Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԵԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Մարտ 31,2004 00:00

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԵԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Եվ գրանցվեցին՝ քվորումն ապահովելու համար Խորհրդարանի երեկվա աշխատանքային օրվա ընթացքին հետեւելով, կարելի է արձանագրել, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները, որոնք արդեն մոտ երկու ամիս բոյկոտել են խորհրդարանի աշխատանքները, երեկ կոալիցիային փաստի առաջ կանգնեցրին։ Կոալիցիոն քաղաքական ուժերը հրահանգ էին ստացել քվորում չապահովելու միջոցով տապալել ԱԺ երեկվա նիստը, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն չունենա հանդես գալ իշխանափոխության տեղի եւ օրվա մասին հայտարարությամբ։ Սակայն կոալիցիայի բոյկոտը տապալվեց, քանի որ ընդդիմությունն անսպասելիորեն գրանցվեց։ Ըստ ԱԺ կանոնակարգի, երեկ մինչեւ ժամը 13-ը ապահովված քվորումի դեպքում նիստը պետք է սկսվեր։ Լրագրողները հատ-հատ հաշվում էին դահլիճ մտնող եւ գրանցվող պատգամավորներին։ Ժամը 12-13-ի սահմաններում իրար ետեւից գրանցվում էին «ԱՄ»-ի եւ «Արդարության» պատգամավորները։ Երբ արդեն պարզ էր, որ քվորումն ապահովված է, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը ինքնագոհ նկատեց. «Այ այսպես, կուզենք՝ նիստ կանեն, չենք ուզի՝ նիստ չեն անի»։ 65-րդը գրանցված Ալբերտ Բազեյանը լրագրողներին ասաց, որ բոյկոտը քաղաքական քայլ է, եւ իրենց գրանցումը եւս քաղաքական է։ 66-րդը գրանցվեց «Ժողպատգամավոր» խմբի անդամ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին), որին «Առավոտը» հարցրեց՝ չի՞ անհանգստանում, որ սատանայական թվով գրանցվեց. «Էդ ամենալավ թիվն է։ Էս երկրում պիտի սատանա լինես, որ կարողանաս լավ ապրել։ Սատանա չեղար, չես ապրի»։ 67-րդը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն էր, որը իր հերթին բացատրեց. «Ժողովուրդն ուզեց, որ գանք՝ եկանք։ Ժողովուրդը խնդրել է, որ Քոչարյանին ուղարկենք իրենց տուն, ուղարկում ենք»։ Ժամը 13-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ կատարելով կանոնակարգի պահանջը, սկսեց նիստը. «մենք շատ ուրախ ենք, որ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը» մասնակցում են ԱԺ նիստին»։ Իրականում ընդդիմությունը ընդամենը գրանցվել էր քվորումն ապահովելու համար եւ չէր մասնակցում նիստին։ Այդ պահին միայն Աղասի Արշակյանն էր դահլիճում, որը նկատեց. «Ձեր բոյկոտը խափանեցինք, ստիպեցինք աշխատել»։ Արթուր Բաղդասարյանն իր հերթին. «Եթե կոալիցիան որոշեր բոյկոտել, սամթը կգտներ»։ Ակնհայտ էր, որ «սամթը» դժվար էր եղել գտնել, քանի որ «Ժողպատգամավոր» խումբը գրանցվել էր ամբողջ կազմով, գրանցվել էր եւ ՄԱԿ-ը։ Կոալիցիան, հավանաբար, հենց այս ուժերի վրա էր հույսը դրել եւ առանձնապես գլուխ չէր կոտրել թվաբանության վրա։ Բայց որ ավելի վերեւից կոալիցիայի հետ «բացատրական» զրույց էին ունեցել նիստը տապալելու համար, անվիճելի էր։ «Առավոտը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեց՝ շփոթված չի՞, որ ընդդիմությունը իրենց խաղաքարտերը խառնեց. «ազգովին ուզում էիք բերենք խորհրդարան, բերեցինք, ի՞նչ է եղել։ Դիտավորյալ ոչինչ չեմ արել, բոյկոտ էլ չեմ արել, ի՞նչ է եղել։ Ստացվեց այնպես, ինչպես եղավ։ Բայց արդյունքները դրական եմ համարում»։ Հայտարարությունների ժամին կինոն ավելի հետաքրքիր դարձավ։ Չտեսնված-չլսված թվով պատգամավորներ գրանցվեցին հայտարարությունների համար՝ 41։ Իշխանականները հիմա էլ այդպիսով էին փորձում գլուխ բերել հայտարարությունները տապալելու ծրագիրը։ Ըստ ամենայնի, «պատմական» հայտարարությունը պետք է աներ «ԱՄ» ղեկավար Արտաշես Գեղամյանը, բայց նա էլ չգիտես ինչու արագ գրանցվելու փոխարեն, գրանցվեց 18-րդը։ Ու սկսվեց՝ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորներն իրենց հայտարարությունները կամ չէին անում, կամ էլ՝ շատ կարճ էին խոսում, որպեսզի ժամանակ խնայեն ու հերթը հասնի Գեղամյանին։ Չհասավ։ Ավելի ուշ «ԱՄ» նախագահը մեզ ասաց. «Այսօրվա նիստը փառահեղ սկիզբն էր իշխանափոխության»։ ՍԻՄ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանը նախ հայտարարեց. «Ի՞նչ եք ուզում որ այս երկրում լինի։ Ուզում եք վախեցած ժողովո՞ւրդ, ուզում եք, որ լակոտների դպրոցական պայթուցիկներից, հում ձվերից վախենա՞ ժողովուրդը։ Ուզում եք վախկոտ լիդերնե՞ր, պատգամավորնե՞ր։ Ուզում եք, կստանաք, բայց՝ թույլ չենք տա»։ Հրանտ Խաչատրյանն ասաց, թե մեր հասարակության լուրջ մասը լուրջ չի վերաբերվում նրան, ինչ կատարվում է Հայաստանում։ Շավարշ Քոչարյանն էլ ասաց. «Իշխանության բոլոր վերջին քայլերը արագացնում են հիմնարար խնդրի լուծումը՝ օրինական իշխանության հաստատումը»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը դատապարտեց «այս տիպի հայտարարությունները, որոնք քարկոծում են մեր ընտրազանգվածը»։ Հրայր Կարապետյանը ասաց, թե Հայաստանում արդեն կա օրինական իշխանություն։ Կոալիցիոն բոլոր քաղաքական ուժերը ընդդիմությանը դատապարտող հայտարարություններ էին անում։ Նաեւ կոչ էին անում ընդդիմությանը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջը։ ՕԵԿ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ ընդդիմության քայլերը կխոչընդոտեն տնտեսության զարգացմանը, իսկ ՀՀԿ-ն իր հայտարարությամբ փաստեց. «Գործի է դրվել ամեն մի ծայրահեղ միջոց՝ վիրավորանք, հայհոյանք, վարկաբեկում, սպառնալիք, անգամ արդեն ծեծկռտուք»։ ՀՀԿ-ն կոչ արեց միավորել եւ ոչ թե իրար դեմ հանել հասարակության թեւերը։ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը ասաց. «մտնում ենք մի փուլի մեջ, երբ ընդդիմությունը հայտարարում է իր անհնազանդության մասին»։ Պրն Ռուստամյանը, հավանաբար, մոռացել է իր երբեմնի ընդդիմություն լինելը, քանի որ այսօրվա ընդդիմության պահվածքը գնահատեց որպես «ամեն չափ ու սահման» անցած. «Կարծում եմ, սթափվելու պահն է, որովհետեւ գալիս է մի պահ, որից հետո այլեւս հնարավոր չի ետ կանգնել։ Այդ պահը գնալով մոտեցնում եք եւ այդ մոտեցումը շատ առարկայական է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031