Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժայինները Քոչարյանին չեն սատարի

Մարտ 31,2004 00:00

Վստահեցնում
է նախկին ուժային Գ. Մարգարյանը
«Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ իշխանությունները չունենալով ադմինիստրատիվ ռեսուրս, գնում են ծայրահեղ քայլերի՝ վտանգելով ոչ միայն երկրի իմիջը, այլ սեփական ապահովությունը»,- երեկ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Այդուհանդերձ, պարոն Մարգարյանը խորհուրդ է տալիս իշխանավորներին՝ սթափ մտածել, քանի որ իրենք էլ այս երկրի մարդիկ են եւ պետք է շարունակեն ապրել այս հողի վրա։ «Եթե Քոչարյանը հույսը դնում է ուժայինների վրա, չարաչար սխալվում է։ Ուժայինները չեն գնալու ոտնձգությունների»,- այս վստահությունը մեր զրուցակցին տալիս է հանդիպումները, զրույցները։ Դրանց արդյունքում, ըստ Գ. Մարգարյանի՝ «նրանք էլ դառնացած ու չարացած են այս իշխանությունների ոտնձգություններից, ուստի չեն գնա օրենքներ խախտելու։ Բացի այդ, նաեւ այդ խավի մեծամասնության սոցիալական անապահով վիճակը թույլ չի տա այդ մարդկանց պաշտպանել այսօրվա ռեժիմը»։ Որ կլինեն առանձին կամակատարներ՝ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն նրանց էլ Գ. Մարգարյանը խորհուրդ է տալիս մշտապես հիշել, որ «ոչ մի օրինազանցի անուն չի մոռացվում։ Վաղ թե ուշ բոլորն էլ պատասխան են տալու իրենց արարքների համար»։

Մտավորականների ֆորումի ավագանին վերջին շրջանում ակտիվ հանդիպումների մեջ է ընդդիմադիր եւ իշխանական դաշտը ներկայացնող քաղաքական գործիչների հետ։ Ֆորումի ակտիվիստներից է Գ. Մարգարյանի ղեկավարած կուսակցությունը եւ «Հայրենիք» ժողովրդական ճակատը, որը եւս ներկայացնում է մեր զրուցակիցը։ Ուստի նրանից հետաքրքրվեցինք, թե որոնք են այդ հանդիպումների նպատակը։ Պարզվեց, որ մտավորականները խաղաղության աղավնու դիրքերից են հանդես գալիս. «Իշխանափոխությունն արդեն ժողովրդի հրամայականն է, ապա խնդիր է դրված, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի խաղաղ եղանակով, հասարակության շրջանում բախումներ չլինեն եւ միասնաբար լուծեն երկրի առջեւ ծառացած խնդիրները»։ Ի՞նչ է ձեւավորվել այդ հանդիպումների արդյունքում։ Պարոն Մարգարյանի կարծիքով, իշխանական եւ ընդդիմադիր գործիչների միջեւ կան համագործակցության եզրեր, որոնք կհանգեցնեն խաղաղ իշխանափոխության։ Իսկ թե որոնք են դրանք՝ «նախագահը պետք է հրաժարական տա եւ երկրում պետք է ապահովվեն արդար ընտրություններ։ Այս երկու փուլերում էլ իշխանական եւ ընդդիմադիր ճակատում կա որոշակի չտարբերակվող մոտեցում»,- ասաց պարոն Մարգարյանը։ Դիտարկման՝ «իշխանական գործիչները եւս կողմ են իշխանափոխության» արձագանքը եղավ. «Իհարկե, չինովնիկների մեծ մասը նորմալ մտածող հայ մարդիկ են։ Եթե նրանք ինչ-որ տեղ կամակատար են դարձել, դա դեռ չի նշանակում, որ գործիք կդառնան այս ռեժիմի ձեռքին եւ կնպաստեն բախումներին։ Շատ քչերն են պաշտպանում ներկայիս ռեժիմը, բայց նրանք էլ շուտով կկողմնորոշվեն ու կանցնեն ժողովրդի կողմը եւ թույլ չեն տա, որ երկրում անկայուն մթնոլորտ ստեղծվի»։ Գ. Մարգարյանի նման վստահության գրավականն այն է, որ «բարոմետրը ժողովուրդն է»։

Ի դեպ, Գ. Մարգարյանին վրդովեցնում է, որ իշխանությունները «այն մեկ-երկու տասնյակ մտավորականներին, ովքեր օգտվում են իրենց կերակրամանից», հակադրում են մտավորականության, հասարակության համախմբմանը։ «Իջնել շատ ցածր մակարդակի, անգամ լկտիանալ եւ մտավորականներին «բոմժեր» պիտակը կպցնելը, խոսում է երկրի նախագահի կամ իշխանությունների իմիջի, դաստիարակության, տհասության եւ ինտելեկտի պակասի մասին»,- ասում է Գ. Մարգարյանը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել