Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց երկրի տեղը չգիտեն

Մարտ 30,2004 00:00

Գուցե մենք ձգտում ենք ամերիկյան անգրագիտությա՞նը

Ըստ ամերիկյան մի ասացվածքի, պատերազմներում միայն մի լավ բան կա՝ նրանք օգնում են ամերիկացիներին՝ զարգացնելու աշխարհագրական գիտելիքները։

Գուցե դա ասված էր ավելի վաղ ժամանակների համար, սակայն հենց վերջերս, ամերիկյան հայտնի ամսագրերից մեկը՝ «Natioanl Geographic Society»-ն իր ուսումնասիրությունների ու հարցումների արդյունքում պարզեց, որ ո՛չ սեպտեմբերի 11-ի դեպքերը, ո՛չ էլ իրաքյան պատերազմը, չավելացրին ամերիկացիների աշխարհագրական իմացությունները: Ստորեւ ներկայացնենք «National Geographic-Roper» կազմակերպության 2002 թ. «Համաշխարհային աշխարհագրական իմացության ուսումնասիրության» արդյունքները: Հարցումն անցկացվել է ԱՄՆ եւ մի շարք այլ երկրների 18-24 տարեկան երիտասարդների շրջանում։ Այսպես՝ հարցման ենթարկված ամերիկացիների միայն 13 տոկոսն է կարողացել քարտեզի վրա գտնել Իրանը կամ Իրաքը: Իսրայելը գտել է միայն 14 տոկոսը, Աֆղանստանը՝ 17 տոկոսը: Երիտասարդ ամերիկացիների 58 տոկոսը չի կարողացել գտնել Ճապոնիան, 65 տոկոսը չի գտել Ֆրանսիան, իսկ 69 տոկոսն էլ չի իմացել Մեծ Բրիտանիայի տեղը։ Սակայն, որ ամենազարմանալին է, նրանց 11 տոկոսը նույնիսկ չի կարողացել քարտեզի վրա մատնանշել ԱՄՆ-ը: Ի զարմանք հարցման կազմակերպիչների, արդյունքները շատ չէին տարբերվում 1988-ին անցկացրած նմանատիպ ուսումնասիրության արդյունքներից։ Եվ դա՝ վերջին 15 տարում տեղեկատվական տեխնոլոգիաներում հեղափոխական զարգացումներից հետո: Ի դեպ, վերջերս հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ Կանզաս քաղաքի «Associated press» գործակալության աշխատակիցներից մեկը ցավով խոստովանեց, որ ամերիկացուն միջազգային լուրերը չեն հետաքրքրում, եւ որքան էլ իրենք փորձում են ապահովել նրանց այդ լուրերով, միեւնույն է, չեն կարող ստիպել նրանց կարդալ կամ լսել դրանք:

«Ամերիկյան կրթությունը թույլ չի տալիս ամերիկացուն՝ հարաբերվել աշխարհի հետ»,- ասել է Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ռոբերտ Պաստորը։- «Եթե երիտասարդությունը չի կարողանում քարտեզի վրա գտնել Արգենտինան, ապա մեր քաղաքացիները դժվար թե հետաքրքրված լինեն Արգենտինայի պրոբլեմներով եւ թե ինչպե՞ս դրանք կանդրադառնան Միացյալ Նահանգների վրա»։

«Natioanl Geographic Society»–ի կարծիքով, Ամերիկայի «աշխարհագրական տգիտության» հիմնական պատճառներն են. վատորակ աշխարհագրական կրթությունը, օտար լեզուների իմացության եւ արտասահմանյան ուղեւորությունների պակասը։ Հարցմանը մասնակցած երիտասարդ ամերիկացիների միայն 21 տոկոսն է վերջին 3 տարվա ընթացքում արտասահման ճանապարհորդել, ի տարբերություն 92 տոկոս շվեդների եւ 31 տոկոս ճապոնացիների:

Եվ պարզվում է, որ երիտասարդ ամերիկացիները ինտերնետն օգտագործում են հիմնականում երաժշտության, չաթերի եւ պոռնոգրաֆիայի համար, մի խոսքով՝ ամեն ինչ, բացի միջազգային նորություններից։

Կա՞ արդյոք հույս։ «Natioanl Geographic» ընկերության Կրթության հիմնադրամի տնօրեն Բարբարա Չաուն կարծում է, որ կա. դպրոցում աշխարհագրության դասընթացներ ընտրած երիտասարդ ամերիկացիների թիվը վերջին 14 տարիների ընթացքում աճել է 25 տոկոսով եւ այդ աշակերտների արդյունքները հարցման ժամանակ նկատելիորեն ավելի բարձր էին մնացածներից։ Սա հուսադրող փաստ է։ «Բայց գուցե ՄԱԿ-ի կրթության հարցերին նվիրված հաջորդ հանրահավաքի ժամանակ պետք է որոշակի գումար հատկացվի երիտասարդ ամերիկացիներին աշխարհագրություն դասավանդելու համար, քանի որ երեւում է՝ պատերազմներն իրենց դերը չեն կատարում»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Ծանոթներիցս մեկը պատմում է, որ մոտ 4 տարի առաջ, երբ
ԱՄՆ կրթության նախարարը պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում, ծանոթանալով
«նախկին խորհրդային» հանրակրթական մակարդակին, ցավով արձանագրել է, որ ԱՄՆ
դպրոցականը ոչնչով չի տարբերվում հեռագրասյունից: Իսկ այժմ մեր հանրակրթությունը,
ըստ նախատեսվող բարեփոխումների, գնում է ոչ այլ ուր, քան Ամերիկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել