Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մ. Դանիելյանը խանգարում էր «իրավապահներին»

Ապրիլ 01,2004 00:00

«Հելսինկյան ընկերակցության» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի դեմ երեքշաբթի օրը տեղի ունեցած բռնությունը երեկ դատապարտել է Գրողների միջազգային P.E.N. ընկերակցության հայկական կենտրոնը:

Հայկական P.E.N. կենտրոնի նախագահ Աննա Հակոբյանը երեկ իր ասուլիսի ժամանակ նկատեց, թե Մ.Դանիելյանի դեմ ահաբեկչության գործընթացը վաղուց էր սկսվել: «Պարզապես մինչ այս դա արտահայտվում էր Մ.Դանիելյանին վերաբերող մամուլի հրապարակումներում, որոնց իրավապաշտպանը երբեք չի պատասխանել, առավել եւս այն ոճով, որով իրեն, մեղմ ասած, կշտամբել են՝ մեղադրելով ապազգային լինելու, ընդդիմադիրների հետ կապ ունենալու մեջ»,- կարծիք հայտնեց Ա.Հակոբյանը: Ըստ նրա, այս հարձակումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում ընդդիմությունն ակտիվացել է, դրան հետեւել են ձերբակալություններ, անօրինական քայլեր եւ իշխանությունները փորձում են մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր կարող են խանգարել այդ քայլերին: Ա. Հակոբյանի խոսքերով, Մ. Դանիելյանն այն եզակի իրավապաշտպաններից մեկն է, որը, որպես կանոն, միշտ շատ օպերատիվ է արձագանքել մարդու իրավունքների ոտնահարման, անօրինական ձերբակալությունների փաստերին, ընդհուպ մինչեւ՝ դրանց մասին միջազգային ատյանների ուշադրությունը հրավիրող հայտարարությունները:

Երեկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն արձագանքելով կատարվածին, նկատեց, որ եթե «մինչ այս, իշխանությունների՝ այլախոհությունը ուժային կառույցների միջոցով ճնշելու ձեւերը, պայմանականորեն ասած, սքողված էին, ապա՝ այսօր արդեն այդ պայքարը բացահայտ եւ սադրանքի դրսեւորումներ է ստանում: Սա շատ վտանգավոր շրջան է: Ուժային բացահայտ ճնշման առաջին փորձերը տեղի ունեցան Գյումրիում, հետո՝ հարձակում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, իսկ այսօր արդեն Մ.Դանիելյանի վրա»: Ա. Իշխանյանի դիտարկմամբ, անկախ Մ.Դանիելյանի նկատմամբ կիրառված բռնության պատճառներից՝ իրավապաշտպան գործունեություն, թե լրագրություն, անհանգստացնող է եւ վտանգավոր, որովհետեւ դա մի դեպքում ոտնձգություն է մարդու իրավունքների պաշտպանի դեմ, ինչը մինչ այժմ չէր եղել, մյուս դեպքում՝ ազատ խոսքի:

Երեկ Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանձնարարել է ուսումնասիրել Մ.Դանիելյանի դեմ կատարված բռնության հանգամանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` կատարողներին բացահայտելու համար:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել