Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ ՉՀԱՎԱՔՎԵ՛Լ

Մարտ 31,2004 00:00

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ ՉՀԱՎԱՔՎԵ՛Լ

ԱԺ-ն երեկ ավարտեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր
անցկացնելու կարգի մասին» օրինագծի ներկայացումը: Այն անհնար էր անվանել
քննարկում, քանի որ օրենքի նախագծի առնչությամբ չեղավ եւ ոչ մի ելույթ: Միակ
հերթագրվածը՝ Ռաֆիկ Պետրոսյանը հրաժարվեց խոսքի իրավունքից:
Իսկ հարցուպատասխանի ընթացքում ամենաուշագրավն ընդհարումն էր… ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի միջեւ: Առաջինը հարց ուղղեց արդարադատության նախարարին, թե հնարավո՞ր չէ օրենքում նախատեսել այնպիսի դրույթ, որ «պատմամշակութային անանց արժեքներ պարունակող օբյեկտների» մոտ էլ արգելվեն հանրահավաքները, հիշատակելով, թե Մատենադարանի շրջակա տարածքի ապականումը հարուցում է մտավորականների մտահոգությունը: Իսկ Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց. «Մատենադարանի կողքին անցկացվող ցույցերն ու հանրահավաքները մեզանում դարձել են ավանդական՝ 1988-ից սկսած: Ուստի եւ այն պատճառը, թե, ենթադրենք, տարածքն աղտոտվում է, դեռ հիմք չէ, որ արգելենք այնտեղ անցկացնել հրապարակային միջոցառումներ»: Սակայն Լեւոն Մկրտչյանն առավել խիստ նկատողության արժանացավ կուսակցական ղեկավարից՝ Արմեն Ռուստամյանից, որը նկատեց, թե այս բանավեճը տեղիք կտա ենթադրելու, որ Դաշնակցությունը փորձում է արգելել ընդդիմության հանրահավաքները: Ահա եւ ՀՅԴ խմբակցության ղեկավարը ստիպված էր երեկ մեզ պարզաբանել, որ իր տեսակետը զուտ անձնական էր. «1989-ից եմ ես այդ առաջարկն անում՝ իբրեւ մասնագիտությամբ պատմաբան: Դժվար է, չէ՞, պատկերացնել, որ կարող են ցույցեր արվել, օրինակ, Ակրոպոլիսի տաճարի մոտ: Բայց որպեսզի ընդդիմության բարեկամներն այլ կերպ չընկալեն, կարող ենք օրենքում սա սահմանել իբրեւ անցումային դրույթ, որ կգործադրվի 2-3 տարի հետո եւ Մատենադարանի ու երեւի Էջմիածնի մոտ կարգելվեն հանրահավաքները»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել