Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ՊՐԵՄԻԵՐԱ

Մարտ 31,2004 00:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ապրիլը պրեմիերաների ամիս է: Մասնավորապես՝ ապրիլի 4-ին եւ 10-ին կկայանա «Գայանե» բալետի պրեմիերան, իսկ 25-ին՝ «Անուշինը»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Գայանեն» կներկայացվի նույն՝ Մինասի դեկորացիաներով, սակայն ներկայացումը լրիվ նոր է: «Կլինեն նոր մարդիկ, նոր խորեոգրաֆիա ու լրիվ նոր բեմադրություն»,- ասաց պրն Գրիգորյանը: Դերերում առաջին անգամ հանդես կգան Մ. Դիվանյանը, Ս. Առուստամյանը (Գայանե), Զ. Հարությունյանը, Լ. Համբարձումյանը (Արմեն), Հ. Հովհաննիսյանը (Գայանեի հայրը) եւ ուրիշներ: Բեմադրող դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բեմադրող բալետմայստերը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Վիլեն Գալստյանը:

«Ափսոս, որ պետությունը ընդամենը 3 մլն դրամով է մասնակցել «Գայանեին», իսկ «Անուշի» համար առայժմ ոչինչ չենք ստացել»,- տեղեկացրեց Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էլ ասաց, որ լինում են իրենց աջակցողներ, սակայն Օպերային թատրոնին նախ անհրաժեշտ է պետական հոգածություն: «Մինչեւ հիմա սրանից-նրանից գումար ենք խնդրել, բայց այդպես երկար շարունակվել չի կարող: Երբեմն պատահում են մարդիկ, որոնք ուզում են լավություն անել, սակայն գաղափար չունեն օպերայի ներքին «խոհանոցի» մասին: Կարծում են՝ այսօր փողը տվեցին, վաղը կարող են ներկայացում դիտել: Չեն հասկանում, որ առնվազն մեկ տարի պետք է պատրաստվել»,- ասաց պրն Գրիգորյանը:

Ըստ տնօրեն Կամո Հովհաննիսյանի, Գ. Գրիգորյանի բեմադրած «Անուշը» անակնկալներ է խոստանում հանդիսատեսին: Այս ներկայացումն էլ կբեմադրվի երիտասարդ կազմի ուժերով: Սարոյի դերերգի համար պատրաստվում են խարկովցի Գարրի Սեթյանը, Սուրեն Մկրտչյանը, Անուշի համար՝ Նունե Բադալյանը, Արմինե Սեյրանյանը եւ ուրիշներ: Ըստ մեր զրուցակիցների, ներկայացումը համարյա պատրաստ է, պակասում է մի քանի շտրիխ՝ այն ավարտին հասցնելու համար:

«Արդեն 6 ամիս է՝ աշխատում եմ մի տենորի (խոսքը Գարրի մասին է – Գ. Հ. ) հետ, որից մեծ սպասելիքներ ունեմ: Ֆրանսիայից էլ գլխավոր դերերգի համար Արա Ավանյանն է ժամանելու, կխաղան նաեւ Սուրեն Մկրտչյանն ու Գեւորգ Հակոբյանը»,- տեղեկացրեց Գ. Գրիգորյանը:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ նոր անունների մասնակցությունը «Անուշում» հների մեջ խանդ չի՞ առաջացնի: Ի պատասխան՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց. «Չի բացառվում: Բայց ներկայացումը նախեւառաջ երիտասաարդների ուժերով է, հետեւաբար նոր շունչ ունի: Հներն այլ կերպ են «Անուշն» ընկալում, երիտասարդներն՝ այլ կերպ»:

Տեղեկացնենք նաեւ, որ թատրոնը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել 3 նոր օպերա. հունիսին՝ Չայկովսկու «Իոլանտան» եւ Ռախմանինովի «Ալեկոն», իսկ աշնանը՝ «Եվգենի Օնեգինը»:

Թատրոնի ղեկավարությունը պատմեց օրերս ԱԺ նախագահի հետ մշակութային օջախների ղեկավարների հանդիպման մասին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ թատերական ոլորտի գործունեությունը կանոնակարգող օրենքի բացակայության, թատերական արվեստը Երեւանից դուրս բերելու, առաջիկայում թատրոնի ու թատերական գործունեության մասին օրենքի նախագիծ մշակելու շուրջ: «Առանց համապատասխան օրենքի ու բավարար ֆինանսական միջոցների՝ որեւէ թատրոն չի կարող գոյատեւել: Թեկուզ Հայաստանի մշակույթի նախարարը Լունաչարսկին լինի: Նույն Եվրոպայում թատերախմբերն ու օրկեստրները նստում են ավտոբուս ու ընդամենը 3 ժամից հայտնվում ցանկացած վայրում, մասնակցում ցանկացած փառատոնի: Այ, եթե պետությունը գոնե կարողանար ճանապարհածախսի հարցում մեզ օգնել»,- ցանկություն հայտնեց Գ. Գրիգորյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել