Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր քայլ՝ դեպի Պենտագոն

Ապրիլ 01,2004 00:00

Նոր քայլ՝ դեպի Պենտագոն Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտական կենտրոնի աշխատակից, գնդապետ Ուզեիր Ջաֆարովը վստահ է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը առաջնահերթ նշանակություն է տալիս հատկապես Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը: Ջաֆարովի վստահությունը վերացական չէ: Ըստ նրա, երկրի ղեկավարությունն արդեն իսկ իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի տարածքում ամերիկյան «ժամանակավոր մոբիլ ռազմախմբավորումների» տեղակայման կապակցությամբ: Հատկանշական է, որ ցայժմ Բաքուն ոչ միայն պաշտոնապես չի հաստատել, այլեւ հերքել է Ադրբեջանի տարածքում ցանկացած դրսեւորմամբ ԱՄՆ ռազմական ներկայության հնարավորության մասին լուրերը: Այն, որ ամերիկյան, այսպես կոչված՝ մոբիլ ստորաբաժանումներն ուշ թե շուտ հայտնվելու են մերձկասպյան տարածաշրջանում՝ տրանս-ազգային նավթատարների անվտանգությունն ապահովելու սկզբնական առաքելությամբ, գրեթե ոչ մեկն այլեւս չի կասկածում: Պարզապես, տվյալ պահին այդ հարցը բարձրաձայնելը շահագրգիռ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ: Վրաստանի օրինակն աչքի առաջ ունենալով, Ադրբեջանն առայժմ չի փորձում անհարկի սրել ՌԴ-ի հետ հարաբերությունները: Թեման չի ակտիվացնում նաեւ Վաշինգթոնը. նա դեռ պետք է մարսի Ռուսաստանին գրեթե բոլոր կողմերից ՆԱՏՕ-ի օղակի մեջ առնող վերջին միջոցառումները: Բացառությամբ ստեպ-ստեպ արձակվող դիվանագիտական ոչ այնքան աղմկոտ «կրակոցների», Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հեռանկարի մասին առայժմ աշխատում է լռել նաեւ հենց Ռուսաստանը, որին մի որոշ ժամանակ դեռ պետք է գալու Հարավային Կովկասում ունեցած «կոնստրուկտիվ» ազդեցության առերեւույթ իմիջը: Իսկ մինչ այդ, Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում եռանդով քննարկվում են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի՝ ԱՄՆ կատարած վերջին այցի արդյունքները: Օրինակ, պահեստի սպաների կոնֆեդերացիայի նախագահ, գեներալ-մայոր Դադաշ Ռզաեւի կարծիքով, ՆԱՏՕ-ի ստանդարտներով ադրբեջանական բանակի զինումն ու վարժեցումը, ինչի շուրջ բանակցություններ են ընթացել Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի հետ, կտրուկ կբարձրացնեն երկրի զինուժի մարտունակությունը: Բաքվի փորձագետները, սակայն, առայժմ ձեռնպահ են մնում ամերիկյան ռազմակայանների եւ ԼՂ հարցի կարգավորման միջեւ անմիջական կապ դիտարկելուց: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել