Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՇԵՂՎԵԼ ԵՆ ՆԺԴԵՀԻՑ

Մարտ 30,2004 00:00

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՇԵՂՎԵԼ ԵՆ ՆԺԴԵՀԻՑ Ժողովրդավարական եւ ազգային արժեքներն իրար չեն հակասում Բուդապեշտում ադրբեջանցի սպայի աննախադեպ ոճիրից հետո մեր որոշ պաշտոնյաներ տեսակետ հայտնեցին, ըստ որի՝ ադրբեջանցիներն ու հայերը «գենետիկորեն անհամատեղելի են», որ «ադրբեջանական ազգը բորենիներ ծնող ազգ է» եւ այլն: Դրանց հակադրվեցին մի քանի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ հորդորելով նման ընդհանրացումներ չկատարել, չանել իրավիճակը սրող անպատասխանատու հայտարարություններ: Դրան հետեւեց այդ նույն գործիչների գնահատականը, թե հ/կ-ների ղեկավարներն առնվազն հակահայկական կամ պրոադրբեջանական քաղաքականություն են տանում: Արդեն իսկ վերոնշյալ հայտարարության տակ ստորագրած Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը պատասխանել է այդ մեղադրանքներին: Դրանց է անդրադառնում նաեւ Քաղաքացիական նախաձեռնության ազատ ամբիոնի ղեկավար Գայանե Մարկոսյանը: – Շատ ցավալի, անմխիթարական է այդ դեպքը, բայց ավելի վտանգավոր միտում է, երբ մենք դա մեկնաբանում ենք որպես հայ եւ ադրբեջանցի ազգերի միջեւ եղած գենետիկական թշնամություն: Ավելին՝ դա կարող է անդրադառնալ 1915 թվականի ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերին, քանի որ եթե մենք փորձում ենք ապացուցել, որ կատարվածը ոչ թե օսմանյան կառավարության քաղաքականության հետեւանք է, այլ ինչ-որ էթնիկական հատկության արդյունք, ապա աշխարհը կարող է ասել՝ «դե եթե դա գենետիկական թշնամություն է, եթե այդ ազգն այդպիսին է, ապա ի~նչ կարող ենք անել»: – Հետեւաբար, Բուդապեշտում պատահածն էլ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությա՞ն հետեւանք է: – Անշուշտ, եւ ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է այն դիրքորոշման վրա, որը հարմար է իշխանություններին: Մեր իշխանություններն էլ այդ ատելությունը եւ ցասումը շահարկելու դիրքորոշում են բռնել, որն իրենց շատ հարմար է: – Ինչո՞վ է հարմար: – Նախ, մի կողմից ուզում են կոնսոլիդացնել իրենց թիմը՝ ադրբեջանցիների նկատմամբ ատելության գաղափարի շուրջ, մյուս կողմից էլ այդ գաղափարը, մտնելով ժողովրդի մեջ, պիտի աշխատի հասարակության անհանդուրժողականությունն իրենց հանդեպ մեղմացնելու եւ այլ ուղղությամբ ուղղելու համար: Այդ նույն տրամաբանությամբ են գործում նաեւ ադրբեջանական իշխանությունները, առավել եւս, որ իրենց պարագայում նման անհանդուրժողականության համար հողն ավելի պարարտ է, որովհետեւ այնտեղ հասարակությունն ավելի պակաս է բեւեռացված: – Տեսակետ կա, որ քանի ղարաբաղյան հակամարտությունը լուծված չի, այդ թշնամանքն ավելի օգուտ կտա, քան ժողովրդավարական մոտեցումները: – Իմ կարծիքով, դա թյուրընկալում է: Գուցե առաջին հայացքից թվում է, թե տոլերանտությունը ժողովրդավարական արժեք է, իսկ այդպիսի կարծր անհանդուրժողականությունն՝ ազգայնական արժեք: Առավել զարմանալի է, որ այդպես են կարծում ազգայնական ներկայացողները: Կարծես չի եղել Գարեգին Նժդեհը, որը հույսի ճավապարհ է բացել ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների համար: Նա եւ խոսքով, եւ գործով ջանում էր ապացուցել, որ թշնամանք չի կարող լինել մեր ժողովուրդների մեջ: Նա ճանապարհ դարձավ այդ երկու ժողովուրդների համար: Այսօր էլ ճանապարհ կարող են դառնալ միայն նման նկարագրի մարդիկ: Եվ ես շնորհակալ եմ Ավետիք Իշխանյանին, որը այդ ուղիով է գնում: – Բայց չէ՞ որ այդ պատկերացումը թուրքերի, ադրբեջանցիների մասին ոչ միայն հայերի մոտ կա, այլեւ մյուս ազգերի, հիշենք հայտնի «այստեղով թուրքն է անցել» արտահայտությունը: Արյունարբուի խարանը կա այդ ազգի վրա: – Այո, այդ խարանը կա: Բայց մի գուցե երեք, չորս կամ ավելի հազար տարի առաջ մենք էլ (ինչպես այս մոլորակի ցանկացած ժողովուրդ) կրել ենք այդ խարանը, կտրել-անցել ենք հսկայական ճանապարհ գազագայինից դեպի մարդկայինը: Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ ամեն մի ազգ օր առաջ քայլ կատարի այդ ճանապարհին: Առավել եւս, երբ դա վերաբերում է մեր հարեւաններին – Ի՞նչ եք կարծում՝ մեր հասարակության ո՞ր մասն է կիսում հանրապետականների եւ դաշնակցականների տեսակետը: – Ես համոզված եմ, որ շատ քիչ են մարդիկ, որ այդպես են մտածում: Վստահ եմ, որ այդպիսիները հատկապես քիչ են հենց դաշնակցականների եւ հանրապետականների մեջ: Որովհետեւ՝ լինելով ազգային նկարագրի, ազգային արժեքների կրողը, նրանք իրավունք չունեն այդպես մտածել: Պարզապես այստեղ մեղավորը քաղաքականությունն է: Այն կեղծը, որը վերջին տարիներին պատել է ողջ մեր կուսակցական դաշտը: Եվ որը ստիպում է մեր գործիչներին ձեւացնել, թե մոռացել են հավերժ Թումանյանի անմահ խոսքերը մեր ազգի էության մասին. «Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել