Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են աղբի տերերը

Ապրիլ 01,2004 00:00

Ովքե՞ր են աղբի տերերը «Գյումրիի քաղաքապետարանը հայտնաբերել է սեփական քաղաքի աղբից ազատվելու ամենահեշտ տարբերակը»,- կարծում են հարեւան Հացիկ գյուղի բնակիչները: Արդեն մեկ տարի է, «քաղաքային աղբը» գյուղացիներին անծանոթ մարդկանց կողմից տեղափոխվում է գյուղի «Ձորի բիտոն» կոչված դաշտ՝ խոչընդոտելով թե գյուղատնտեսական աշխատանքներին եւ թե մեծ ֆինանսական կորուստներ պատճառելով գյուղացիներին: Այն, որ աղբահանման այս յուրահատուկ նախագծի հեղինակը գյումրեցիներ են, ընդ որում քաղաքապետարանի կամ այս կառույցին ենթարկվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հացիկի բնակչությունը ոչ մի կասկած չունի: Այլեւս չհանդուրժելով օր օրի սրացող գարշահոտը՝ մի խումբ հացիկցիներ դիմել էին «Առավոտին»՝ խմբագրությունից խնդրելով ճշտել, թե ովքե՞ր են աղբի իսկական տերերը: Գյուղացիները մասնավորապես զայրացած էին աղբի պատճառով սեփական տարածքում «սրտի ուզած» կուլտուրան ցանելու հնարավորություն չունենալուց: Նրանց տեղեկացմամբ, հիշյալ հողատարածքներում միմիայն հացահատիկային բույսեր են կարողանում ցանել: Իսկ ավելի աշխատատար կուլտուրաների մշակումը «ռիսկի» հարց է. ոչ մեկը վստահ չէ, որ դաշտում երկար մնալուց տարածված բուրմունքից բույսը «խեղդամահ» չի լինի: Սակայն հացիկցիները դժգոհելու այլ առիթներ էլ ունեն: Դաշտում սկսել են գործել հատուկ «հաստիքներ». օրինակ, աղբ քրքրողների, որոնք ի դեպ քաղաքից են եւ գրեթե ամեն օր պարտաճանաչ «աշխատանքի» են ներկայանում: Վերջիններս ոչ միայն աղբը չորս կողմն են տարածում, այլ «ձեռքի հետ» գողանում են կարտոֆիլի նորացան սերմերը: Աչքի տեսածից վախեցած գյուղացիներն էլ լուրջ մտածմունքի մեջ են. հողը մշակե՞լ, թե՞ չմշակել: Իմիջիայլոց, նրանք բազմիցս դիմել են համապատասխան մարմինների, սակայն «թուղթ մրոտելուց» բացի, արդյունքի չեն հասել: Հարցը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք Գյումրիի քաղաքապետարանի Բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Եղիշ Աբգարյանին: Քաղաքապետարանի պաշտոնյան բացարձակապես անտեղյակ լինելով պրոբլեմին (աղբանոցի վերածված Գյումրիի նմանատիպ պրոբլեմներն էլ նրան բավական են), տեղեկացրեց, որ իրենց գերատեսչությունը ոչ մեկը երբեք նման հարցով չի դիմել: Իսկ ինչ մնում է իրենց աղբը հարեւաններին «նվիրելու» երեւույթին, ըստ Աբգարյանի՝ իրենց աղբադաշտը դեռ այդքան չի լցվել, որ ուրիշների տարածքները նվաճեն: Հիշեցնենք, որ աղբադաշտը գտնվում է Վարդ-Բաղում եւ ինչպես անդրադարձել ենք մեր հրապարակումներից մեկում, մոտակայքում ապրողները այլեւս շնչելու հնարավորություն չունենալուց են դժգոհում: Իսկ գուցե աղբաթափման մրցույթը շահած «Լուսափայլ քաղաք» եւ «Շողմաքս» ՍՊԸ-նե՞րն են որոշել հացիկցիներին նեղացնել: Եղիշե Աբգարյանի պարզաբանմամբ, ընդհակառակը՝ վերջիններս ճիշտ ուղղությամբ են աշխատում, ամեն վայրկյան աղբադաշտ տանող ճանապարհների անսարքությունից են դժգոհում: Գյումրեցիներն էլ, հատկապես ծայրամասերում ապրողները, իրենց թաղերում կուտակված աղբի քանակի մեջ որեւէ փոփոխություն չնկատելով՝ վստահեցնում են, որ ՍՊԸ-ները «մատը մատին չեն խփում»: ԱՆՆԱ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել