Մեր բիզնեսը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքանով է այն կախված իշխանությունից:
Երեկ մոտ 40 հայ օլիգարխներ ընդունեցին նախագահ Քոչարյանին սատարող հայտարարություն, որում մասնավորապես նշված է. «Խորացող ներքաղաքական զարգացումները չպետք է խաթարեն երկրի տնտեսական համակարգը, որն անկախության ձեռքբերումից եւ Արցախյան ազատամարտից ի վեր, դժվարին, բայց հաստատուն ճանապարհ է անցել՝ քայլ առ քայլ մեղմելով երկրում սոցիալ-տնտեսական ծանր կացությունը»:
«Այժմ երկրի կայուն առաջընթացի եւ զարգացման ներկա փուլում, երբ կարծես թե հետեւում են նորանկախ պետության դժվարություններն ու պատերազմի ավերածությունները, եւ հարկ է, որ տնտեսական նվաճումներով ամրագրվեն անկախության եւ հաղթանակի ձեռքբերումները, երկիրը չի կարելի կանգնեցնել առճակատման վտանգի հանդիման: Դժվարությամբ ստեղծված տնտեսական համակարգն այսօր ամենազգայունն է հասարակական ցնցումների նկատմամբ: Երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու վստահությունը թե արտաքին, թե ներքին ներդրողների կողմից, էապես կախված է երկրի կայունությունից եւ հավասարակշռված քաղաքական իրավիճակից: Միայն քաղաքական կայունությունը հնարավորություն կտա իրագործել առաջիկա տնտեսական ծրագրերը: Այն ինչ արվել է ընթացքում՝ գործարանների վերագործարկում, նորերի ստեղծում՝ համոզված ենք, որ հնարավոր է բազմապատկել միայն քաղաքական ներքին կայունության պայմաններում: Առանց տնտեսական կայուն զարգացման վտանգվում է Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը, բացառվում է տարածաշրջանում մեր դերի եւ կշռի հետագա բարձրացումը»,- ասված Է հայտարարության մեջ:
Գործարարները հաստատակամություն են հայտնում՝ այսուհետ եւս անսասան կանգնել պետության եւ ժողովրդի թիկունքին եւ թույլ չտալ երկրում որեւէ ապակայունացնող քայլ, որը կթուլացնի պետության դիրքերը տարածաշրջանում եւ աշխարհում, բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսական եւ քաղաքական բոլոր նվաճումների վրա:
«Մեր խոսքն ուղղում ենք երկրի քաղաքական բոլոր ուժերին, անհրաժեշտ է պահպանել երկրում կարգ ու կանոնը, թույլ չտալ, որպեսզի շահարկումների պատճառով վտանգվի երկրի բնականոն կենսագործունեությունն ու կայունությունը: Կոչ ենք անում ժողովրդին ցուցաբերել հավասարակշռված քաղաքացիական դիրքորոշում, սատար կանգնել պետության սահմանադրական կարգի պահպանմանը»,- նշված Է հայտարարությունում:
Հավաքին ներկա են եղել «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, «Ջերմուկ գրուպ»-ի տնօրեն Աշոտ Արսենյանը, «Եվրոստան ույուտ»-ի տնօրեն Մանվել Բադեյանը, «Հայխնայբանկի» տնօրեն Արզիկ Սուվարյանը, «Վեդի Ալկո»-ի տնօրեն Մանվել Ղազարյանը, «Հայծխախոտ» ընկերության տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը, ինչպես նաեւ Կարեն Կարապետյանը, Բորիս Հովհաննիսյանը, Մանվել Ղարիբյանը, Ալբերտ Երիցյանը, Ստեփան Գիշյանը եւ այլ գործարարներ:
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս առնչությամբ ասել է, թե քաղաքական տարաձայնությունները չպետք է վերածել քաղաքական առճակատման եւ թշնամանքի դաշտ բացել, քանի որ դա վտանգի տակ է դնում նաեւ երկրի տնտեսական ձեռքբերումները:
Նույն աղբյուրի մատուցմամբ, ԱԺ մեկ այլ գործարար պատգամավորի՝ Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանությամբ, իրավիճակն այսօր բացառիկ չէ, «նման իրավիճակներ վերջին 10 տարիների ընթացքում եղել են»: Միաժամանակ, ըստ նրա, հասարակությունը, քաղաքական եւ տնտեսական ուժերը չպետք է թույլ տան, որպեսզի ստեղծվի վերջին տարիների ձեքբերումները վտանգող մթնոլորտ: Իսկ իշխանափոխության հնարավորությունը Խ. Սուքիասյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ իրեն համարում է ոչ թե քաղաքական, այլ տնտեսական գործիչ, որը «քաղաքական համակարգն այդչափ լավ չի պատկերացնում»:
Հայտարարության տակ ստորագրել է նաեւ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը միաժամանակ նշել է, որ իրենց հայտարարությունը ներքաղաքական ապակայունացումը կանխարգելելու նպատակ ունի, քանի որ հակառակ դեպքում այն անիմաստ կլինի:
Սակայն գործարարներին իշխանությունների կողմից թելադրված առաքելությունը սրանով չի ավարտվել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վերջիններիս հրահանգվել է նաեւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանից դուրս չգալ:
Բացի այդ, առանձին եւ Ռ. Քոչարյանի վստահելի մի քանի օլիգարխների թիկնազորին եւս առաջադրանք է իջեցվել մասնակցել ապրիլի 2-ին՝ «Ա1+»-ի, ինչպես նաեւ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքներին՝ իշխանության կողմից պատրաստվող սադրանքներին պրոֆեսիոնալ մակարդակով աջակցելու համար:
Մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում է նաեւ իշխանամետ մտավորականների «օսուժդամսը»:
Ն. Մ.