Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ

Մարտ 27,2004 00:00

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ Հեշտ տվեցինք երկիրը, հեշտ տվեցինք: Հեշտ տվեցինք երկիրը, առանց դիմադրության: …Պատվախնդրություն չունեցանք: Հայրենիքի պատվախնդրություն: Վախենամ, որ Հայաստանի ադրբեջանցիներն ավելի պատվախնդիր լինեին այս երկրի համար, քան մենք եղանք: …Ամբողջ ազգի համար եւ ինձ համար ահավոր կորուստ է Վանոյի բացակայությունը, Վազգենի մահը, մյուսների աղարտումը, աղավաղումը: Համազգային զորություն էին լինելու տիրական կայսեր գոյությամբ: Այսօրվա ներկաներն էլ աղարտված-աղավաղված են եւ ավելի բացակա՝ քան սպանված Վազգենը, արտաքսված Վանոն: …Քո երկրում արա քո քայլը: Ուրիշի երթին մի խառնվիր-գնա: Սեփական քո երթը ունեցիր: …Այդպես է՝ թերուսների ժամանակ է: Երբեւէ ավելի հաստատ էի այդ մասին խոսում, պլատֆորմ կար, կարող է դաժանորեն խփել՝ տգետ վարժապետներ, պռատ բժիշկներ, տհաս ուսանողներ, կիսատ գոյությունների հանրապետություն է, գավառ, խեղճության հաղթահանդես: Ձգտում չկա: …Գյադայություն կա էս ամեն ինչի մեջ: …Մեծերը ինչու՞ են հեռանում մեծ փլուզումներից առաջ, ինչու՞ են մեզնից երես դարձնում. ի՞նչ է, մեծի նրանց պարտքը չէ՝ մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր՝ որ իրենց ստեղծածն ենք, խուճապային մեր փախուստի գլխին լինել, եւ մեր խուճապը դարձնել կանոնավոր նահանջ ու երթ, թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ՝ առանց մեծերի… Ո՞վ գիտի: Հիմա: Ինքը գիտեր: Ու ոչ միայն դա: Մեր երեկը գիտեր: Էսօրը: Վաղը: Գիտեր: Ոչ թե զգում էր, այլ գիտեր: Ստույգ: Ու էդ նույն ստույգությամբ էլ բնութագրում էր: Իրավարի: Խորքով: Շերտ առ շերտ: Մեր բախտը բերել էր՝ Հրանտ Մաթեւոսյանը Հայաստանում էր ծնվել: Հրանտ Մաթեւոսյանի բախտը չէր բերել՝ Հայաստանում էր ծնվել: Ինչ համաշխարհային մասշտաբի միստիկ ու իրապաշտ էինք ունենալու: Աշխարհով: Ընկնելու էինք մեր ողջ երկրով նրա գրած լեզվի մասնագետը գտնեինք, որ թարգմանեինք իր գրածը, որ կարդայինք, որ… Որովհետեւ ամոթ կլիներ, որ մենք չկարդայինք: Աշխարհը կարդար՝ մենք՝ ո՞չ… Բայց էդ դեպքում էլ ինքը Թումանյան չէր կարդա: Չարենց չէր կարդա: Ու մեզ էլ կարդալ չէր սովորեցնի: …Ինքը ինչի՞ հեռացավ: «Մեծ փլուզումներից առաջ»: Մեծ փլուզումներից հետո: Հենց էդ պահին: Իր «պարտքը չէ՞ր մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր՝ որ իր ստեղծածն ենք»: Ո՞վ գիտի: Թե՞ «մեր չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ՝ առանց մեծերի»: Ո՞վ գիտի: Հիմա: Ինքը գիտեր: Ու ոչ միայն դա:Ինչ ավագ ու տեր էր՝ ինքը: Ինչ ավագ ու տեր էր: …Հրանտի առաջին կյանքն ամենահեշտն է եղել. ինքը գրում էր, մյուսները կարդում՝ հասկանում կամ չէին հասկանում (Աստված իրենց հետ), երկիրն էլ մեծ, հզոր, ինքն էլ ուժեղ, հպարտ… Երկրորդ կյանքն ավելի ծանր էր ու պատասխանատու. էպոխա էր փակվում ու էպոխա էր բացվում, քիչ էր գրում՝ կաթ-կաթ, երկիրն էլ կամաց տեղի էր տալիս. էլ են հզորն ու մեծը չէր, բայց իր խորքը արյունով էր զգացվում, ու մարդիկ էլ առանց կարդալ-ապրելու հիանում ու գնահատում էին… Երրորդ կյանքը հիմա է սկսվում: Իմաստավորելու ժամանակն է գալիս: Այլեւս հանգիստ, անշտապ, առանց իր տիրական ու պուճուրների համար ճնշող իր գոյության՝ կարդալ, մտորել-հասկանալու, հասկանալ-շտկվելու ժամանակը: Էնպես՝ ինչպես ինքն էր Չարենց կարդում: Թումանյան: Հրանտ Մաթեւոսյան: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել