Լրահոս
Օրվա լրահոսը

Նավը դուրս կգա՞ կիրճից

Մարտ 31,2004 00:00

Հրազդանի կիրճում գործող սննդի մի շարք օբյեկտներ փակման
վտանգի տակ են
Ինչպես հայտնի է, աղետաբեր ջրհեղեղից հետո կիրճը նախկին տեսքին բերելու համար անհրաժեշտ է 350 մլն դրամ, որը կտրամադրվի կիրճին հարակից 4 համայնքների՝ Աջափնյակի, Դավիթաշենի, Արաբկիրի եւ Կենտրոնի բյուջեներից։ Իսկ քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամից 6 մլն դրամ հատկացվել է տուժած շենգավիթցիներին։ Այժմ քաղաքապետարանում փնտրում են մեղավորներին։ Քաղաքապետ Ե. Զախարյանը քննարկման է դրել կիրճի ապօրինի կառույցների սեփականատերերին պատասխանատվության ենթարկելու եւ պատճառված վնասի դիմաց նրանցից փոխհատուցում «պոկելու» հարցը։ Իսկ քաղաքապետարանի համապատասխան կառույցներին հանձնարարել է դադարեցնել կիրճի շինությունների սեփականատերերի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքները, վերացնել կառույցներում տեղ գտած ապօրինությունները՝ դրանց մասին տեղյակ պահելով իրավապահներին։

Ըստ էության, կիրճում կատարվող ապօրինությունները կանխելուն ուղղված լիարժեք վերահսկողական գործառույթով օժտված է բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժինը։ Տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը մեղավորների շարքում իրենց կառույցը դասեց երրորդ տեղում. «Հիմնական մեղավորները քաղաքապետարանի այն օղակներն են, որոնք հողհատկացման որոշում են պատրաստում՝ առանց նախագիծն էկոլոգիական փորձաքննության ուղարկելու։ Մեղավոր է նաեւ տնտեսվարող սուբյեկտը, որն ամեն գնով շրջանցում է օրենքը՝ այն կատարելու փոխարեն»։ Մ. Քամալյանի ասելով, իրենք ժամանակին իրավապահներին տեղեկացրել են զանազան ապօրինություններ թույլ տված շինությունների մասին, մինչ այդ՝ նաեւ դրանց սեփականատերերին։ «Բայց մեր մեղքն էլ կա, պետք է առավել խստությամբ հետեւեինք գործին։ Չենք հետեւել, դրա համար էլ Երեւանի տարածքային տեսչության պետը նախարարի հրամանով ազատվեց պաշտոնից»,- ասաց զրուցակիցս։

Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտի 5-ից չորս օբյեկտների սեփականատերերին հանձնարարվել է կասեցնել գործունեությունը եւ փաստաթղթերը տանել էկոլոգիական փորձաքննության։ Չորսից մեկը «Սպիտակ լավանդա» ՍՊԸ-ի «Պրինցեսա Մարիաննա» «նավն» է, որի փաստաթղթերն, ըստ գլխավոր տեսուչի, «կարող են փորձաքննությունը չանցնել, որովհետեւ նավը կառուցված է հենց գետի մեջ, ինչն ուղղակի անթույլատրելի է»։ Նավի «կապիտան» Արայիկ Հայրապետյանն ինչ-որ ժամանակ դատարանի օգնությամբ կարողացել է պաշտպանել իր նավի տեղն ու դիրքը։ Իսկ հայցվոր Երեւանի քաղաքապետարանը այդ վճիռը չի բողոքարկել։ Բնականաբար, ձեւական այս պայքարը պետք էր, որ քաղաքապետարանը հետագայում ազատվեր պատասխանատվությունից։ Ի դեպ, «Մարիաննան» միակ կառույցը չէ, որը կարող է չստանալ էկոփորձաքննության դրական եզրակացությունը։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել