Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԿԱՆԱԼԻ՝ ԽԵԼՈՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարտ 30,2004 00:00

ՀԱՍԿԱՆԱԼԻ՝ ԽԵԼՈՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Իր վերջին ասուլիսում Վազգեն Մանուկյանի արտահայտած դիրքորոշումները, ինչպես եւ կանխատեսում էր, առաջացրին ընդդիմադիրների դժգոհությունը: – Որ Հ1-ը կօգտագործեր իմ ելույթը՝ համատեքստից պոկելով տարբեր նախադասություններ՝ հասկանալի է: Բայց ցավն այն է, որ թերթերն ընթերցելով էլ չտեսա, թե իմ ասածները հասկացվել են: Ռոբերտ Քոչարյանի նախագահ լինել-չլինելու հարցում դիրքորոշումս շատ հստակ է, եւ առաջին անգամ չէ, որ ասում եմ, թե ինքը 2003-ի ընտրություններից հետո նախագահ լինելու ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական իրավունքն էլ կորցրեց ու պետք է հեռանա: Առաջիններից էի, որ ասացի, թե ընտրություններին սպասելն անիմաստ է, ու այժմ պետք է փորձել փոխել: Եվ տեղի ունեցող հանրահավաքները, մտավորականների համաժողովները եւ իշխանության ոչ համարժեք պահվածքն արդեն ցույց են տալիս, թե սկսվել է իշխանափոխության գործընթացը: Ոմանք սպասում էին, թե այն այսպես պիտի լինի՝ պետք է գնալ ու գրավել նախագահի դղյակը: Իմ ասելիքն ասուլիսում նախ եւ առաջ այն էր, որ եթե վճռական ընդդիմության ետեւում չլինի վճռական ժողովուրդ՝ որեւէ բան փոխելն անիմաստ է: Վճռական խմբով իշխանություն վերցնելը կա՛մ անհնարին է, կա՛մ էլ մարդկանց մի փոքր խումբ, իրեն հերոս համարելով՝ իր ձեռքը կվերցնի իշխանությունը: – Վերահաստատո՞ւմ եք ասուլիսում Ձեր ասածը, թե նախագահի նստավայրը գրոհելով հարցեր չեն լուծվում ու նման ձեւով իշխանափոխություն չի լինի: – Չի ներկայացվել շարունակությունը: Նաեւ ասել էի, թե Քոչարյանին փոխելու հարցը պիտի լուծվի ոչ միայն նրա նստավայրի մոտ, այլ ամբողջ Երեւանում պիտի լինեն քաղաքացիական անհնազանդության ցույցեր ու այլ միջոցառումներ, որոնք կթուլացնեն իշխանությանը: Այսինքն՝ ուզում եմ, որ մարդկանց մոտ չլինի մեխանիկական այն պատկերացումը, թե այդ շենքը եթե գրավես՝ կլուծվեն հարցերը: Արդյունքի կբերի միայն երկարատեւ պայքարը: – Մեկնաբանության կարոտ է նաեւ Ձեր այն ենթադրությունը, թե Քոչարյանի հեռանալու դեպքում ընտրությունները չեն լինելու ազատ ու արդար: – Սա երկրորդ կարեւոր հարցն է՝ ի՞նչ է լինելու հետո: Ասվում է, որ Քոչարյանի հրաժարականից հետո տեղի կունենան մաքուր ընտրություններ, որտեղ կընտրվի նոր նախագահ: Ես խիստ կասկածում եմ դրան. Քոչարյանի հեռանալուց հետո ունենք ընդամենը 40 օր ժամանակ, երբ նախագահի պարտականությունները կկատարի Արթուր Բաղդասարյանը կամ մեկ ուրիշը: Հասկանալի է, որ այդ 40 օրվա մեջ չի ձեւավորվելու ազնիվ, վճռական եւ բոլոր լծակներին տիրապետող իշխանություն, որն ապահովի արդար ընտրություններ: Դրանք կանցնեն այն մթնոլորտում, որը սովորական է դարձել ամբողջ ժողովրդի համար: Եվ եթե չլինի որեւէ նախնական պայմանավորվածություն՝ կարծում եմ, այս նույն օրենքով ու ընտրական հանձնաժողովներով հնարավոր չի լինի ազատ-արդար ընտրություններ ապահովելը: Սակայն այդ պայմանավորվածությունները կգործեն այն դեպքում, եթե՝ ոչ թե 40 օրվա, այլ լինեն ավելի երկար ժամանակի համար: Հայաստանում այժմ գաղափարները բացարձակապես դեր չեն խաղում՝ իրար նկատմամբ թույն է, ատելություն եւ կռիվ: Այս վիճակում ձեւավորված իշխանության հետ չէի կապի երկրի հույսերը՝ անկախ նրանից, թե ով կլինի նախագահը: Ուստի առաջարկում եմ, որ ընդդիմության դաշտում լինի համաձայնություն, ունենանք միասնական թեկնածու: Լավ կլինի՝ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեն նաեւ իշխանական կուսակցությունների հետ: Եվ նախագահը, որ պետք է ընտրվի՝ իր վրա վերցնի որոշակի պարտավորություններ 2 տարվա համար: Կարծում եմ, որ առնվազն այդքան ժամանակ է պետք Հայաստանին, որ ուշքի գա ատելությունից, որից հետո բնականոն ընտրություններով կձեւավորվի իշխանություն: – Համարում եք, թե այժմ իշխանափոխության ջանքը բխում է միայն ատելությունի՞ց: – Իշխանությունն այնքան վատն է, որ ժողովուրդը կամաց-կամաց անցել է ատելության: Եվ այնքան է խորացել այն, որ պատճառներն էլ են դարձել երկրորդական ու մեծ նշանակություն չունի այս կամ այն քայլի սկզբունքային քննադատությունը: Այնուամենայնիվ, հասարակության մի մեծ շերտ կա՝ գրագետ, հնարավորությունների տեր մարդիկ, որոնք դժգոհ լինելով ներկա իշխանությունից՝ կուզենային տեսնել, թե ինչ է լինելու հետո՝ փակ աչքերով չեն միանա շարժմանը ու չեն ուզենա ընդամենը վատ մարդուն փոխարինել լավ մարդով: Ուստի ոչ միայն Հայաստանի ապագայի, այլ նաեւ, որ իշխանափոխության գործում հաջողության հասնի ընդդիմությունը՝ այն պիտի կարողանա իր շուրջը համախմբել կարեւոր ու արժեքավոր անհատներին, որոնք կան ե՛ւ ընդդիմությունում, ե՛ւ իշխանությունում, ե՛ւ դրանցից դուրս: …Գիտեմ, որ նման ելույթներս առաջացնում են շատերի տարակուսանքը: Բայց վաղուց ինձ համար որդեգրել եմ բանաձեւ, թե նպատակս հիմարների սիրելին լինելը չէ, այլ խելոքների համար՝ հասկանալի: Եթե հասկանալի է, կարող են վիճել ինձ հետ, այլ ծրագիր ներկայացնել: Դաշինքի նիստերում էլ բազմիցս ասել եմ, թե 2 կարեւոր սկզբունք ունեմ՝ նախ միասնություն, եւ շատ եմ պայքարել, որ Դեմիրճյանն ու Գեղամյանը միավորվեն, առաջարկել եմ, որ հրավիրվեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը: Եվ երկրորդ սկզբունքը՝ հասարակությանը պետք է հեռանկար ցույց տալ՝ ինչ է լինելու հետո, եւ ոչ թե՝ ով է գալու: Զրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել