Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հեռախոսը պերճանքի առարկա է

Մարտ 27,2004 00:00

Գյումրիում հեռախոսը պերճանքի առարկա է Շիրակի մարզի մոտ 46 համայնքներ, այդ թվում եւ Գյումրիի գրեթե բոլոր թաղամասերը, զրկված են հեռախոսակապից: Այն, որ «ԱրմենՏելը» 6 տարի շարունակ Շիրակի մարզում ոչ մի աշխատանք չի կատարել, կարող են վկայել բոլոր բնակիչները: Գյումրիի թե հին, թե նորակառույց թաղամասերում հեռախոսը թանկ հաճույք է: Եթե Հայաստանի մյուս տարածաշրջաններում մարդկանց հարստության չափանիշը բնակարանը կամ մեքենան է, Գյումրիում հենց հեռախոսն է: Օրինակ՝ այդպես է Անի թաղամասում: 15 տարի շարունակ նորակառույցի մոտ 20 հազար բնակիչ «սրտատրոփ» սպասում է ավտոմատ հեռախոսակայանի (ATC) կառուցմանը: Մինչեւ վերջերս էլ համոզված էին, որ թաղամասի շուկայի հարեւանությամբ կառուցվող շենքը ATC-ն է: Սակայն ուրախությունը երկար չտեւեց, երբ պարզվեց, որ կառույցն ընդամենը ինչ-որ մեկին պատկանող սպասարկման օբյեկտ է: Նույն պատկերն է Գյումրիի մյուս թաղամասերում: Վարդ-Բաղ թաղամասում հեռախոս ունի ընդամենը 4 ընտանիք: «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերն էլ կարծես պլանից դուրս են: Հեռախոս ունեցողներն էլ այլ պրոբլեմից են դժգոհում. Գյումրիի մի ծայրամասից մյուսը զանգահարելը նույնքան դժվար է, որքան հեռախոս ճարելը: «ԱրմենՏելին» մոտ կանգնած մեր աղբյուրի վկայությամբ, Շիրակի մարզին հեռախոսալարեր ընդհանրապես չեն տրամադրվել, եղածն էլ հին է, քրքրված՝ 40-50 տարվա: Ընդ որում, Գյումրիի թաղամասերում քիչ չեն օրերով հեռախոսակապից զրկվելու դեպքերը: Իսկ բնակիչները, հատկապես շտապօգնության կարիք ունեցող միայնակ ծերերը, հոգնել են թե տեղական կառույցներին եւ թե «ԱրմենՏելին» բողոքներ հղելուց: Նրանցից շատերը վերջերս դիմել էին նաեւ «Առավոտին»: Խմբագրությանը հասցեագրված նամակներից մեկում Շիրակացի փողոցի բնակչուհի Ջուլիետա Մելքոնյանը վստահեցնում է, որ իր ամուսնու մահվան պատճառը հեռախոս չունենալն էր: Գյումրիի փողոցներում նույնիսկ վճարովի կետեր չեն գործում: Շիրակի մյուս համայնքների բնակիչների կարծիքով էլ՝ Գյումրին այս առումով «նախանձելի» վիճակում է: Կան համայնքներ, որտեղ հեռախոսը հին հիշողություն է: Օրինակ, Բենիամինում, Կապսում երկրաշարժից հետո անգամ մի հեռախոս չի մնացել: Իսկ «ԱրմենՏելի» ներկայացուցիչներն ասում են, թե պրոբլեմին անծանոթ են: Հարցը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք «ԱրմենՏելի» Շիրակ մասնաճյուղի տնօրեն Հենրիկ Նալբանդյանին: Նա հրաժարվեց պարզաբանումներից՝ պատճառաբանելով նման իրավասություն չունենալը: «ԱրմենՏելի» լրատվական բաժնից էլ խորհուրդ տվեցին «Առավոտին» հասցեգրված բողոքները հանձնել Հ.Նալբանդյանին, ինչը եւ անում ենք սույն հրապարակմամբ: Ընկերությունում հայտնեցին, թե պրոբլեմը պարզաբանում կստանա Նալբանդյանի հետ քննարկելուց հետո: ԱՆՆԱ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել