Քաղաքապետը համակրում է Գեղամյանին Սրտի խորքում համոզված է Արտաշես Գեղամյանը Երեկ Արտաշես Գեղամյանը հրավիրել էր լրագրողներին՝ ծանուցելու «Ազգային միաբանություն» պատգամավորական խմբակցության ընդունած հայտարարությունը։ Բանն այն է, որ ապրիլի 5-ին Մատենադարանին հարող տարածքում խմբակցության պատգամավորները հանդիպելու են ընտրողների հետ։ Ըստ հայտարարության, խմբակցությունը երեկ արդեն ահազանգեր է ստացել, որ «Երեւան քաղաքի եւ համայնքային ոստիկանությունները, ՀՀ ոստիկանության ենթակառուցվածքների հետ, ստեղծել են շուրջ 40, այսպես կոչված, օպերատիվ խմբեր, որոնց նպատակն է առաջիկա օրերի ընթացքում (մինչեւ հանդիպումը.- Ն. Գ.) կուսակցության համակիրների շրջանում ձեռնարկել սադրիչ գործողություններ»։ Կուսակցությունում նման փաստ արդեն արձանագրվել է՝ յոթօրյա կալանքի տակ է ԱՄ172ի կողմից Արմավիրի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը։ Սրան ավելացրած այն, որ ԱԺ հայտարարությունների ժամին Ա. Գեղամյանը «համակարգչային մանր խուլիգանության» արդյունքում զրկվեց հայտարարությամբ հանդես գալու իրավունքից, ԱՄ-ականներին հիմք են տալիս հայտարարելու, որ «իշխանությունները կանգ չառնելով ոչնչի առաջ, աշխատում են խափանել» պատգամավորների հանդիպումն ընտրողների հետ։ Ուստի, հերթական անգամ դիմում են ՀՀ նախագահին եւ պաշտպանության նախարարին. «Հրահրելով ոստիկանությանը եւ իրավապահ այլ մարմիններին հակասահմանադրական եւ հակաօրինական ճանապարհով, դրանով իսկ դուք ավելի եք շիկացնում առանց այդ էլ լարված իրավիճակը թե՛ Երեւանում, թե՛ հանրապետությունում»։ ԱՄ-ն շարունակելու է օգտվել օրենքով նախատեսված իր իրավունքից՝ հանդիպումներից, իսկ «իշխանությունների կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պարոններ Քոչարյանի եւ Սարգսյանի վրա»,- ասվում է հայտարարությունում։ Հարցին՝ քաղաքապետարանն ինչպես է արձագանքել հանդիպումն անցկացնելուն, Արտաշես Գեղամյանը պատասխանեց, որ իր տպավորությամբ քաղաքապետը նախագահից ու պաշտպանության նախարարից դեռեւս հրահանգ չի ստացել։ Բայց հոգու խորքում Արտաշես Մամիկոնիչը համոզված է, որ Զախարյանը ավելի հաճույքով կընտրեր ԱՄ-ին, քան ՀՀԿ172ին կամ ՀՅԴ-ին։ Դրա հիմքը, ըստ Գեղամյանի, Զախարյանի անցած «բավականին պատվաբեր ուղին է»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ