Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՆԻՍԻ ՇՐՋԱՆՈՒՄ 4000 ՀԱՅ Է ԱՊՐՈՒՄ

Մարտ 27,2004 00:00

ԲՈԼՆԻՍԻ ՇՐՋԱՆՈՒՄ 4000 ՀԱՅ Է ԱՊՐՈՒՄ Նրանց, ինչպես նաեւ մնացած վրացահայերի խնդիրները, ներկայացնում է Վրաստանի հայերի միության նախագահ Գենադի Մուրադյանը: Ամենագլխավոր հարցը, Գենադի Մուրադյանի ներկայացմամբ, երկրի պետական լեզվի խնդիրն է: «Այն սովորելու հնարավորություն մեր երեխաներն այսօր չունեն,- ասաց Գ. Մուրադյանը:- Ամեն տարի Վրաստանի բյուջեում 700 հազար լարի է նախատեսվում դրա համար: Սակայն վերջին 5-6 տարիներին երկրի ընդհանուր բյուջեն չի կատարվում եւ սեկվեստրի (կրճատման) ժամանակ հենց այդ գումարն են հանում»: Արդյունքում՝ հայկական դպրոցներում վրացերեն չեն սովորում եւ հայ երեխաները հետագայում չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանում: Քվեմո-Քարթլիի Բոլնիսի շրջանում մոտավորապես 4000 հայ բնակչությանը երեքշաբթի այցելել են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հայ թեկնածուները: Գենադի Մուրադյանը, որը թեկնածու չէ, սակայն ուղեկցում էր խմբին, ասաց, որ հանդիպմանը մեր հայրենակիցները գլխավորապես բողոքում էին ցածր կենսաթոշակից: Այն Վրաստանում 14 լարի է (մոտ $7): Սրա լուծումը պրն Մուրադյանը արդեն տեսնում է. պետության ղեկավարները մի քանի անգամ հայտարարել են, որ ապրիլի մեկից թոշակները բարձրանալու են երեք լարիով, եւ դա վերջին բարձրացումը չի լինի: Բոլնիսի բնակչությունը դժգոհ է նաեւ հողի սեփականաշնորհումից: «Կան մարդիկ, որոնք գյուղում չեն ապրում, բայց մեծ քանակությամբ հող են վերցրել»: Այս պրոբլեմն, ինչպես պարզվում է, ունի ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանցի բնակչությունը: Մասնավորապես, հարեւան Գյուլիբաղ ադրբեջանաբնակ գյուղում բողոքում են, որ 130հա հող սեփականաշնորհվել է Վրաց եկեղեցուն: Իսկ վերջինս դրանք վարձակալությամբ հանձնել է ոչ թե գյուղի բնակիչներին, այլ ոմն թբիլիսցու, որն էլ Գյուլիբաղի հողի վրա աշխատելու է բերում այլ գյուղերի բնակիչների: Իսկ տեղի բնակչությունը աշխատանք չունի: Որպես ամենաբարդ պրոբլեմ պրն Մուրադյանը նշեց այսպես կոչված, «ճանապարհային ֆոնդը»: Նույնիսկ սահմանին ամենամոտ բնակավայրերից մեքենայով Հայաստան գնալու համար անհրաժեշտ է վճարել մոտավորապես 40 դոլարին համարժեք լարի: Այս պատճառով շատերը չեն կարողանում այցելել Նոյեմբերյանում, Կալինինոյում ապրող իրենց հարազատներին, որովհետեւ գումարը նրանց համար շատ մեծ է: «Այս հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ»: 1994-2001 թթ. սահմանամերձ տարածքների բնակիչները այս «ֆոնդը» չէին վճարում : Սակայն մոտավորապես 1,5 տարի առաջ երկու երկրների կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ այս բացառությությունը հանվել է: Մեր զրուցակցի հավաստմամբ, սրանից բողոքում են նաեւ Ջավախքի՝ Նինոծմինդայի եւ Ախալքալակի բնակչությունը: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել