Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԻ՞ ԵՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 27,2004 00:00

ԳԱՂՏՆԻ՞ ԵՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2003-ին սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովն աշխատում էր բաց, նրա գործունեությունը լուսաբանում էին լրատվամիջոցները: Իսկ այժմ անակնկալ պարզվեց, թե գոյություն ունի սահմանադրական բարեփոխումներ նախապատրաստող աշխատանքային խումբ, որում միայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ են, եւ որը պարտավորվել է հաջորդ ամիս փոփոխությունների նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողով: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման գաղտնիությունը՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Որեւէ գաղտնիություն չկա, կարծում եմ, պարզապես կա խառնաշփոթ: Խառնվել է աշխատանքային խմբի (նրա կազմում կարծեմ միայն իրավաբաններ են ու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ.- Ա. Ի) եւ հանձնաժողովի աշխատանքը: Հայտնի է, որ նախորդ անգամ էլ, երբ 2 տարվա ընթացքում գործում էր աշխատանքային խումբը՝ այն հրապարակային չէր գումարում իր նիստերը: Իսկ ԱԺ-ում ներկայացված այն քաղաքական ուժերը, որոնք չեն մերժել սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա աշխատել՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավոր» խմբի պատգամավորներն այժմ աշխատում են միասին հանձնաժողովում»: Հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են աշխատանքները՝ իրոք կհասցնե՞ն սահմանադրական փոփոխությունների նախագիծը հաջորդ ամիս ուղարկել միջազգային փորձաքննության: «Շուրջ 1 ամիս է, ինչ սկսվել են աշխատանքները,- պատասխանեց պրն Թորոսյանը:- Եվ իսկապես կա նպատակ՝ ապրիլին ավարտել աշխատանքները, նախագիծը դնել շրջանառության մեջ ու միաժամանակ այն ուղարկել փորձաքննության Վենետիկի հանձնաժողով: Հուսով եմ, որ կպահպանվեն այդ ժամկետները: Միաժամանակ ասեմ, որ երբ նախագիծը դրվի շրջանառության մեջ եւ նշանակվի գլխադասային հանձնաժողով՝ այդ քննարկումները եւս կլինեն նույնքան հրապարակային, որքան եղել են նախորդ անգամ: Ավելի՛ն՝ կարծում եմ, այս անգամ ե՛ւ ժամանակային, ե՛ւ ընդգրկման առումով շատ ավելի լայն քննարկում կլինի, քան եղել է անցած անգամ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել