Մի լծակի պատմություն
Վարդան Օսկանյանն անկեղծորեն տարակուսում է, որ այնպիսի մի փոքր
երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, «իր համար լծակ է դարձնում Թուրքիային» եւ
այդ լծակն օգտագործում է ղարաբաղյան խնդրում հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու
համար:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը հրապարակավ հույս եր հայտնել, որ մինչ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանզի այդպիսով «Ադրբեջանը կզրկվեր ազդեցության լուրջ լծակից»: ՀՀ արտգործնախարարի այս անմեղ տարակուսանքի մեջ, սակայն, փոքրիկ խորամանկություն կա, որի էությունը մոտավորապես հետեւյալն է: Տեղեկանալով Օսկանյանի սարկաստիկ շփոթմունքի մասին, Անկարան, անշուշտ, անմիջապես կվերաիմաստավորի Իլհամ Ալիեւի հայտարարությունը, ամոթից կշիկնի եւ թասիբի ընկնելով՝ թույլ չի տա, որ Ադրբեջանն իր նման հզոր երկրին լծակ դարձնի: Այս ամենից հետո Թուրքիային, բնականաբար, այլ բան չի մնա անել, քան բացել Հայաստանի հետ սահմանը: Իսկ իրականում ինչպե՞ս է վարվել Թուրքիան: Ադրբեջանական Day.az գործակալության հաղորդմամբ, մեկ անգամ եւս անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, Բաքվում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիկոզը հայտարարել է. «թուրք-ադրբեջանական հարաբերություններն ամեն ինչից վեր են, եւ այս հարցում ոչ ոք չպետք է տատանվի»: Չեւիկոզը նաեւ ավելացրել է, թե Թուրքիայի վարչապետի ու արտգործնախարարի կողմից բազմիցս առաջադրվել են այն պայմանները, որոնց կատարումն անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար:
Թվում է, թե Վարդան Օսկանյանի հնարքը հաջողությամբ չի պսակվել: Սակայն ՀՀ արտգործնախարարի տարակուսանքի մեջ մեկ այլ՝ ավելի լավ քողարկված խորամանկություն էլ կա, որն ամբողջությամբ «աշխատում է»: Ըստ այդմ՝ հերթական անգամ տպավորություն է ստեղծվում, թե հայ-թուրքական սահմանը չբացելու միակ մեղավորն ու պատասխանատուն բացառապես թուրքական կողմն է: Մինչդեռ հայտնի է, որ այդ սահմանի բացմանը կտրականապես դեմ է նաեւ ՀՀ կառավարող կոալիցիայի առնվազն դաշնակցական բաղադրիչը՝ իր հայտնի փաստարկներով հանդերձ:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ