Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 01,2004 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին «Առավոտ»- Դուք ասացիք, որ ընդունելի է լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած միջոց։ Այդ թվում նաեւ վստահության հանրաքվեի հարցի քննարկմա՞նն եք համաձայն լինելու, եթե կա այդպիսի առաջարկ։ Սերժ Սարգսյան- Վստահության հանրաքվեի անցկացումը օրինական միջոց չէ, որովհետեւ այդ մասին պարզաբանում է եղել ե՛ւ ՍԴ-ի կողմից, ե՛ւ ՍԴ նախագահի կողմից, փառք Աստծո, նաեւ՝ եվրոպական կառույցներում մերժվել է այդ հնարովի, շինծու առաջարկությունը։ «ՀԺ»- Արշակ Սադոյանն այսօր ասաց, որ ինքը ուլտիմատում է ներկայացնում կոալիցիային՝ մինչեւ ապրիլի 12-ի ժամը 12-ը ժամանակ է տալիս։ Եթե կոալիցիան չընդունի վստահության հանրաքվեն ոչ միայն քննարկելու, այլեւ՝ ընդունելու առաջարկը, ապա հետագա պատասխանատվությունը ընկնում է կոալիցիայի վրա։ Սերժ Սարգսյան- Եթե մեկը ուլտիմատումներով է խոսում իշխանությունների հետ եւ բացեիբաց ասում է, որ լինելու է արյունահեղություն, կարծում եմ, որ իրավապահ մարմիններն անելիք ունեն։ Արշակ Սադոյանը առաջին անգամ չէ, որ արյունահեղության կոչեր է անում։ Բայց նա թող հիշի 96 թիվը, երբ սադրեց արյունահեղությունը՝ ինքը որտե՞ղ էր։ Եթե այս անգամ էլ Արշակ Սադոյանը արյունահեղություն է սադրելու, իսկ ինքը թաքնվելու է, այդ դեպքում ի՞նչ կարող եմ ասել։ Դա արդեն մարդու «խասյաթ» է, դա արդեն բնավորություն է։ Պատմության մեջ շատ են եղել այդպիսի օրինակներ եւ չեմ ուզում ասել, թե ինչպես են կոչում պրովոկացիայի տանող մարդուն։ «Առավոտ»- Դուք խոսեցիք «սատկացնելու» մասին, ընդդիմությունն արձագանքեց եւ մասնավորապես Վիկտոր Դալլաքյանը նկատեց, թե ինքը փոխաբերական իմաստով է արտահայտվում։ Սերժ Սարգսյան- Ես շատ ուրախ եմ, որ իմ ասելուց հետո բոլորը սկսեցին լեղապատառ առաջ ընկնել եւ ասել, թե իրենք ընդհանրապես բռնությունները նկատի չեն ունեցել, որ իրենք փոխաբերական իմաստով են ասել եւ այլն։ Անշուշտ։ Իհարկե, ես էլ եմ փոխաբերական իմաստով ասել։ Ես ասել եմ, որ մենք սատկացնելու ենք չարագործին, օրենքը խախտողին։ Իհարկե փոխաբերական իմաստով։ Երեկ էլ կարծեմ փոխաբերական իմաստով մեկը խոսեց ձվեր ջարդելու մասին (խոսքը Ալբերտ Բազեյանի մասին է.- Մ. Ե.), վստահ եմ, որ դարձյալ փոխաբերական իմաստով է ասվել։ «Առավոտ»- Սակայն ընդդիմության վրա նետված ձվերը շատ կոնկրետ էին եւ ոչ թե փոխաբերական։ Սերժ Սարգսյան- Չգիտեմ, ցանկացած կոնկրետ ձու երեւի պետք է շոշափել։ Ես կարծում եմ, որ այդպիսի փոխաբերական արտահայտություններ լավ կլինի, որ չլինեն։ Գիտե՞ք, փոխաբերական էր երեւի այն պարագայում, երբ հայտարարում էին, թե մեր ընտանիքներն են պատասխան տալու։ Մենք գիտենք, իրենք ի վիճակի են այդպիսի բաների։ Բայց մենք համբերատար լսում ենք։ «Առավոտ»- Որտեղի՞ց գիտեք, պրն Սարգսյան։ Ի՞նչ հիմքեր ունեք այդպես ասելու։ Սերժ Սարգսյան- Մենք հո լուսնի՞ց չենք եկել։ Մենք գիտենք ով ինչ է արել, ով ում մեջքն է ջարդել, ով իր հերոսությունը թուրքի նկատմամբ ռազմի դաշտում է ցուցաբերել եւ ով՝ ասֆալտի վրա, ով՝ բառերով, ով՝ փեշի տակ։ Տարբեր-տարբեր տեղեր։ «Առավոտ»- Ձեր կարծիքով, ներքաղաքական լարվածությունը մինչեւ ո՞ւր կարող է հասնել եւ իշխանությունները մինչեւ ո՞ւր են պատրաստ գնալ։ Այդ մինչեւ վերջը ինչքա՞ն է։ Սերժ Սարգսյան- Բայց ի՞նչ է նշանակում «մինչեւ վերջ»։ Իշխանությունը պարտավոր է պահպանել օրինականությունը։ Սա է իշխանության խնդիրը։ Հակառակ պարագայում դա իշխանություն չէ։ Այլ կատեգորիաներ կան, ում ձեռնտու է այսպիսի վիճակը։ Այնպես որ, հարցը ինձ չպետք է ուղղել։ «Առավոտ»- Իսկ հանգիստ, խաղաղ լուծումների ելքեր տեսնո՞ւմ եք։ Սերժ Սարգսյան- Իհարկե, վստահ եմ, որ այդպես է լինելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել