Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԲԱՇԻՁԵՆ ԸՆՏՐՎԻ՝ ԿՀԵՌԱՆԱՄ»

Մարտ 30,2004 00:00

«ԱԲԱՇԻՁԵՆ ԸՆՏՐՎԻ՝ ԿՀԵՌԱՆԱՄ» Խոստանում է աջարական ընդդիմության ներկայացուցիչը Կիրակի Թբիլիսիի ընտրական տեղամասեր մտնողների ու այդտեղից դուրս եկողների հետ տարվող աշխատանքները քրեական միջոցառումներ էին հիշեցնում: Ընտրական հանձնաժողովի այն անդամը, որը մուտքի մոտ ընտրողների հոսքն էր հսկում, հատուկ սարքով ստուգում էր՝ արդյոք արդեն «դրոշմավորված» չէ՞ քվեարկության եկած ընտրողը: Եթե ընտրողի բութ մատերից որեւէ մեկի եղունգը այդ սարքի լույսի տակ ֆոսֆորային փայլ էր արձակում, ուրեմն նա արդեն կատարել է իր ընտրությունը: Քանի որ քվեաթերթիկը արկղ գցելուց հետո ընտրողն անմիջապես դրոշմավորվում էր: Սակայն Թբիլիսիի թիվ 7 ընտրատեղամասում մեր՝ որոշ ժամանակ սպասելուց հետո, օրինազանց ընտրող այդպես էլ չգտնվեց, այդպիսով դրոշմավորման ստուգումը ցուցադրեցին տեղամասից հեռացողի եղունգներին: Թբիլիսիի կենտրոնում, ինչպես մենք նկատեցինք, եւ ինչպես հետագա հաղորդագրություններից հայտնի դարձավ, կոպիտ խախտումներ չարձանագրվեցին: Ընտրություններին նախորդած ժամանակահատվածում եւ հատկապես այդ օրը պաշտոնական Վրաստանը անհանգստություն էր հայտնում Աջարիայում ընտրությունների անցկացմամբ: Մարտի 28-ին, ժամը 4-ի սահմաններում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Ճիաբերաշվիլին «Առավոտին» ասաց, որ Թբիլիսիի 450 ընտրատեղամասերից միայն երեքում են արձանագրվել որոշ խախտումներ: Պրն Ճիաբերաշվիլին ասաց. «Ամենապրոբլեմահարույց տարածքները Աջարիան եւ մասամբ Հարավային Քարթլին են: Աջարիայում ոչ միայն խախտումներ են արձանագրվում, այլեւ հարձակումներ են եղել հանձնաժողովների անդամների վրա»: ԿԸՀ նախագահն անգամ նշեց ընտրատեղամասերի համարները. 81 եւ 86՝ Կոբուլետիում, 39, 10, 2 եւ 43` Բաթումում: Ինչպես հայտնի է լրատվամիջոցներից, այս տեղեկությունը հետագայում հերքեց ոչ Ճիաբերաշվիլին, այլ8230 Ժվանիային՝ Աջարիայից, ուր մեկնել էր անձամբ վերահսկելու ընտրությունները: Վրաստանի ԿԸՀ նախագահը ընտրությունների օրը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ կոպիտ խախտում է արձանագրվել Թբիլիսիի տեղամասերից մեկում, որտեղ օրվա առաջին կեսին հայտնաբերվել էին վերջնական արդյունքներով, ստորագրված-պատրաստ արձանագրությունները: «Մենք արձագանքեցինք այդ դեպքին. փոխարինեցինք արձանագրությունը նորով: Բայց մենք կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը Աջարիայի վրա»,- կրկնեց պրն Ճիաբերաշվիլին: Կառավարության հենց նման դիրքորոշումը դատապարտեցին «Աջերի եւ արդյունաբերողների» բլոկի անդամները: Կիրակի երեկոյան նրանց ներկայացուցիչները ընտրությունների ԶԼՄ կենտրոնում հայտարարեցին, որ իշխանությունները փորձում էին ուշադրությունը շեղել Աջարիայի վրա, եւ զուգահեռ կեղծել ընտրությունները: Այս հայտարարությունների ժամանակ, երեկոյան 9-ի սահմաններում լեյբորիստները ցույց անցկացրին ԿԸՀ-ի մոտ, որը ԶԼՄ կենտրոնից մի քանի քայլի վրա է: Աջարիայում, ինչպես պատմեցին երեկ այնտեղից ժամանած լրագրողները, ընտրությունները շատ հանգիստ են անցել: Այդ թվում` նաեւ Բաթումում, սակայն «օդի մեջ լարվածություն էր զգացվում»: Մեր գործընկերները պատմում էին, որ քաղաքում ամենուր շրջում էին քաղաքացիական հագուստով զինված մարդիկ, որոնց նույնիսկ երթուղային տաքսիներում կարելի էր հանդիպել: Լրագրողների ասելով, դրանք Աբաշիձեի մարդիկ էին: Իսկ ընտրողները, ըստ նրանց, Աջարիայում շատ ակտիվ էին, նույնիսկ հերթեր էին գոյանում ընտրատեղամասերի առաջ: Ասլան Աբաշիձեին ընդդիմադիր՝ «Մեր Աջարիան» կուսակցության անդամ Մզիա Քիքավան ի պատասխան մեր գործընկերների հարցին, թե ինչու են իրենք ընդդիմադիր, ասել էր. «Հավանաբար մեր տարածքի կառավարումն է մեզ այդպիսին դարձրել: Ես չեմ հասկանում Աբաշիձեին պաշտպանողներին»: Ընտրությունների օրը նա հույս է հայտնել, որ դրանք այն չափով չեն կեղծվի, ինչպես նոյեմբերին է եղել: «Ի՞նչ կանեք, եթե նորից Աբաշիձեն ընտրվի» հարցին Քիքավան ասել է՝ «Անձամբ ես կհեռանամ Աջարիայից, որովհետեւ առնվազն եւս 10 տարի կամ ավելի այստեղ այլեւս լուսավոր բան չի լինի»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել