Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները խոստացել են «ջարդել»

Մարտ 27,2004 00:00

Ոստիկանները խոստացել են «ջարդել» Ինչ են մտածում քաղաքական գործիչները Ինչպես հայտնի է, Կենտրոն համայնքի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը փաստորեն սպառնացել է բռնություններ կիրառել՝ ապրիլի 2-ին տեղի ունենալիք ի պաշտպանություն «Ա1+»-ի խաղաղ երթի մասնակիցների դեմ։ Հիշեցնենք, որ ուղիղ երկու տարի առաջ նախագահ Քոչարյանի նշանակած հանձնաժողովը զրկել էր «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից։ Ոստիկանը կարծիք էր հայտնել, թե երթն անօրինական է եւ ոստիկանները ամեն կերպ խոչընդոտելու են դրա իրականացմանը։ «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները նման հայտարարություններ անում, երբ պատշաճ ձեւով հայտ է ներկայացվել երթի մասին, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը երեկ պատասխանեց. «Ոչ թե քաղաքային իշխանություններին ընդամենը պետք է տեղյակ պահեին անցկացվելիք երթի մասին, այլ թույլտվություն ստանային, ինչը տվյալ պահին երթի կազմակերպիչները չունեն։ Չունենալով երթի թույլտվություն, նորից հայտարարություն են անում երթի վերաբերյալ, ինչը ապօրինի է։ Իսկ ոստիկանները պարտավոր են կանխել ցանկացած ապօրինություն, սահմանված կարգով ապահովել հասարակական կարգի անվտանգությունը»։ Տեղեկացրել էինք նաեւ, որ երթը նախաձեռնող խումբը մտադիր չէ ենթարկվել ոստիկանների պահանջին եւ երթն, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Երեկ փորձեցինք իշխանական քաղաքական ուժերի կարծիքը իմանալ կատարվածի կապակցությամբ, եւ հատկապես այն քաղաքական գործիչների, ովքեր իշխանության մեջ լինելով ժամանակին դեմ էին եղել «Ա1+»-ի փակմանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ի պատասխան մեր խնդրանքի՝ մեկնաբանել վերոհիշյալ տեղեկատվությունը, նկատեց. «Եթե նման երեւույթներ կան եւ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, իհարկե, բացասական եմ գնահատում։ Սակայն հիմա քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ չեմ բացառում նաեւ, որ այդ լուրը պրովոկացիա լինի։ Այլ բան է, եթե «Ա1+»-ը կամ երթի կազմակերպիչները հանդես գային համապատասխան հայտարարությամբ։ Իսկ ընդհանրապես, նման երեւույթները մենք միշտ էլ բացասական ենք գնահատել եւ այժմ էլ բացասական ենք գնահատում»։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին եւս խնդրեցինք մեկնաբանել Կենտրոնի ոստիկանների վերոհիշյալ պահվածքը։ Պրն Հովհաննիսյանը մասնավորապես նկատեց. «Կարծում եմ, այստեղ բախվում են օրենքը եւ քաղաքացիների ցանկությունը։ Քաղաքացիները պետք է իրենց ցանկությունները տեղափոխեն օրենքի սահմաններ»։ Մեր դիտարկմանը՝ իսկ եթե քաղաքացիներն իրենց ցանկությունները փորձում են իրականացնել հենց օրենքի սահմաններում, պարզապես ոստիկաններն են դիմում ինքնագործունեության, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ոստիկանությունը ինքնագործունեություն իրականացնելու իրավունք չունի։ Նա պիտի միայն հետեւի օրենքի կատարմանը։ Եթե օրենքը դառնում է վեճի առարկա, այսինքն՝ օրենքի դրույթները վիճելի են կամ անհասկանալի, կամ էլ տարբեր կերպ են մեկնաբանվում, ապա այդ խնդիրը լուծելու համար նույնպես նախատեսված ատյան ունենք։ Այդ եռանկյունու մեջ խնդիրը կարող է լուծվել եւ պետք է լուծվի»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ Կենտրոնի ոստիկանապետին վերագրվող այդ հայտարարության վերաբերյալ գնահատականներ ակնկալելուց առաջ, լավ կլիներ, որ լրագրողները դրա իսկությունը ճշտեին նաեւ հենց Հ.Թամամյանի հետ: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կասկած հայտնելով երեկ մեր թերթում տպագրված վերոհիշյալ լուրի կապակցությամբ, հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել