Երկուսն
էլ քիչ են հանդիպում
Ապրիլի 3-ին, 6-ին եւ 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանան Հայաստանի պետական կամերային նվագախմբի 7-րդ տարեդարձին նվիրված փառատոնի համերգներ: Փառատոնի մենակատարն է Վիկտորիայի համալսարանի պրոֆեսոր, հանրահայտ հոբոյահար Ալեքսանդրա Փոհրան Դոքինսը: Նա իր երկրում հայտնի է իբրեւ փողային գործիքների լավագույն կատարող: Ալեքսանդրան աշխատել է Կանադայի օպերային գործակալությունում, Ազգային բալետի եւ Տորոնտոյի նվագախմբերում, Նովա Սկոտիա սիմֆոնիկում՝ որպես հոբոյահարների կոնցերտմայստեր, նվագել է Տորոնտոյի եւ Վանքուվերի սիմֆոնիկ նվագախմբերում եւ այլուր:
Տիկին Դոքինսը «Առավոտին» պատմեց, որ ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանին առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայում, որտեղ 1993-ին ինքը ճանաչվել է Կիեւի միջազգային փառատոնի լավագույն մենակատար: Այնուհետեւ ծանոթությունն ամրապնդվել է ամուսնու՝ Ռասել Դոքինսի միջոցով, որը ձայնագրության ռեժիսոր է: Վերջինս Կանադայում համագործակցել է կամերային նվագախմբի հետ, երբ հեթական CD-ն էր ձայնագրվում:
«Արամն ինձ միշտ առաջարկել է համերգներով հանդես գալ Հայաստանում, եւ այժմ դա իրականություն է դարձել,- ասաց տիկին Դոքինսը,- այս օրերին ես հասցրել եմ հանդիպել նաեւ այլ հայ երաժիշտների հետ եւ ունեմ դրական տպավորություն. նրանք բոլորն էլ հաճելի ու բարեհամբույր մարդիկ են»:
Ըստ հոբոյահարի, առաջիկա համերգները հրաշալի առիթ կլինեն հայ երաժիշտներին ավելի մոտիկից ծանոթանալու: Իսկ այսօր ՀՊԿՆ-ի նախաձեռնությամբ կանցկացվեն Որակավորման բաց դասընթացներ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների համար:
Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է ծանոթ կանադացի հոբոյահարը Հայաստանին եւ հայ կոմպոզիտորներին: «Հայաստանի մասին համարյա ոչինչ չգիտեմ, միայն այս օրերին Երեւանն եմ հասցրել տեսնել, այն էլ մի քանի խաչմերուկ ընդամենը: Ցավոք, հայ կոմպոզիտորների մասին էլ բավարար ինֆորմացիա չունեմ՝ բացառությամբ Արամ Խաչատրյանի»,- պատասխանեց նա:
ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանից էլ հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է նվագախմբի հոբելյանական փառատոնում կարեւորվելու հենց հոբոյ գործիքը: «Ամեն տարի նվագախմբի վերակազմավորման տարեդարձը նշելիս՝ մենք ծանրանում ենք Հայաստանի երաժշտական կյանքում առկա որեւէ խնդրի վրա: Այս տարի էլ մեր ուշադրությունը սեւեռել ենք հոբոյի վրա, որը գեղեցիկ, բայց քիչ ճանաչված գործիք է: Հոբոյը փողային գործիքների մեջ նույնն է, ինչը տենորը երգիչների մեջ: Ուստի որոշել ենք այն ներկայացնել հայ հանրությանը»,- ասաց պրն Ղարաբեկյանը:
Եվ ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավարը, եւ Ա. Դոքինսը հույս ունեն, որ իրենց համագործակցությունը շարունակական կլինի: Կանադացի երաժիշտը փաստեց, որ հոբոյի համար գրված երկերը սակավաթիվ են, եւ հայաստանյան փառատոնը գուցե առիթ հանդիսանա եւս մեկ անգամ կոմպոզիտորների ուշադրությունը գործիքի վրա հրավիրելու: Համերգներին կկատարվեն Կ. Սերֆի, Բ. Բրիթենի, Մոցարտի, Վիվալդիի՝ հոբոյի եւ կամերային կազմի համար գրված ստեղծագործությունները: «Կներկայացնենք հոբոյը՝ ողջ հմայքով Կամերային նվագախմբի հետ՝ ավելի ինտիմ մթնոլորտում»,- ասաց պրն Ղարաբեկյանը՝ ավելացնելով, որ Ա. Դոքինսի հետ զրուցել են մի քանի հետաքրքիր գաղափարների շուրջ, արդեն նախատեսված է պատվիրել նոր ստեղծագործություններ՝ հոբոյի եւ լարայինների համար:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ