Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՄԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ

Ապրիլ 01,2004 00:00

Ներքաղաքական
լարվածությունն ու սպասվող զարգացումները երեկ վարչապետին ուղղված հարցերի
առանցքն էին
Նախ հարցուպատասխանի ընթացքում «Արդարություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանը խնդրեց մեկնաբանել այն տեղեկությունը, թե «տարբեր մարդիկ վարձկաններ են հավաքագրում 36 հազար դրամ աշխատավարձով: Պաշտպանության նախարարությունը հերքում է, թե իրենք նման հավաք են կազմակերպել»: Հերքեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. «Կառավարությունը՝ ի դեմս իր նախարարությունների եւ գերատեսչությունների, երբե՛ք վարձկաններ չի հավաքում. դրա անհրաժեշտությունը չկա: Կառավարությունն ունի համապատասխան մարմիններ՝ մեր ներքին անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, եւ բանակ՝ արտաքին անվտանգությունն ապահովելու համար: Այս շրջանակներից դուրս՝ կառավարությունը չունի այլ ջոկատներ»: ՍԻՄ-ի նախագահը նաեւ նշեց, թե ապօրինի խուզարկություններ են անցկացվում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հարազատների տներում. «Եվ անուշադրության է մատնվում այն հայտարարությունը, թե ՀՅԴ-ն իր մարտական ջոկատները չի օգտագործի ներքին խնդիրներ լուծելու համար: Ենթադրվում է, որ կան այդպիսիք»: Հետաքրքրվեց, թե ստուգումներ անցկացվո՞ւմ են՝ պարզելու արդյոք կա՞ն նման ջոկատներ: «Հարկավոր չէ բառացի հասկանալ այդ հայտարարությունը, թե Դաշնակցությունը ջոկատներ ունի»,- նախ պատասխանեց վարչապետը: Բայց հետո այնպիսի մի տեքստ ասաց, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ճիշտ է՝ ժպտալով, բայց տարածեց ձեռքերը: «Եթե այդպիսի ջոկատներ լինեին՝ մեր Արդարադատության նախարարությունը կուսակցության գրանցումը կճանաչեր անվավեր: Եվ եթե կան ու գործողություններ կկատարեն, ապա գործող օրենքներին համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ոչ միայն այդ կուսակցության, այլեւ ցանկացածի՛ նկատմամբ»:

Հրանտ Խաչատրյանը սակայն նկատեց, որ «երկրում շա՜տ համառ տեսակետ կա, թե հատկապես ուժային կառույցները կառավարությանն այդքան չեն ենթարկվում»: Առաջարկին՝ հաստատել, թե կարող է վերահսկել ուժայիններին՝ վարչապետն արձագանքեց այսպես. «ՊՆ-ն եւ ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը ենթարկվում են կառավարությանը: Դեռ մեր երկրում ձեր շնորհիվ չի ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ առանձին նախարարություններ չենթարկվեն կառավարությանը եւ լինի անիշխանություն»:

«Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանն էլ հայտնեց, թե տեղեկություններ ունեն, որ ապրիլի 5-ին իրենց հանրահավաքի ժամանակ պատրաստվում են կազմակերպել սադրանքներ ու զանգվածային անկարգություններ եւ որոշակի ուժային կառույցներում այդ նպատակով ստեղծվում են խմբեր: «Պետությունն ինքն է շահագրգռված, որ չլինեն սադրանքներ: Եվ կառավարությունը չէ, որ պետք է սադրանքներ ստեղծի կամ հրահրի,- ի պատասխան ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:- Ոչ մի նախարարությունում կամ գերատեսչությունում ջոկատ չի ստեղծվում եւ այդ մասին պնդումները հենց ամենամեծ սադրանքն են»:

Լրագրողներին Անդրանիկ Մարգարյանը վստահություն հայտնեց, թե չի աճում ներքաղաքական լարվածությունը. «Եթե ԱԺ-ից դուրս գանք, անցնենք փողոցներով կամ գնանք գյուղերով՝ կտեսնենք, որ այն, ինչ ներկայացվում է այստեղ՝ այդպես չէ: Եթե թերթերը չկարդաս՝ չես իմանա, որ ինչ-որ մարդիկ մեծացնում են լարվածությունը (դե, բնականաբար, այդ մասին անհնար է տեղեկանալ ամբողջապես իշխանության վերահսկողության ներքո գտնվող հեռուստաալիքներից.- Ա. Ի.): Գտնում եմ, որ որոշակի լարվածություն կա, բայց ոչ այն չափի, թե վտանգ է սպառնում սահմանադրական կարգին: Եվ եթե որեւէ կուսակցություն կամ անհատ փորձի կոչեր անել կամ գործողություններ կատարել երկրի կայունությունը խախտելու համար՝ բնականաբար, կպատժվի օրենքի սահմաններում»: Նաեւ ասաց, թե կոալիցիան ցանկանում է երկխոսություն սկսել ընդդիմության հետ. «Իսկ նրանք, ցավոք, մեկ հարց են դնում՝ իշխանափոխություն կլինի, հետո՝ երկխոսություն: Մենք ասում ենք՝ իշխանափոխությունը չենք ընդունում, պատրաստ ենք ձեզ հետ քննարկել այն հարցերը, որոնք ցանկանում եք: Իհարկե, մենք նրանց հետ երկխոսություն չենք ծավալի իշխանափոխության ժամկետների եւ ձեւերի մասին»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե գուցե այդ երկխոսության նյութը կարող է լինել այն, որ ՀՀԿ-ն մի երկու նախարարական պորտֆե՞լ զիջի ընդդիմությանը: «Ես կուզենայի այդ հարցը լսել ընդդիմությունից»,- պատրաստակամություն հայտնեց վարչապետը:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ այն, որ Հայաստանի մի շարք բնակավայրերում ընդդիմության հանրահավաքների դեմ անակնկալ սկսեցին գործադրվել միեւնույն միջոցները՝ ձվեր նետվեցին եւ այլն, չի՞ բերում այն համոզման, թե դրանք կազմակերպված էին իշխանական մի կենտրոնից: Անդրանիկ Մարգարյանն ի պատասխան ասաց. «Ի՞նչ եք կարծում, Վրաստանում կատարվածը եւ այն, ինչ այստեղ է կատարվում՝ կազմակերպվա՞ծ է, թե՞ ոչ: Ուղղակի հեռուստատեսությամբ, մամուլով խոսվում է որոշակի երեւույթների մասին, մենք էլ շատ արագ սովորող ժողովուրդ ենք, արագ կրկնօրինակում ենք գործողությունները»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել