Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրակրթության կրթակարգի «մարտահրավերները»

Մարտ 27,2004 00:00

Ընթերցողները շարունակում են քննարկել ԿԳ նախարարության նախագիծը

Նույնիսկ ոչ մասնագիտական աչքով կարդալու դեպքում բացահայտ է դառնում, որ փաստաթուղթը հագեցված է անհեթեթության հասնող դեկլարատիվությամբ: Հատկապես նրա առաջին՝ «Կրթական քաղաքականություն» բաժինը կրթությանը վերաբերող այս կամ այն «միջազգային» փաստաթղթից, ծրագրից, հայեցակարգից անհաջող թարգմանված եւ նույնքան էլ անհաջող համադրած շարադրանք է։ Եվ բնական է, որ հատկապես «Կրթական քաղաքականության» բաժինն է թարգմանված, «տեղայնացված» կամ «ազգային տարազի» բերած, որովհետեւ վճարողը Համաշխարհային բանկն է եւ, ուրեմն, երաժշտությունն ինքն է պատվիրում։

Իբրեւ նպատակ նշվում է կրթությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը (էջ 36)։ Կա՞ն արդյոք միջազգային չափանիշներ, որո՞նք են դրանք, ո՞ւմ կողմից ընդունված եւ ինչո՞ւ են մեզ պարտադրված, որ պետք է ընդունենք: Չէ՞ որ հենց եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը կրթական բարեփոխումներ անցկացնելու հիմնախնդիրներ ունեն, որոնումների ու փորձարկումների մեջ են։ (Այս մասին հանգամանորեն՝ մեր առաջիկա համարներից մեկում- խմբ.): Ուրեմն ինչո՞ւ հեռանալ մեր ազգային, թեկուզ հենց խորհրդային դպրոցի ավանդույթներից: Դպրոց, որ միշտ մրցունակ է եղել միջազգային կրթական դաշտում։ (Հիշենք թեկուզ ետխորհրդային առաջին տարիներին գիտական մտքի, ինտելեկտուալ ներուժի որսը այդ նույն արեւմտյան երկրների կողմից)։

Կրթակարգի ընդունման անհրաժեշտության առանցքը դիտվում է համաշխարհային աշխատուժի շուկան (էջ 5), այդ շուկայում մրցակցային լինելը։ Այս հիմնավորումն ընդունելի կլիներ, եթե այն բարձրագույն կրթակարգին, մասնագիտական քաղաքականության ռազմավարության մշակմանը վերաբերեր, մինչդեռ հանրակրթության առաջնային դերը բոլորովին այլ է։ Այս «շփոթն» էլ բացատրելի է, որովհետեւ կրթակարգն իր արժեքների համակարգով եւ գաղափարախոսությամբ ուղղված է ոչ թե հայ մարդու ձեւավորմանը, այլ աշխարհի քաղաքացուն՝ «հանդուրժողին, համագործակցողին, մարտահրավերներ ընդունողին…, համաշխարհային տնտեսության էկոլոգիապես անխաթար զարգացմանը» (էջ 6)։

«Չափորոշիչներ» բաժնում հետաքրքիր պարտավորություն է սահմանված դպրոցի տնօրենի համար, վերջինս «պետք է արձագանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական, իրավական եւ մշակութային զարգացման միտումներին եւ դրանց վրա ներազդի» (էջ 26)։

Կրթակարգի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաեւ ուսումնական բեռնվածությամբ, ծրագրերի հրահանգչական բնույթով, 21-րդ դարի պահանջներին անհամապատասխանությամբ։ Բայց չէ՞ որ կրթական ծրագրերն ու հանրակրթությունը այսպիսին դարձան վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ճիշտ այն շրջանում, երբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, 1998թ. սկսած, շուրջ 19 մլն դոլարի կրթական բարեփոխումներ իրականացվեցին, այդ թվում՝ հանրակրթական դպրոցում։ Եվ այդ բարեփոխումներ իրականացնող երկու գրասենյակները՝ Կրթական ծրագրերի կենտրոն եւ Կրթական բարեփոխումների կենտրոն (ներկայումս՝ Կրթության ազգային ինստիտուտ), հեղինակներն են առաջարկվող կրթակարգի նախագծի։

ԼԻԼԻԹ ՔՈՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել