Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԾԵԾԵԼՈՎ ՍՊԱՆԵԼ Է ԶԻՆՎՈՐԻՆ

Ապրիլ 01,2004 00:00

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԾԵԾԵԼՈՎ ՍՊԱՆԵԼ Է ԶԻՆՎՈՐԻՆ Հանցագործությունը, ըստ երեւույթին, չի հաջողվել կոծկել «Փետրվարի 24-ին ահազանգ ստացա, որ որդիս՝ N զորամասում ծառայող զինվոր Արթուր Գրիգորյանը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ։ Հիվանդանոց հասնելուց հետո որդուս խոսքից պարզ դարձավ, որ փետրվարի 17-ին զորամասի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Երիցյանի կողմից»,- պատմում է որդեկորույս Անահիտ Գրիգորյանը։ Արթուր Գրիգորյանին անգիտակից վիճակով տեղափոխում են հոսպիտալ, երկու օր հետո՝ «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժին։ Գիտակցության գալով, Արթուրը ասում է, որ իրեն ծեծել է հրամանատարը։ Դեպքը եղել է այսպես. մի խումբ զինվորներ զորամասի բակում տեսնելով փոխգնդապետ Հովհաննես Երիցյանին, ցրվել են, իսկ Արթուրը ընկերոջ հետ անցել է բեռնատարի հետեւը։ Սպան մոտենալով նրանց, հարցրել է. «Էս ի՞նչ է, մուկն ու կատո՞ւ եք խաղում»։ Բռնելով Արթուրի օձիքը, գլուխը մի քանի անգամ խփել է մետաղյա ձողին, ապա երկաթյա դարպասին։ Ապարանի շրջանի Մելիք գյուղից բանակ մեկնած զինվորը թերեւս ամենաերեւացողներից էր, որովհետեւ ընդգծված հասակ ուներ՝ 1մ 85սմ եւ քաշն էլ 98 կգ էր։ Արթուր Գրիգորյանի հայրը 1992թ. վթարի հետեւանքով զոհվել է, 1997-ին այս ընտանիքը կորցրել էր նաեւ դստերը։ «2004թ. Երիցյանը խլեց իմ միակ հույս, իմ եւ հայրենիքի պաշտպան որդուս կյանքը»,- ասում է Անահիտ Գրիգորյանը։ Քրեական գործը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության քննիչ Կարեն Հարությունյանի վարույթում։ Սկզբնական շրջանում դատական բժիշկները կարծես թե հակված էին կոծկել սպանությունը։ Նրանք նախ «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշումն էին տվել, ապա՝ «մենինգոէնցեֆալիտ անհայտ էթալոգիա»։ Դատաբժշկական փորձաքննության թիվ 176-8 եզրակացությամբ էլ մահը վրա էր հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների խանգարումից, որն արտահայտվել էր «ուղեղային հյուսվածքի այտուցով, գերարյունությամբ, արյունազեղումներով»։ ՀՀ ԶԴ քննիչ Կ. Հարությունյանը փետրվարի 27-ին որոշում կայացրեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին։ Քննիչը իր բազմաթիվ հարցերի մեջ փորձագետներին ուղղել էր նաեւ հետեւյալը. «Ա. Գրիգորյանի դիակի վրա մարմնական վնասվածքներ եղե՞լ են, թե՞ ոչ (քանի որ դրա պատասխանը իսկապես չկար) եւ որ հնարավո՞ր էր փրկել Ա. Գրիգորյանի կյանքը, եթե նրա հիվանդությունը ճիշտ ախտորոշվեր, համապատասխան բուժում անցկացվեր»։ Անահիտ Գրիգորյանը նշում է, որ ինչպես իրեն, այնպես էլ հարազատներին չեն հայտնել Արթուրի ծանր վիճակի մասին։ Քննիչը վկայակոչելով վերոնշյալ 176-8 եզրակացությունը, ըստ որի, Ա. Գրիգորյանի մահը վրա է հասել «իշեմիկ ինսուլտի հետեւանքով», նկատում է, որ ինսուլտի վառ հատկանիշներ հանդիսացող խցանված կամ սպազմի ենթարկված պատռված անոթ չի հայտնաբերվել ինչպես դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, այնպես էլ վիրահատության ժամանակ հեռացված ուղեղանյութում։ Փաստի առթիվ մարտի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։ Սա ենթադրում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով։ Սակայն նախաքննության այս փուլում պարզվել է, որ Ա. Գրիգորյանի մահը պայմանավորված է զորամասի թիկունքի եւ սպառազինության բաժնի պետ, փոխգնդապետ Հովիկ Երիցյանի կողմից զինվորին ծեծի ենթարկելու հետ։ Պարզվել է, որ ծեծի է ենթարկվել նաեւ մեկ այլ զինվոր՝ Մամիկոն Աթաբեկյանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել