Սադրիչները կհեռացվե՞ն ԱԺ-ն երեկ քննարկեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրինագիծը Նախապես դրա հետ փաթեթով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով պատիժներ էին նախատեսվում ցույցերի անցկացման կարգը խախտելու համար՝ հանվեց շրջանառությունից: Պատճառն, ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ այն էր, որ դեռեւս շարունակվում են ԵԽ փորձագետների հետ քննարկումները: Եվրոպական կառույցների փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել նաեւ ցույցերի անցկացման կարգը սահմանող օրինագծի վերաբերյալ, սակայն այն մեծ օրակարգում հայտնվելուց քիչ անց մտցվեց նաեւ եռօրյա նիստերի օրակարգ: Ո՞րն է նման հապշտապության պատճառը՝ արդյոք ոչ ընդդիմության հանրահավաքային ակտիվացման դեմ միջոցներ ձեռք առնելու ցանկությունը, «Առավոտի» այս հարցին ի պատասխան պրն Հարությունյանն ասաց. «Հապշտապ չենք որոշել՝ սա կառավարության գործունեության ծրագրում նախատեսված քայլ էր»: Նաեւ վստահություն հայտնեց, որ մինչեւ ապրիլի 12-ը՝ ընդդիմության հանրահավաքը, չեն ընդունի այս օրենքը, որ պիտի անցնի 3 ընթերցումներով. «Հնարավոր բան չի: Չի նախատեսվում արհեստական ձեւով արագացնել օրենքի ընդունումը»: Փոխանցեցինք ընդդիմադիրների դիտողությունը, թե այս օրենքով առավել բարդացվել է երթերի մասին իրազեկման մեխանիզմը՝ քանի որ ոչ միայն քաղաքապետին պիտի դիմեն, այլ նաեւ համայնքապետերին: Արդարադատության նախարարն ասաց. «Եթե Երեւանի մասին է խոսքը, հնչած առաջարկն ընդունելի է. այստեղ բավական կլինի քաղաքապետին իրազեկելը: Եթե խոսքը վերաբերի Հայաստանի մյուս մարզերին, որտեղ երթը կարող է անցնել մի քանի համայնքների տարածքով՝ անշուշտ, համայնքապետերը պիտի արտահայտեն իրենց կարծիքը»: Մեկ այլ դիտողություն էր, թե վարչական պատասխանատվություն չի նախատեսվել այն պաշտոնյաների համար, որոնք կխոչընդոտեն հրապարակային միջոցառումներին: «Վաղուց է արդեն, որ քրեական պատասխանատվություն ենք նախատեսել նման դեպքերի համար,- ասաց պրն Հարությունյանը:- Ուղղակի ընդդիմության ներկայացուցիչները հոգ չեն տարել ծանոթանալու «Քրեական օրենսգրքին»: Ընդդիմության այն կանխատեսմանը, թե ոգելից խմիչքներ կամ զենք բաժանելու օրենքում նախատեսվող արգելքը կհանգեցնի նրան, որ Հայաստանում, ուր հանրահավաքների ժամանակ երբեք չեն եղել նման բաներ՝ կլինեն այդպիսի սադրանքներ, արդարադատության նախարարը հակադարձեց. «Սադրանքների դեմ պայքարն այլ է: Օրինագծում նաեւ նախատեսված են նորմեր, որոնք պարտավորեցնում են իրավապահ մարմիններին առավելագույնս միջոցներ ձեռնարկել, որ հրապարակային միջոցառման վայրից դուրս բերվեն այն անձինք, որոնք կատարում են ապօրինի գործողություններ կամ խախտում են հասարակական կարգը: Սկզբունքորեն սա հնարավորություն կտա նաեւ դուրս բերել այն անձանց, ովքեր կփորձեն իրենց սադրիչ գործողություններով խոչընդոտել հրապարակային միջոցառման օրինական եւ բնականոն ընթացքը»: Ամփոփենք. Դավիթ Հարությունյանը ընդունելի համարեց օրենքի հստակեցման ցանկացած առաջարկ: Իսկ ներկա պատգամավորներն օրենքում նախատեսվող այդ հստակեցումները պատկերացնում էին միայն այսպես, որ ցույցերի կազմակերպիչներից նաեւ անձնագրերի պատճենները վերցնեն, իսկ Մատենադարանի տարածքում էլ արգելվեն հավաքները: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ