Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ապօրինությո՞ւն

Մարտ 30,2004 00:00

Հերթական ապօրինությո՞ւն Հանրապետության 24 շենքի բնակիչների անունից երեկ «Առավոտին» է դիմել նույն շենքի բնակչուհի Թերեզա Տեր-Ավետիքյանը: Պատճառը Հանրապետության 22 հասցեում՝ իրենց շենքին կից, փետրվարի 17-ից սկսված շինարարությունն է: Ապագա կառույցը, ըստ փաստաթղթերի, 7 հարկ է ունենալու, ինչը, բնակիչների պնդմամբ, իրենց կզրկի արեւի լույսից: Բնակիչները նամակներով դիմել են տարբեր ատյաններ՝ խնդրելով արգելել շինարարական աշխատանքների կատարումը եւ պահանջել ստուգել իրենց բնակարանների ինսոլյացիոն ռեժիմը (արեւի լույսի թափանցման հնարավորության): Առայժմ, ըստ տիկին Թերեզայի, իրենց նամակները միայն մի պաշտոնյայից մյուսին են մակագրվում: Ի դեպ, բնակիչների նամակին ի պատասխան, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն ստորաբաժանման ղեկավար Ա. Պետրոսյանը գրավոր տեղեկացրել է, որ Հանրապետության 22 հասցեում գտնվող տարածքում գրանցված են իրանահայ Ռոլանդ Ալբերտի Դանիելյան Թենը, Հենրիկ Սամվելի Խալոյան-Սուրնադը եւ Խուդաբաշյան-Ղալահ-Մամաքսիե Արմեն Յուսոֆը: Իսկ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Հ. Սարգսյանը դեռեւս 2003թ. հունիսի 12-ի գրավոր պատասխանում հավաստիացրել էր, թե «նախագիծը կհամաձայնեցվի գործող քաղաքաշինական նորմատիվներին ու կանոններին»: Նկատենք, որ շինարարությանը «խանգարող» Հանրապետության 24 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1900 թվականին եւ պատմական արժեք է ներկայացնում: Այն պատկանել է Հայաստանի ծանր արդյունաբերության հիմնադիրներ Տեր-Ավետիքյաններին, որոնց հետ խորհրդային կարգերի ընդունումից հետո հաշվեհարդար են տեսել, իսկ ունեցվածքը ազգայնացրել: «Դեռ 90-ականներից մենք ատամներով փորձում էինք պահել հնամյա կառույցը, բայց ապարդյուն: Փաստորեն նույնիսկ պատ քանդեցին ու զուգարանից բացի, ինչ հիմնարկ ասես բացեցին շենքում: Հիմա մի պարսկահայ գնել է տարածքը ու մեզ ուզում է թաղել բետոնի մեջ: Պատը պատուհանիցս ընդամենը 30 սմ այն կողմ է դրվելու ու խլվելու է իմ արեւի լույսը»,- բողոքեց տիկին Թերեզան: Նա տեղեկացրեց, որ բնակարանը վաճառելու բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն չի համաձայնել նույնիսկ մեծ գումարի դեպքում: «Եթե ուրիշներն ուզում են այս տունը գնել օֆիս ու չենջ դարձնելու համար, մեզ այն սկեսրայրիցս՝ արդյունաբերող-գործարանատեր Իսահակ Տեր- Ավետիքյանից մնացած հիշատակ է»,- ասում է Թ. Տեր-Ավետիքյանը: Խնդրի ոչ դրական լուծման դեպքում նա պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել