Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՊԱՏԺՎԵՆ ԲՈԼՈ՞ՐԸ

Ապրիլ 01,2004 00:00

ԿՊԱՏԺՎԵՆ ԲՈԼՈ՞ՐԸ

Երեկ «Արդարության» որոշմամբ պատգամավորները կարծես մասնակցեցին
կառավարության հետ հարցուպատասխանին՝ Գյումրիի միջադեպի առնչությամբ հարցադրումներ
ուղղելու համար: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ իրենց
սահմանադրական իրավունքն իրականացնող քաղաքական ուժերն այնտեղ հանդիպեցին
սադրիչների, ոստիկանությունը չապահովեց հասարակական կարգի պահպանման իր դերը
եւ որեւէ մեկը պատիժ չի կրել այս ամենի համար: Արդարադատության նախարար Դավիթ
Հարությունյանն ի պատասխան՝ կառավարության անունից հայտարարեց, թե իրենք
էլ են մտահոգ նման երեւույթներով. «Յուրաքանչյուր անձ, որ թույլ է տվել իրավախախտում՝
խստագույնս կպատժվի, անկախ նրանից, թե նա ով է»: Նաեւ ուշադրություն հրավիրեց,
թե քանի որ խուզարկություններ են իրականացվում, ուրեմն՝ «հարուցված է քրեական
գործ»:
Նույն միջադեպին անդրադարձավ եւ Արշակ Սադոյանը՝ հետաքրքրվելով, թե Գյումրիի ոստիկանապետը պատասխանատվություն կրելո՞ւ է մասնավորապես նրա համար, որ քաղաքացիական հագուստով ոստիկանության սպան ձու էր շպրտում պատգամավորի վրա, վերջինս հեռացվելո՞ւ է համակարգից, թե՞ գործեր են հարուցվելու միայն նրանց դեմ, ովքեր հակադարձել են այդ ամենին: Ի պատասխան՝ արդարադատության նախարարը դարձյալ շեշտեց. «Պատասխանատվության կենթարկվեն բոլո՛ր մեղավորները: Եթե պարզվեց, որ կա ոստիկանության ղեկավարների մեղքի բաժինը՝ նրանք եւս կենթարկվեն պատասխանատվության»:

Նշենք, որ առայժմ խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվում միայն ընդդիմադիրների շրջանում: Իսկ անկարգության հրահրիչների՝ ձու նետողների եւ այլոց առնչությամբ միայն պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում, թե «ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում նրանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Ուստի եւ իրավացի էր Արշակ Սադոյանը, երբ Դավիթ Հարությունյանի հավաստիացումները համեմատեց «գեղեցիկ հայտարարությունների» հետ:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել