Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարի ձգձգվող պատմություն

Մարտ 31,2004 00:00

15 տարի ձգձգվող պատմություն Ապրիլի 4-ին լրանում է արվեստի վաստակավոր գործիչ, պարարվեստի երախտավոր Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 105-ամյակը։ Սկսած 1989 թվականից մինչ այսօր, հայ մտավորականներն ու պարարվեստի գործիչները տարբեր ատյաններում բարձրացրել են Վ. Արիստակեսյանի հիշատակի հավերժացման գաղափարը՝ իր իսկ կողմից հիմնադրած Երեւանի պարարվեստի ուսումնարանը նրա անունով կոչելու հարցը։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ ուսումնարանի անվանակոչության խնդրով հետեւողական է նշանավոր պարաստեղծի ու պարուսույցի թոռնուհին՝ Կարինե Արիստակեսյանը։ Այս հարցով նա մարտի 1-ին նամակով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ մշակույթի նախարարին՝ մանրամասն տեղեկացնելով հայ պարարվեստի երախտավորի գործունեությանը։ Թոռնուհին զարմացած է, թե պարարվեստի ուսումնարանի անվանակոչության հարցը ինչու է ձգձգվում այսքան տարի։ Իր խոսքերով. «Մահից հետո պապիկիս հիշատակը մոռացության չի մատնվել։ Լույս է տեսել «Վահրամ Արիստակեսյան» գիրքը, Պարարվեստի միության նախագահի՝ Կարեն Գեւորգյանի նախաձեռնությամբ նկարահանվել է ֆիլմ, իսկ «Հայկական սովետական հանրագիտարանի» 2-րդ եւ 9-րդ հատորներում տեղ են գտել տվյալներ պարարվեստի հիմնադրի կյանքի ու գործունեության մասին»։ Պարզեցինք, որ պարարվեստի ուսումնարանի կոլեկտիվը վերջերս նամակ է հղել մշակույթի նախարարություն, որում իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ուսումնարանը Վ. Արիստակեսյանի անունով կոչելու վերաբերյալ։ Սա այն դեպքում, երբ մեր ժամանակների հայ անվանի արվեստագետներ Վ. Խանամիրյանը, Ֆ. Ելանյանը, Բ. Գեւորգյանը, Ս. Գյանջումյանը, Ս. Կապուտիկյանը, Էդ. Միրզոյանը եւ այլք, պարբերաբար պահանջում են ուսումնարանը պարարվեստի հիմնադրի ու նվիրյալի անունով կոչել։ Կապվեցինք Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն Նորայր Մեհրաբյանի հետ։ Ի դեպ, նրա ստորագրությունը կոլեկտիվի անունից մշակույթի նախարարին ուղարկված նամակում չկար։ Պրն Մեհրաբյանը հաստատեց լուրը, նշելով, որ ինքը թեեւ երկու օր է, ինչ նշանակված է այդ պաշտոնում, սակայն կիսում է կոլեկտիվի կարծիքը։ Վ. Արիստակեսյանի թոռնուհին օրերս պատրաստվում է ընդունելության մշակույթի փոխնախարար Կ. Խոդիկյանի մոտ։ «Առավոտի» հետաքրքրությանը, թե ինչո՞ւ է հատկապես ուզում հանդիպել տիկին Խոդիկյանին, Կ. Արիստակեսյանն ասաց. «Տիկին Խոդիկյանը արվեստի ու գրականության մարդ է ու հարցը նրան երկար-բարակ բացատրելու ու ներկայացնելու հարկ չի լինի։ Նրանից ակնկալում եմ 15 տարի ձգձգվող այս հարցի վերջնական ու դրական լուծում»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031