Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԵՂԾԵԼ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ

Ապրիլ 01,2004 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԵՂԾԵԼ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ Աջարիայի մասին ասում է վրաց փորձագետը Վրաստանի ապագա խորհրդարանի կառուցվածքը հայտնի կդառնա ամենաուշը երեք օրից: Թեեւ նախնական արդյունքներն արդեն հրապարակվել են, այնուամենայնիվ առայժմ դեռեւս անհայտ է մնում՝ այն միակուսակցական է լինելու, թե ոչ; «Որո՞նք են բազմակուսակցական եւ միակուսակցական կառուցվածքի առավելություններն ու թերությունները»: Այս հարցով, ինչպես նաեւ որոշ կանխատեսումներ անելու խնդրանքով «Առավոտը» դիմեց Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, քաղաքագիտության փորձագետ Գիորգի Խելաշվիլուն: Մեր զրուցակցի կարծիքով, միակուսակցական խորհրդարանի առավելությունը կարող է լինել այն, որ կարեւոր օրենքներ ընդունելիս ավելի քիչ հակասություններ կլինեն: Սակայն միաժամանակ բացասական է այն հանգամանքը, որ շատ ավելի պակաս կլինեն ներկայացված Վրաստանի հասարակության զանազան սոցիալական շերտերը: «Ձեր կարծիքով, Վրաստանի խորհրդարանը միակուսակցական կլինի՞, թե՞ ոչ» հարցին պրն Խելաշվիլին պատասխանեց. «Կարող է պատահել: Դա կախված է նրանից, թե ինչն եք դուք միակուսակցական համարում: Այստեղ խնդիրն այն է, որ Ազգային շարժում-դեմոկրատներ (National Movement-Democrats) կուսակցությունը իրականում կուսակցություն չէ: Այն կազմված է ամենաքիչը երկու հիմնական քաղաքական խմբավորումից: Կան նաեւ հանրապետական կուսակցությունը, Ազգային միավորումը (National Union): Նրանցից ամեն մեկն ունի իր քաղաքական ծրագիրը: Բանն այն է, որ առաջիկա մի քանի ամիսներին այդ ընտրական բլոկի ներսում կարող են լինել խոշոր բաժանումներ: Որովհետեւ սա քաղաքական տարբեր գաղափարախոսություններ եւ աշխարհայացքներ, դեռ չասենք՝ շահեր ունեցող մարդկանց էկլեկտիկ միություն է»: Այս պատճառով մեր զրուցակիցը սպասում է, որ մոտ ապագայում նրանք կբաժանվեն, սակայն ոչ այնքան վճռորոշ, ինչպես անցյալ պառլամենտում է եղել: Այնուհանդերձ, նա կարծում է, որ այդ բաժանումը բավարար կլինի նորմալ քաղաքական պրոցես զարգացնելու համար: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ նույնը տեղի է ունեցել Վրաստանի նախորդ խորհրդարանում, որը ձեւավորվել է իբրեւ միակուսակցական, սակայն հետագայում բաժանումներ են եղել: Պրն Խելաշվիլին հույս հայտնեց, որ այս անգամ դա նույնչափ դրամատիկ չի լինի: Նկատի ունենալով, որ խորհրդարան կարող է մուտք գործել եւս մեկ կուսակցություն՝ Աջերի եւ արդյունաբերողների միությունը, հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքները «նկարվեն»՝ ստեղծելու այն տպավորությունը, թե Վրաստանը ժողովրդավարական պետություն է, իրականում ունենալով կառավարելի ընդդիմություն: «Սկզբունքորեն, հետխորհրդային երկրներում ամեն ինչ հնարավոր է անել: Սակայն ես ոչ մի ապացույց չունեմ՝ ասելու համար, որ այդպես է արվել: Խնդիրն այն է, թե որն է ամենակառավարելի կուսակցությունը»,- ասաց Գ. Խելաշվիլին: Այս տեսակետից նա առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում լեյբորիստների եւ աջ-արդյունաբերողների միջեւ: «Նրանք երկուսն էլ թույլ են՝ կառավարությանը ընդդիմանալու համար»: Ինչեւէ, մեր զրուցակիցը «քիչ թե շատ հավատում է ընտրությունների արդյունքներին»: Նույնը չասվեց Աջարիայի ընտրությունների համար՝ հետեւյալ պատճառաբանությամբ. «Աջարիայի կառավարությունը ընտրությունները կեղծելու բոլոր միջոցներն ուներ եւ ես որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու նա դրանից պիտի խուսափեր»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930