Լրահոս
Օրվա լրահոսը

Ա-ՍՈՒԺ-ԴԱ՛ՄՍ

Մարտ 27,2004 00:00

Ա-ՍՈՒԺ-ԴԱ՛ՄՍ Այն, ինչ կարելի էր Դաշնակցությանը, չի կարելի այսօրվա ընդդիմության Իշխանական կոալիցիայի երեկ հրապարակած հայտարարության զգալի մասը նրա նախընտրական խոստումների կրկնությունն է՝ «սոցիալական վիճակի բարելավում», «աղքատության հաղթահարում», «կոռուպցիայի դեմ պայքար»: Միաժամանակ իշխանական կուսակցությունները չեն ժխտել, որ հանրապետությունում գոյություն ունեն բազմաթիվ, իրենց կարծիքով, «առավելապես սոցիալական բնույթի» հիմնախնդիրներ, որոնք լուծելու կամքն ու «հավաքական պատասխանատվության գիտակցումը» կոալիցիան ունի: ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն համարում են, որ «երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու եւ նախընտրական խոստումների կատարման առումով 2004-ը վճռորոշ տարի է»: Կոալիցիան նաեւ հավաստիացնում է, որ իր «ծրագրերի իրականացումն ապահովելու է տեսանելի առաջընթաց յուրաքանչյուր քաղաքացու համար»: Ինչ վերաբերում է հայտարարության բուն առիթին, ընդդիմության ակտիվացմանն ու անսպասելի միավորմանը, ապա՝ իշխանական կոալիցիայի համոզմամբ, «իշխանությունների ձեւավորումը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, այլ՝ ոչ թե ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում: Երկիրը նոր ընտրական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու ցանկացած փորձ կարող է վտանգել բազում մարտահրավերների առջեւ կանգնած մեր պետության անվտանգությունը»: Համաձայն հայտարարության, «երկրի սահմանադրական կարգն ու օրինականությունը խախտելու փորձերը պետք է կանխվեն իրավասու մարմինների վճռական եւ համարժեք հակազդեցությամբ»: Երեկ հայտարարությանը նվիրված ասուլիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ «եթե քաղաքական ուժը, որը գնում է գործընթացի եւ փորձում է իշխանությունը տապալել օրինականության սահմաններում, այդ քաղաքական ուժն ամբողջական պատասխանատվություն է կրում նաեւ օրինականության պահպանման վերահսկողությունը օրինականության սահմաններում իրականացնելու համար. դա լինի ընդդիմություն, թե՝ դիմություն»: «Առավոտը» մասնավորապես ՀՅԴ ներկայացուցչից հետաքրքրվեց. հատկապես 1996-ին, դրանից առաջ եւ դրանից հետո մինչեւ 98-ի իշխանափոխությունը, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ միասին հանրահավաքներ, երթեր էր անցկացնում եւ իշխանափոխության պահանջ էր դնում, նրա բոլո՞ր գործողություններն են եղել բացառապես Սահմանադրության եւ օրինականության շրջանակներում: «Եթե ուշադրություն դարձնեք ՀՀ անկախության շրջանի պատմությանը, մեր հասարակությունը մի քանի անգամ կանգնել է որոշակի ճգնաժամային իրադրությունների առաջ: Ու, եթե մենք կարողացել ենք ոչ միայն հաղթահարել այդ իրավիճակները, այլեւ՝ այդ իրավիճակներից ավելի դրական հաշվեկշռով դուրս գալ, ապա՝ դա բացառապես եղել է հավասարակշռության եւ բոլոր ուժերի կոռեկտ եւ օրինապահ կեցվածքի շնորհիվ: Հակառակ դեպքում, մենք այսօր այս հարթությունում նստած չէինք լինի»: Այսինքն՝ 96-ի ԱԺ գրոհը Սահմանադրության եւ օրինականության շրջանակներո՞ւմ էր: «ՀՅԴ-ն որոշակի դիրքորոշումներ ուներ, ընդդիմության առաջնորդ Վ. Մանուկյանը՝ իրենը: Եթե հիշում եք, այդուհանդերձ որոշակի փուլում, որոշակի խնդիրների լուծումից հետո մնացինք օրինականության սահմաններում»,- իրենն էր պնդում ՀՅԴ գործիչը: Իշխանափոխության ամենաիդեալական եւ ժողովրդավարական ձեւն, անշուշտ, ընտրություններն են: Բայց, ինչպես 96-ին, այսօր էլ ներկա ընդդիմությունն է համոզմունքով պնդում, որ նախագահական ընտրությունները կեղծված են, որ իշխանությունը բռնազավթված է: Ընդդիմությունն արդարությունը վերականգնելու համար պայքարի ուրիշ ի՞նչ ձեւ ունի, քան այն, ինչ առաջարկում է այսօր: «Շատերն են Հայաստանի այսօրվա իրավիճակը համեմատում այլ երկրների հետ: Այստեղ բոլորովին այլ իրավիճակ է. տեղի են ունեցել ընտրություններ՝ նախագահական եւ խորհրդարանական, եւ երկու ընտրությունների քաղաքական հիմքով, ի դեմս կոալիցիայի, ունեն որոշակի ընտրազանգված: Այդ ընտրազանգվածի թիվը, հզորությունը նախագահական ընտրությունների 2-րդ փուլի միտինգում արտահայտվեց: Այնպես որ, եթե փոքրամասնությունը պնդում է ինչ-որ մի հարց, եւ այդ պնդումն իրականացվում է, մեծամասնությունը պարտավոր չի փոքրամասնության կարծիքն ընդունել եւ առաջնորդվել դրանով: Որովհետեւ մենք ունենք մեր ընտրազանգվածը, լուրջ հիմքեր ՀՀ-ում, հայ ժողովրդի մեջ եւ այս ամենը թույլ են տալիս հակառակ պնդումներն անել»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Վերջինս, ի դեպ, ի հաստատումն այն բանի, որ 2003-ի նախագահական ընտրությունները արդար էին կայացել՝ վկայակոչեց ՍԴ համապատասխան որոշման առաջին կետը՝ մոռանալով նաեւ, որ այդ նույն ՍԴ-ն եւ Գագիկ Հարությունյանը 96-ին էլ էին հայտարարել, թե ընտրությունները կայացել են: Բայց այն ժամանակ ընդդիմության մաս կազմող ՀՅԴ-ն՝ ի տարբերություն այսօրվա, հակված չէր հալած յուղի տեղ ընդունել այդ որոշումն ու շարունակում էր պայքարել՝ պահանջելով իշխանափոխություն: Լ.Մկրտչյանն, իհարկե, այդպես էլ չընդունեց, որ ՀՅԴ-ն շարունակում է քաղաքական զարգացումները գնահատել երկակի ստանդարտներով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել