«ԿԳԱ ՁՎԵՐԸ ՋԱՐԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ» Գյումրիից մինչեւ իշխանափոխություն քանի՞ քայլ է «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Ալբերտ Բազեյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Գրիգոր Հարությունյանը երեկ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ որոշ նոր մանրամասներ պատմեցին կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած «Արդարություն»-ժողովուրդ հանդիպման մասին։ Վիկտոր Դալլաքյանը հերքեց մեր թերթում տպագրված Շիրակի մարզի դատախազի տեղեկությունն այն մասին, որ իբր ձերբակալվել են նաեւ Ստեփան Դեմիրճյանի վարորդը կամ թիկնապահը։ Ասուլիսից կներկայացնենք Գյումրիում կատարվածի այն դրվագներն ու մեկնաբանությունները, որոնց երեկ մենք չենք անդրադարձել։ Գրիգոր Հարությունյանը նկատեց, որ թեպետ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ պրն Շահնազարյանը գրավոր հրաժարվել էր հանդիպման ընթացքում պահպանել հասարակական կարգը «աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով», այնուամենայնիվ, տարածքային ոստիկանության առջեւ մոտ 300 համազգեստավոր ոստիկաններ էին հայտնվել, իսկ բազմաթիվ ոստիկաններ հանդիպմանը մասնակցում էին քաղաքացիական հագուստով եւ իրենք էին ձվեր եւ պայթուցիկներ բաժանում։ Ալբերտ Բազեյանը նույն օրը ձերբակալված իր վարորդի մասով նկատեց. «մենք ունենք տեսագրություն, որտեղ արձանագրված է, որ նա ընդամենը կանգնած է եղել։ Պարզապես ոստիկանները հետեւել են նրան, նկատել են, որ իմ մեքենան էր վարում։ Ու երբ վարորդը մի փոքր հեռացավ ինձանից, ոստիկանները նրան քաշքշելով եւ ծեծկռտուքով մտցրին մեքենան ու տարան»։ Բոլոր կալանվածների մասով ասվեց, որ վերջիններիս նկատմամբ իրականացվել է ապօրինի քննչական միջամտություն, առանց դատախազի մասնակցության. «մենք չենք բացառում, որ նրանց վրա կարող են լինել նաեւ լուրջ ֆիզիկական ճնշումներ»։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ Գյումրիի ու տարածաշրջանի ոստիկանության ղեկավարները ամբողջ օրվա ընթացքում խուսափեցին հանդիպել պատգամավորներին եւ պարզաբանում տալ կատարվածի վերաբերյալ։ Ըստ պրն Բազեյանի, կիրակի օրը Գյումրիում էր կենտրոնացել Շիրակի մարզի ամբողջ ոստիկանությունը՝ գլխավոր ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանի գլխավորությամբ։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն ասաց նաեւ, որ ոստիկանության աշխատակիցները Գյումրիում կատարվածի մեղքը փորձում էին բարդել կոալիցիոն ուժերի վրա, ասելով, թե ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ն են մասնակցել ապօրինություններին. «նաեւ երեք «Կամազ» մեքենաներ էին բերվել, որոնք պետք է շչակներով խանգարեին հանրահավաքի ընթացքը»։ Ձվերին վերաբերող մի հարցի պատասխանելով, Ալբերտ Բազեյանը նախ խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Ռոբերտ Քոչարյանին, հիշեցնելով վերջինիս կողմից ժամանակին արված հայտարարությունը՝ վատ պարողին խանգարող հանգամանքների մասին, ապա լրացրեց. «եկել է ձվերը նետելու ժամանակը, կգա նաեւ ձվերը ջարդելու ժամանակը»։ Գրիգոր Հարությունյանը զարմանք հայտնեց, որ մինչեւ այժմ ծառայողական քննություն չի անցկացվել, թե ինչո՞ւ են ոստիկանները Գյումրիում դիմել ապօրինի քայլերի եւ ինչո՞ւ են մարդկանց մեջ հայտնվել քաղաքացիական հագուստով։ Ըստ Գրիգոր Հարությունյանի, նման բաներ մեր երկրում կատարվում են, որովհետեւ «պետական ամբողջ համակարգը հիվանդ է եւ ընդդիմության քայլերն ուղղված են այդ հիվանդությունը բուժելուն»։ Ընդունենք իշխանափոխությունն արդեն տեղի է ունեցել՝ ունի՞ ստվերային կաբինետ։ Այս հարցին ի պատասխան Ալբերտ Բազեյանն ասաց, որ այդ հարցերը չեն քննարկվել. «մենք առուն չթռած չենք բոբկանում, որեւէ նման քննարկում չի եղել»։ Կոալիցիոն քաղաքական ուժերի հետ բանակցելու մասին հարցին ի պատասխան Ալբերտ Բազեյանը հայտարարեց. «մենք որեւէ խնդիր չունենք Հայաստանի քաղաքական ուժերի հետ բանակցելու առումով։ Մենք խնդիր ունենք բանակցելու իշխանությունը բռնազավթած անձանց հետ (Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի մասին է խոսքս) միայն մեկ հարցում՝ ինչպիսի՞ պայմանով է հեռանում Ռ. Քոչարյանը։ Եկել է նրա հեռանալու ժամանակը։ Պայքարելո՞ւ է, կրակելու հրամա՞ն է տալու, թե՞ անցնցում հեռանալու է։ Սա է լինելու բանակցելու պայմանը այդ երկուսի հետ։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա քաղաքական ուժերը դեռեւս շատ անելիքներ ունեն։ Այսօր մենք հակադիր ճամբարներում ենք, բայց չի բացառվում, որ վաղը, մյուս օրը մենք կարողանանք համագործակցության լուրջ եզրեր գտնել հայաստանյան քաղաքական ուժերի հետ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ