Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարտ 30,2004 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Իշխանամետ կանայք եւ ձվեր՝ որպես հանրահավաքը ձախողելու միջոց Կիրակի Գյումրիում ընդդիմադիր գործիչների կազմակերպած հերթական հանրահավաքը ոչնչով չտարբերվեց նախորդներից: Ավելին՝ մեկ անգամ եւս ապացուցվեց, որ օրինականություն քարոզող իշխանավորները թիվ առաջին օրինախախտներն են: «Ղարաբաղյան կլանի ողնաշարը ջարդելու» հերթական քարոզով Արդարություն դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ Գյումրի էին եկել «Հանրապետական» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ու ԱԺ մի խումբ պատգամավորներ: Հանրահավաքը ինչպես միշտ ուղեկցվեց իշխանությունների կողմից մշակված ավանդական սցենարով. «բետեէռ» կանանց ճչոցով, ընդդիմադիրների վրա ձվեր շպրտելով, ծեծկռտուքով ու անգամ ոստիկանների կողմից որոշ մարդկանց ձերբակալելով: Ընդդիմադիրների հետ հանդիպումը հետաքրքրել էր գրեթե բոլոր գյումրեցիներին, թե սովորական քաղաքացիներին եւ թե մարզի պաշտոնյաներին, իսկ ամենից շատ ոստիկաններին, որոնք՝ ի դեպ, ծառայողական համազգեստ չէին կրել: Մինչ «Հանրապետական» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հերթական անգամ քննադատում էր «հոգիները սատանաներին ծախած» իշխանավորներին՝ հասցրեցին հոսանքազրկել միկրոֆոնը: Այս ընթացքում մի խումբ կանաք ներխուժեցին թատրոնի բակ՝ բերելով պլակատներ, որտեղ կոչ էր արվում Գեղամյանին «հեռու մնալ իշխանություններից»: Ընդդիմադիրները նույն վայրկյանին տաս կտոր արեցին պլակատներն ու բնականաբար վեճի բռնվեցին վերջիններիս հետ: Սկսվեց մեծ իրարանցում. չորս կողմից արձակվող պայթուցիկները խուճապի մատնեցին մասնակիցներին: Իսկ Քոչարյանի կողմնակիցները թեժ կռվի մեջ մտան ժամանածների հետ՝ հարցնելով, մասնավորապես, թե «Քոչարյանը վա՞տն է, որ էսքան տներ բաժանեց»: Մոտ մեկժամյա ընդհատումից հետո հանրահավաքը այնուամենայնիվ կայացավ, ընդդիմադիրներից յուրաքանչյուրը հասցրեց «լիժա քշողների», «կազինոներում թղթախաղերով զբաղվողների» արարքները մեկ անգամ եւս ժողովրդին ներկայացնել: Հանրահավաքը ձախողելու փորձից հետո թատրոնի բակն էլ զգալիորեն դատարկվեց: Ակնհայտ էր, որ շատերն էին եկել հենց այդ ծրագրով: Ընդդիմադիրները կատարվածը որակեցին որպես իշխանությունների վախկոտության հետեւանք, քննադատեցին Քոչարյանին՝ հույսը «մարմնավաճառների ու թափթփուկների վրա դնելու համար»: Հանրահավաքի ընթացքում ոստիկանները ձերբակալեցին մի խումբ մարդկանց, այդ թվում Ալբերտ Բազեյանի վարորդին: Ի միջիայլոց, Դեմիրճյանի խումբը նախապես խնդրել էր քաղաքի ոստիկանությանը հսկել հանրահավաքը: Սակայն ոստիկանապետը մերժել էր՝ ՝պատճառաբանելով ազատ ոստիկան չունենալը: Այս փաստը արժանացավ Վիկտոր Դալլաքյանի խիստ քննադատությանը: Նրա մեկնաբանմամբ՝ քանի որ գրավոր մերժմամբ խախտվել է ԱԺ կանոնակարգի 9-րդ հոդվածը եւ Սահմանադրության 22 հոդվածը, ուստիեւ պետք է ենթադրել, որ նման քաշքշուկը հենց ոստիկաններն են կազմակերպել: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ, որին հասցրել էին ձվերով ծեծել՝ դատապարտեց իշխանություններին ՝ զատիկի սեղանին դնելու ձու չունենալու պայմաններում ձվեր չխնայելու համար: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի Մեկնաբանում է Ստեփան Դեմիրճյանը Պատասխանելով «Ի՞նչ է տեղի ունեցել Գյումրիում եւ իրո՞ք ձախողվել է հանդիպումը» հարցին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Մեր հանդիպումը գյումրեցիների հետ ոչ թե ձախողվել է, այլ, ընդամենը, ձախողման փորձ է արվել իշխանությունների կողմից, որը տապալվեց։ Բազմահազար գյումրեցիների հետ «Արդարություն» դաշինքի հանդիպումը կայացավ եւ անցավ ջերմ մթնոլորտում։ Այն, ինչ պարտավոր էր անել, բայց չարեց ոստիկանությունը (հասարակական կարգի պահպանումը), իրականացրեց ժողովուրդը։ Հանդիպումը ձախողելու փորձը կանխեցին իրենք՝ հանդիպման եկած գյումրեցիները։ Եղան նաեւ ձերբակալություններ, սակայն, ցավոք, ձերբակալվեցին ոչ թե սադրանքներ հրահրողները, այլ այդ սադրանքները կանխողները։ Մենք մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն»։ Հայտնի է, որ Գյումրիի միջադեպի արդյունքում տուժել են նաեւ ոստիկաններ։ Այս կապակցությամբ պարոն Դեմիրճյանն ասաց. «Եթե տուժել են որոշ ոստիկաններ, ապա այդ պահին ամենեւին էլ պարզ չէր, որ նրանք ոստիկաններ են, որովհետեւ քաղաքացիական հագուստներով էին եւ ոչնչով չէին տարբերվում կարգ խանգարողներից»։ Մեր տպավորությամբ, մինչ Դավիթաշենում տեղի ունեցած հանդիպումը, երբ առաջին անգամ ձուն դարձավ քաղաքական կատեգորիա, ընդդիմության հանդիպումները ժողովրդի հետ փորձ էր արվում խափանել միայն «բացատրական զրույցների» միջոցով։ ՀԺԿ նախագահը նկատեց, որ իրենց հանդիպումները խանգարելու փորձերը ամենեւին էլ նորություն չեն. «Այն, ինչ դուք կոչում եք բացատրական աշխատանք, ներառում է տարբեր մեթոդներ՝ ահաբեկումից մինչեւ մարդկանց կաշառելը։ Ճիշտ է, միշտ էլ խանգարելու փորձեր եղել են, միշտ էլ խոչընդոտներ ստեղծվել են, բայց ճիշտ է նաեւ այն, որ այդ փորձերը միշտ էլ տապալվել են։ Հիմա անցել են բացահայտ կազմակերպված սադրանքների եւ ապավինում են քրեածին տարրերին։ Սա միայն մեկ բան է վկայում՝ վարչակարգը խուճապի մեջ է, իսկ սադրիչ գործողություններ կատարող ոստիկանները արատավորում են ոստիկանի պատիվը։ Բարեբախտաբար, այդպիսիք շատ չեն եւ իրականությունն այն է, որ ոստիկաններն իրենք են կուշտ այս իշխանությունների ապօրինություններից»։ Արդյո՞ք դեպքերի նման զարգացումը կարող է ազդել ընդդիմության գործողությունների վրա եւ կասեցնել իշխանափոխության սկսված գործընթացը. «Սա բացարձակ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ մեր քայլերի վրա։ Հակառակը։ Ես միշտ ասել եմ, որ մենք հետեւողական ենք եւ շարունակելու ենք սկսված գործընթացը՝ հասնելով սահմանադրական կարգի վերականգնմանը»: Ինչո՞վ բացատրել ընդդիմադիր գործիչների լավատեսությունը. «Դա շատ պարզ բացատրություն ունի։ Ժողովուրդը չի ընդունում այս իշխանություններին, եւ մենք դրանում համոզվում ենք ամեն քայլափոխի։ Իսկ վարչախումբը հետզհետե կորցնում է սթափ մտածելու ունակությունը եւ դիմում է ապօրինի գործողությունների ու սադրանքների, այդպիսով արագացնելով իր իսկ վախճանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Մեկնաբանում է Շիրակի մարզի դատախազը Կիրակի ընդդիմության՝ Գյումրիում նախաձեռնած հանարահավաքի ժամանակ (որին, ի դեպ, ոստիկանության տվյալներով, մասնակցել է 600 հոգի) ձերբակալվել է հինգ հոգի, որից չորսը երեւանցիներ են, այդ թվում՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի թիկնապահ Տիգրան Տեր-Մարգարյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի վարորդ Կարեն Մարգարյանը եւ ընդդիմադիրների հետ Գյումրի ժամանած եւս երկու հոգի՝ Համլետ Մկրտչյանն ու Արարատ Պետրոսյանը եւ գյումրեցի Աշոտ Զաքարյանը՝ Շիրակի տարածաշրջանի ռազմական ոստիկանության նախկին պետը, այսօր «Հանրապետություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարը:Երեկ եւ այսօր վերջիններիս դեմ հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին եւ 2-րդ կետերով, համաձայն որոնց, նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ: Այժմ Շիրակի մարզի դատախազի կողմից կատարվում է նախաքննություն: «Առավոտը» հիշյալ փաստը պարզաբանելու խնդրանքով դիմեց Շիրակի մարզի դատախազ Համլետ Հովսեփյանին: Վերջինիս մեկնաբանությամբ, «հանրահավաքը նախեւառաջ արտոնված չի եղել: Ճիշտ է, ընդդիմադիրներն այս խնդրանքով դիմել էին Գյումրիի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը, բայց հիշյալ կառույցները մերժել են՝ նկատի ունենալով հնարավոր քաղաքացիական բախումները»: Դատախազի պարզաբանմամբ, Գյումրիում քիչ չեն այն կուսակցությունները, որոնք դեմ են ընդդիմության հեղափոխական կոչերին: Իսկ բախումները, ըստ նրա, սկսվել են մի խումբ կանանց՝ պլակատներով հանրահավաք ներկայանալուց: Ընդդիմադիրները ոչ միայն խլել են իրենց դեմ ուղղված պլակատները, այլեւ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցրել 4 կանանց: Հ. Հովսեփյանի ներկայացմամբ, հենց այդ պահին անցորդ մարդիկ ահազանգել են ոստիկանություն: Ընդդիմադիրները խփել են նաեւ ոստիկաններին: Նրանցից երեքը ստացել են մարմնական վնասվածքներ: Մեկի վիճակը ծանր է. կոտրվել է քիմքի ոսկորը, եւ հարվածողը եղել է Ստ.Դեմիրճյանի թիկնապահը: Մյուս ոստիկանին հարվածել է Ա.Բազեյանի վարորդը: Մարմնական վնասվածք է ստացել նաեւ 2-րդ կարգի հաշմանդամ մի ազատամարտիկ, որը փորձել է ելույթ ունենալ՝ դատապարտելով ընդդիմադիրների արարքը, եւ, որին վնասել է Ա.Զաքարյանն իր համախոհներով: Ըստ Շիրակի մարզի դատախազի, կարգուկանոն է հաստատվել միայն քրեական հետախուզության աշխատակիցների միջամտությունից հետո: Նրանք թեեւ համազգեստներ չեն կրել, սակայն ցույց տալով իրենց վկայականները պահանջել են դադարեցնել ծեծկռտուքը եւ կարողացել են հիշյալ անձանց տանել ոստիկանություն: Ն. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել