Մարտի 15-ից ապրիլի 23-ը Ժնեւում գումարվում է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների կոմիտեի 60-րդ նստաշրջանը։
Հայաստանը կոմիտեի անդամ է դարձել երկու տարի առաջ եւ մասնակցում էր նստաշրջանին։ Նստաշրջանին մասնակցում էր նաեւ Ադրբեջանը։
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակից ստացված տեղեկությունների համաձայն, հավաքի մասնակիցները հայտարարել են, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պետք է կենտրոնական դեր խաղա հատկապես այն երկրներում, ուր տեւական շրջան անիշխանություն, անկարգություն է եղել։ Մարդու իրավունքներն էլ պետք է ձեւավորեն մի կառույց, որի վրա կզարգանան նոր ժողովրդավար երկրները։ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պետք է առավել կենտրոնանա իր մանդատի վրա, այն է՝ օգնել զարգացող երկրներին,- հայտարարել է Պակիստանի ներկայացուցիչը։- Հակառակ դեպքում ժամանակի մարտահրավերներին՝ ահաբեկչություն, անհավասար եւ անարդար գլոբալիզացիա, կոնֆլիկտների ազդեցություն, անվտանգության խնդիրներ, պատասխանելու անկարողությունը նվազեցնում է կառույցի կարեւորությունը»։
Ադրբեջանն այս ամբիոնն էլ է օգտագործել հակահայկական ելույթի համար։ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Նաջաֆովը հայտարարել է, թե տարածաշրջանի երկրներին խոչընդոտում է «արդեն 16 տարի շարունակվող հայկական ագրեսիան։ Հայաստանից վտարվել է 200 հազար ադրբեջանցի։ Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի 7 այլ շրջաններում իրականացվել են էթնիկական զտումներ։ Արդյունքում՝ բռնի տեղահանվածների թիվը հասնում է մեկ միլիոնի»։ Ադրբեջանի ներկայացուցիչը, մտահոգ լինելով ՀՀ ռազմական պոտենցիալի զարգացմամբ, կարծիք է հայտնել, որ տարածաշրջանը կզարգանա երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հիմքով, տեւական խաղաղության եւ կայունության պայմաններում։
Հայաստանի ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել պատասխանի իրավունքով։ Ըստ նրա, նախորդ ելույթ ունեցողները անտեսեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկական զտումների արդյունքում տեղահանված 400000 հայերին։ «Հարավային Կովկասում խաղաղ կարգավորմանը կնպաստի միայն զգույշ եւ հավասարակշռված մոտեցումը»,- հայտարարել է Մնացականյանը՝ Ադրբեջանին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն եւ բանականություն։
Պատասխանի իրավունքով ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սեյմեր Մարդալիեւը։ «Հայաստանը փորձում է խեղաթյուրել ինքնորոշման սկզբունքը։ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել խնդրի խաղաղ կարգավորումը գտնելու իր պատրաստակամության մասին, բայց մի դյույմ հող անգամ չի զիջի»,- հայտարարել է նա։ Վերջինս Հայաստանին առաջարկել է վերջ տալ «ապատեղեկատվություն տարածելու իր սովորությանը» եւ «ձեռքի հետ» տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանում մարդիկ ձերբակալվել են ոչ թե իրենց քաղաքական հայացքների, այլ հասարակական կարգը խախտելու համար։
Ա. Զ.