, որ վերջին տարիներին երկրում ներդրումներ եւ ծրագրեր են իրականացվում հենց եվրոպական կառույցների աջակցությամբ: Այլ բան է, որ իշխանությունները դրանք նպատակային ու կազմակերպված չեն իրականացնում: Մենք գիտակցում ենք նաեւ Ռուսաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում եւ կարեւորում ենք համագործակցությունն այդ երկրի հետ, սակայն հավասարը հավասարի սկզբունքով: – Արեւմուտքը, մեղմ ասած, առանձնապես «նվեր» չէ մեզ համար: Լավի հետ նաեւ վատը կա: Աղանդների, սեռական փոքրամասնությունների, մշակութային աղբի ներմուծում եւ այլն: Ինչպե՞ս ենք կանխելու այս ամենը: – Իհարկե, մեր ծրագրերում ամեն ինչ հաշվի է առնված: Նախ ասեմ ձեռքբերումների մասին: Հայաստանը, անդամագրվելով եվրոպական ընտանիքին, վերջնականապես կբռնի տնտեսական զարգացման ուղին: Կհաստատվեն ժողովրդավարական արժեքները: Այլեւս կբացառվի ոչ ժողովրդավարական եղանակով երկրի նախագահ, պատգամավոր «ընտրվելը»: Տնտեսական զարգացմանը զուգահեռ, կվերականգնենք մեր կորսված ազգային, մշակութային արժեքները: Ավելի մեծ ֆինանսական հնարավորություն կունենանք զարգացնելու գիտությունն ու արվեստը: Այս դեպքում մեր ազգային հզոր ներուժը կարող է անմրցունակ դարձնել Եվրոպայից արդեն իսկ ներխուժած «մշակութային աղբ» կոչվածը: Մեր մշակույթն ու արվեստը պետական աջակցության շնորհիվ ի զորու են հաղթահարել այս խնդիրը: Ինչ վերաբերում է աղանդներին, ապա առանց Եվրամիությանն անդամագրվելու էլ դրանք վխտում են մեր երկրում, էլ չեմ խոսում մորմոնների ու մասոնների առկայության մասին: Խոստովանենք, մեր պետությունը երբեք մեր եկեղեցու հետ ուս-ուսի չի պայքարել այս մերժելի երեւույթների դեմ: Այսօր էլ մեր եկեղեցին մենակ է ֆինանսապես հզոր այս աղանդների դեմ: Անդամագրվելով եվրոպական ընտանիքին, հզորացնելով մեր տնտեսությունը, մենք կարող ենք հայոց եկեղեցի-հայոց պետություն համագործակցությամբ մեր խաչը միշտ բարձր պահել: – Պարոն Հովհաննիսյան, ոմանք Ձեզ մեղադրում են, ասելով, որ Դուք միշտ եղել եք իշխանության կողքին եւ հանկարծ պաշտոն չունենալով, միանգամից դարձել եք ընդդիմադիր: – Բոլորը թող մեկընդմիշտ հիշեն. այս իշխանությունների օրոք ես երբեք նշանակովի պաշտոն չեմ ունեցել: 1998 թվականին, երբ իշխանությունն անցավ ներկա վարչախմբին, ես դիմում տվեցի եւ հրաժարվեցի Կոտայքի մարզպետի պաշտոնից: Դրանից հետո, մինչ այսօր ես որեւէ պաշտոնի չեմ նշանակվել: Վերջին 5-6 տարիներին պատգամավոր եմ եղել: Շատերին շփոթեցնում է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ լինելուս հանգամանքը: Չիմացողներին տեղեկացնեմ, որ դա ընտրովի պաշտոն է, որի ընթացքում կատարել եմ նախագահի իմ պարտականությունները եւ ուժերիս ներածին չափ մասնակից եղել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության գործում եւ իրականացրել եմ սահմանադրությամբ ինձ վերապահված գործառույթները: Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար եղած ժամանակաընթացքում ես այնտեղի իմ գործընկերներին համոզում էի, որ մեզ մոտ անցումային շրջան է եւ հավաստիացնում էի, որ Հայաստանի 2003 թ. երկու ընտրություններն էլ կանցնեն անպայման եվրոպական չափանիշներով: Դրանում վստահեցնում էին նաեւ ՀՀ իշխանությունները: Այս ընտրություններից էր կախված մեր երկրի հեղինակությունն ու ապագան: Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս իշխանությունները իրենց անձնական, կլանային շահերը գերադասեցին երկրի գերագույն շահերից: Իմ եւ գործող իշխանությունների տարաձայնություններն սկսվեցին հենց այդ պահից: Հասկացա, որ սրանց հետ ես այլեւս ճանապարհ չունեմ գնալու: Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների համար ես արդեն անցանկալի անձ էի: Իսկ մինչ 1998-ը ես երկար տարիներ պաշտոններ եմ վարել, մեծ փորձ եմ ձեռք բերել ու նպաստել մեր երկրի առաջընթացին: Ես հպարտ եմ իմ անցյալով: Իսկ այսօր իմ գաղափարակիցների հետ ես տեսնում եմ Հայաստանի զարգացման ճանապարհները: Մենք ունենք կոնկրետ ծրագիր՝ դեպի անդունդ գահավիժող երկիրը ոտքի կանգնեցնելու, տնտեսական, քաղաքական, մշակութային նոր արժեհամակարգում խարսխելու համար: – Դուք բազմիցս նշել եք, որ երկրում անհապաղ իշխանափոխություն պետք է իրականացնել: Սակայն դեմ եք «քլունգներով հեղափոխությանը»: Կոնկրետ քայլերի ծրագիր ունե՞ք: – Որ այսօր իշխանափոխությունն անխուսափելի է, միանշանակ է: Անցյալ տարվա ընտրությունները դեռ չեն ավարտվել: ՍԴ-ն հնարավորություն տվեց փակելու այդ էջը, սակայն չընտրված իշխանությունները վախեցան օգտվել այդ հնարավորությունից: Այժմ գնդակը ընդդիմության դաշտում է, ու քայլն ընդդիմությանն է: Հարկավոր է գործել վճռական, սակայն Սահմանադրության ու օրենքների շրջանակներում: Հանրահավաքներն ու բողոքի երթերը ժողովրդի սահմանադրական իրավունքն են, եւ իշխանությունները ոչ ուժայինների տեղափոխություններով, ոչ էլ սպառնալիքներով չեն կարող ահաբեկել ու սաստել արդարություն պահանջող ժողովրդական ալիքը: Մեր կուսակցությունը խստագույնս դեմ է արյունահեղության կամ ուժային մեթոդներով ցանկացած գործողությունների ու կոչերի, անկախ նրանից, թե ում կողմից են հնչում կամ նախապատրաստվում դրանք: Համապետական երկու ընտրություններից հետո լարվածությունն իր գագաթնակետին է հասել: Թեկուզ մեկ անխոհեմ քայլը կարող է անդառնալի ողբերգության վերածվել: Այնքան միամիտ չենք, որ հավատանք, թե չընտրված իշխանություններն ինքնակամ կհեռանան: Մենք կոնկրետ քայլերի ծրագրեր ունենք: Դրանք մի քանի շարունակական գործողություններ են, որոնք զսպվածություն եւ համբերատարություն են պահանջում: Ընդդիմությունը, ժողովուրդը երբեք չպիտի դիմեն ուժային մեթոդների: Ժողովրդի ուժային մեթոդը իր կուռ, հոծ շարքերն են: Մեր ուժը օրենքը չխախտելն է: Նրանք այլեւս սպառված են, ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություններն արդեն անելիք չունեն: – Այսինքն, Դուք բացառում եք քաղաքացիական պատերազմի հնարավորությո՞ւնը: – Մեր երկրում բացառվում է դա: Քաղաքացիական պատերազմը ենթադրում է քաղաքացիների երկու հակադիր բեւեռների ընդհարում: Մեր պարագայում մի կողմում ժողովուրդն է, մյուս կողմում՝ միայն ուսադիրավոր ծառայողները, որոնք մեր եղբայրներն ու որդիներն են: Գործող վարչակարգը հենարան չունի: – Բայց դաշնակցական պատգամավորները ժողովրդին ու ընդդիմությանը փորձում են վախեցնել, ասելով, թե իրենք էլ են ժողովուրդ հանելու ժողովրդի դեմ: – Չեմ կարծում, թե դաշնակցականներն այնքան անխոհեմ են, որ քաղաքացիական պատերազմի պատասխանատվություն ստանձնեն: Վրաստանում Շեւարդնաձեն էլ նման խղճուկ մի փորձ արեց: Համոզված եմ, որ հարյուրամյա կուսակցության ծրագրում չի նշված, որ իրենք պետք է արյան գնով պաշտպանեն ինչ-որ մեկի աթոռը: Ես հարգում եմ այս կուսակցությանը, տեղյակ եմ նրա պատմությանն ու ծրագրերին, բազմաթիվ ընկերներ ունեմ եւ՛ այստեղ, եւ՛ արտերկրում: Այս ամենն ինձ թույլ է տալիս ասելու, որ ՀՅԴ-ն երկրի, ժողովրդի շահերը կգերադասի մեկ անձի նկրտումներից: Եվ հետո՝ ո՞վ է կանգնելու նրանց թիկունքին, ովքեր այսօր խայտառակ ընտրությունների եւ ներքին ու արտաքին սնանկ քաղաքականության շնորհիվ ժողովրդին հասցրին այսպիսի վիճակի՞: Բոլոր դեպքերում եւ՛ ընդդիմությունը, եւ՛ ժողովուրդը, եւ՛ կուսակցությունները պետք է գործեն օրենքի սահմաններում: Իսկ եթե իշխանությունները փորձեն ուժային մեթոդների դիմել, ապա կգործի բումերանգի օրենքը: Հուսանք, որ նրանք գոնե վերջին անգամ օրինախախտ գործողությունների չեն դիմի: Ոչինչ հավերժ չէ: Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը եւ ամենաբախտավորը: Այնպես որ, աշխարհի վերջը չի գա նրանց համար, ովքեր կկորցնեն իրենց աթոռները, կյանքում առավել կարեւոր շատ բաներ կան: – Ուժային պաշտոնյաների փոխատեղումները, իշխանությունների կողմից «սատկացնելու» պատրաստակամության մասին հայտարարությունները չե՞ն վկայում, որ «պետական այրեր» կոչվածները արյամբ կպաշտպանեն իրենց տաքուկ պաշտոնները: – Ոչ, չեմ կարծում, թե նրանք այս երկրի թշնամիներն են, ուղղակի դրանք խուճապի ազդանշաններ են՝ պայմանավորված այլեւս արտոնություններից շուտափույթ զրկվելու տագնապով: Ուղղակի որպեսզի հաստատուն դիրք գրավեն, փորձում են հաստատուն դիրք գրավողի տեսք ընդունել: Եվ եթե ժողովուրդը իշխանափոխության իր քայլերը կատարի օրինապահությամբ, նրանք անվերապահորեն կհեռանան: Իշխանությունները վերջապես պետք է հասկանան, որ ժողովուրդն է իշխանություն ձեւավորողը, ժողովուրդն է երկրի ճակատագիրը որոշողն ու բոլորիս գործունեության գնահատականը տվող իրական դատավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930