Լրահոս
Օրվա լրահոսը

Այս զեկույցը շատ ջուր կվերցնի

Ապրիլ 01,2004 00:00

Այսօրվանից ավելացվելու է ջրի սակագինը: Մինչդեռ օրերս ԱԺ-ն լսեց Վարկերի ու դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որը բազմաթիվ փաստեր էր պարունակում Համայնքային զարգացման ծրագիրն իրականացնող գրասենյակների ուռճացված ծախսերի մասին, որոնք էլ թերեւս պատճառ դարձան սակագնի ավելացման:

«Առավոտը» երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը մտադիր չի՞ վերանայել ջրահամակարգի օպերատորի՝ «Էյ Յութիլիթի»-ի հետ պայմանագիրը: «Ո՛չ»,- պատասխանեց նա՝ նշելով, թե օպերատորն այս տարի առանց այդ էլ ավարտում է աշխատանքը: Եվ անդրադարձավ ժամանակավոր հանձնաժողովին. «Կառավարությունն ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչ զեկույց է ներկայացվելու, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգի՝ կառավարությանը հնարավորություն չի տրվում, որ կարողանա դիրքորոշում արտահայտել իրեն վերաբերող հարցերի շուրջ: Այդ զեկույցի դրույթների 90%-ին կառավարությունը համաձայն չէ, եւ առաջիկայում կարտահայտենք մեր մոտեցումները: Կարող եմ ասել, որ առայժմ՝ գոնե առաջին փուլում, հանձնաժողովը չի գտնվել իր բարձրության վրա եւ ուղղակի կառավարության տված թվերի ու նյութերի հիման վրա կայացրել է այլ եզրակացություններ: Իրենք Ջրպետկոմի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանին տվել էին 10 հարց, որոնց հիմնավոր պատասխանել էինք: Իսկ այս 2 օրվա ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որ եթե տրված լինեին կառավարության համապատասխան գերատեսչությանը՝ նույնպես կստանային պատասխան: Ես, իհարկե, մեղադրում եմ ՀՀԿ խմբակցության այն անդամներին, ովքեր հանձնաժողովում էին եւ չեն կարողացել հստակ դիրքորոշում արտահայտել ժամանակին»: Նշենք, որ այս հանձնաժողովի փոխնախագահը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն է, իսկ անդամներից մեկն էլ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանն է: «Հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլում նրանք ավելի ակտիվ կլինեն,- խոստացավ վարչապետը:- Եվ հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ, որ հանձնաժողովների եզրակացությունների քննարկումների ժամանակ նաեւ կառավարությունն իրավունք ունենա իր դիրքորոշումը հայտնել ԱԺ-ում: Թե չէ դուրս է գալիս՝ կառավարության հասցեին ինչ-որ բաներ են ասում, երեւույթների մասին հետեւություններ անում, բայց մենք զրկված ենք նույն ամբիոնից պատասխանելու հնարավորությունից: Խախտված է հավասարության սկզբունքը»:

Անդրանիկ Մարգարյանն արդեն իսկ քննադատեց հանձնաժողովի մի եզրակացությունը. «Ասում են՝ ջրաչափերը դրեցին, վթարներն ավելացան: Այո՛, որովհետեւ 24 ժամ ջուր ունեցանք: Իսկ եթե խողովակները 30 տարի չեն նորոգվել՝ որոշակի վթարներ են լինում, որոնք արագ վերացվում են: Դրանից առաջ 2 ժամ էին ջուր տալիս ու վթարներ չէին լինում: Հիմա մեզ ինչ է ձեռք տալիս՝ վթարներ չլինե՞ն ու 2 ժամ ջուր ունենանք, թե՞ 24 ժամ ջուր ունենանք, եւ վերացնենք վթարները»:

Ի դեպ, վարչապետը հայտնեց, թե Գագիկ Մարտիրոսյանի պաշտոնանկությունը որեւէ կապ չունի այս միջանկյալ հաղորդման հետ:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել