Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսը՝ նույն կաթսայում

Մարտ 30,2004 00:00

Երկուսը՝ նույն կաթսայում Առեւտրի եւ տնտեսական զարգացման (ԱՏԶ) նախարարությունում հասունանում է ցանկությունը՝ միանձնյա տնօրինելու օգտակար հանածոների պաշարների ճակատագիրը։ Մինչ այժմ ընդերքի արդյունահանումը ԱՏԶ-ն կազմակերպում էր բնապահպանության նախարարության հետ համատեղ։ Այս գերատեսչությունը կազմում է բիզնես-ծրագրեր, տալիս արդյունահանման արտոնագիր, որի հիման վրա բնապահպանության նախարարությունը հանքատիրոջ հետ կնքում է ընդերքօգտագործման պայմանագիր, նշում հանքավայրի շահագործման սահմաններն ու ծավալները։ Սակայն մեզ հասած տեղեկությունները ենթադրել են տալիս, որ երկու գերատեսչությունները միմյանց հետ աշխատում են, մեղմ ասած, ոչ համերաշխ։ Բերենք ընդամենը երկու օրինակ։ 1998 թվականից Մեղրաձորի եւ Սոթքի ոսկու հանքավայրերի սեփականատեր դարձած կանադական «Ֆըրսթ Դայնսթի Մայնզ» ՍՊԸ-ն մինչ օրս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորություններից մեկը՝ տարեկան $1 մլն ներդրում անել երկրաբանական հետազոտությունների համար։ Չնայած դրան, ԱՏԶ նախարարությունը 2002թ. նոր պայմանագիր է կնքում ընկերության հետ՝ նրան վերոհիշյալ ներդրումային պարտավորությունից ազատելով։ Դա նշանակում է, որ հանքավայրից 20 կմ շառավղով տարածքի համար օգտագործման մենաշնորհային իրավունք ունեցող ՍՊԸ-ն ժամանակին կարող է արդյունահանումը սկսել՝ առանց իրազեկելու տարածքում առկա օգտակար հանածոների իրական պաշարի մասին։ Այս մասին ԱՏԶ նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի եւ հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը յուրօրինակ մեկնաբանություն տվեց. «Ի՞նչ ներդրումային պարտավորության մասին է խոսքը, երբ 2002-ից այդ ընկերությունը «Հայոսկի» պետական ձեռնարկությունից գնել է բաժնետոմսերի ողջ փաթեթը։ Ստացվում է՝ ինքն իր հանդեպ պարտավորությո՞ւն ունի»։ Հետո այնուամենայնիվ հիշեց. «Կառավարության հաստատած բիզնես-ծրագրում այդ կետը կա՝ երկու հանքավայրերում էլ 20 կմ շառավղով երկրաբանական հետազոտություններ անել, բայց ես չգիտեմ՝ արե՞լ են, թե՞ ոչ»։ Ներդրումի չափի մասին, ըստ վարչության պետի, ծրագրում ոչինչ չի ֆիքսված, իսկ ներդրումային ժամկետը մինչեւ 2008 թվականն է, որը «պետք է փոփոխվեր»։ Ի դեպ, մեր տեղեկությամբ, հարցը քննվելու է կառավարությունում։ ԱՏԶ նախարարության «Հայլեռտեխհսկողություն» ընկերության լեռնահատկացման ակտերով սահմանագծված տարածքները որոշ տեղերում մի քանի անգամ գերազանցում են բնապահպանների տված ընդերքօգտագործման պայմանագրով սահմանվածը։ Բերենք նման շուրջ 10 հանքավայրերից մեկ օրինակ։ Մարմար արդյունահանող «Ալմաքար» ՍՊԸ-ին լեռնահատկացման ակտով Աղվերանում տրվել է 24750 քմ տարածք՝ պայմանագրային 6600-ի փոխարեն։ Նույն ՍՊԸ-ն Աղվերանում նույն ճանապարհով տիրացել է իրեն հատկացվածից 11,6 անգամ ավելի տարածքի։ Պարոն Աշուղյանը խախտումների նման չափը բացառեց, նշեց նաեւ, որ ամեն տարի էլ արձանագրվում են բազմաթիվ խախտումներ։ Անցյալ տարի 340 նման դեպք է հայտնաբերվել, ինչի հետեւանքով հանքատերերի կեսը զրկվել է լիցենզիայից։ Թե ինչ է պատրաստվում անել բնապահպանության նախարարությունը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ոտնձգությունները կանխելու նպատակով՝ կփորձենք իմանալ առաջիկայում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել